Նոր տարվա գիշերը նախագահի ուղերձը մարդիկ սովորաբար լսում են արդեն մի փոքր գինովցած եւ այդ պահին շատ չեն կենտրոնանում ասվածի վրա, պարզապես սպասում են, թե երբ են բացելու շամպայնի շշերը: Սակայն երբեմն նախագահները այնպիսի բաներ են ասում, որ թեկուզեւ գինովցած, դժվար է չլսել եւ չքննարկել: Նոր տարվա հենց առաջին օրերից իմ շրջապատում քննարկում էին Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ուղերձները, ընդ որում, զուգահեռներ էին անցկացնում քաղաքականության հետ գրեթե կապ չունեցող մարդիկ: Այդ ուղերձներից առաջինը մարդիկ լսել էին իրենց ականջով, իսկ հարեւան երկրի նախագահինը՝ ասեկոսեների մակարդակով: Անգամ այդպես մարդիկ հասկացել էին, որ Ալիեւ-կրտսերը ռազմատենչ բաներ է ասել նաեւ տոնական օրվա գիշերը: Աշխատանքային հենց առաջին օրը փորձեցի զուգահեռ անցկացնել արդեն կոնկրետ տեքստերի վրա։ Այսպիսով, Սերժ Սարգսյանի ուղերձը շատ ավելի խաղաղասիրական էր, թեպետ սրանում եւս բավականին տեղ էր հատկացված հայոց բանակի մարտունակությանը. «Մեր տարածաշրջանում այսօր խաղաղության ու կայունության ավելի մեծ պաշար կա, քան մեկ տարի առաջ: Այդ ապահովության բաղկացուցիչները բազմաթիվ են, եւ դրանցից յուրաքանչյուրի պարագայում Հայաստանն ունի իր կարեւոր ու անփոխարինելի մասը: Բաղկացուցիչներից ամենաառանցքայինը մեզ համար տարեցտարի ամրացող Հայոց բանակն է, որ օրուգիշեր, այդ թվում եւ այս տոնական պահին, պաշտպանում է հայրենիքի անդորրը. բանակ, որի ակունքներում մեր անմահ նահատակներն են, ում շնորհիվ մեր ժողովուրդը վաստակել է հաղթանակած խաղաղությունը»,- ասված է ՀՀ նախագահի Նոր տարվա ուղերձում: Ադրբեջանի նախագահի ուղերձում առյուծի բաժինը հատկացված էր իրենց բանակին. «Այսօր մեր բանակը ընդունակ է կատարել բոլոր առաջադրված խնդիրները, մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի հողերն ազատագրենք օկուպացումից՝ թե՛ մարտունակությունը, թե՛ հայրենասիրական ոգին: Ընդլայնվում են մեր հնարավորությունները սպառազինության առումով: Պաշտպանական արդյունաբերությունը Ադրբեջանում գործում է արդեն չորս տարի, եւ մենք մեծ հաջողությունների ենք հասել այդ ուղղությամբ: Մեր ռազմական ներուժը աճում է օր օրի եւ շարունակելու է աճել: 2010 թվականին այդ նպատակների ապահովման համար նախատեսված են լրացուցիչ մեծ միջոցներ»: Ասված է նաեւ. «Մենք կարող ենք օգտագործել բոլոր հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հարցի, հայ-ադրբեջանական հակամարտության լուծման համար»: Իլհամ Ալիեւը վերստին հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների թեմա չէ, չի եղել եւ երբեք չի լինելու, Լեռնային Ղարաբաղը երբեք չի դառնալու անկախ պետություն: Առանց Ադրբեջանի համաձայնության դա անհնար է, իսկ Ադրբեջանը երբեք չի կարող իր համաձայնությունը տալ դրան»:
Սա չի՞ նշանակում արդյոք, որ հարեւանի հետ հարաբերություններում պետք է առավել աչալուրջ լինել: