Զեյթուն, ձեթ, շաքարավազ, ալյուր, գինի, օղի, խառնաշփոթ, երգ, ասմունք, ծափեր, նյարդեր
Խուլիգանները Մակեյանն ու իր որդի՞ն էին:
Կիրակի օրը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած պատգամավորական լրացուցիչ ընտրություններն անկախ Հայաստանի ընտրությունների պատմության մեջ առանձնահատուկ էին ընտրողների անտարբերությամբ, պասիվությամբ եւ ընտրական գործընթացների անկազմակերպվածությամբ: Պայքարում էին ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը եւ քաղաքապետի զարմիկ, «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը (լուսանկարում):
Ընտրողների պասիվությունը ու բացակայությունը լրացնելու համար թիվ 10/23 տեղամասում, օրինակ, հանձնաժողովականները մեջլիս էին մտել՝ Պուշկինի, Լերմոնտովի պոեզիայի եւ հայկական ժողովրդական երգերի իրենց իմացությամբ: Ժանրերի եւ գրողների ընտրությունը պատահականության սկզբունքով էր: Այդ տեղամասում ընտրողներն այնքան սպասված էին, որ նրանցից յուրաքանչյուրին հանձնաժողովականները, վստահված անձինք ու դիտորդները ծափերով էին ընդունում:
Կարդացեք նաև
Դեռ քարոզարշավի ընթացքում «Առավոտը» քանիցս անդրադարձավ ընտրողների ծանուցման խնդիրներին: ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանն այն ժամանակ հավաստիացնում էր, որ բոլոր ընտրողները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կծանուցվեն կայանալիք ընտրությունների մասին եւ թե որ տեղամասում են իրենք քվեարկելու:
Հունվարի 10-ի քվեարկությունը ցույց տվեց, որ այս անգամ էլ դրանք ընդամենը խոսքեր էին: Պատկան մարմինները կամ չէին ծանուցել, կամ էլ խառնաշփոթ էին սարքել: Համենայնդեպս, ընտրատարածքի բազմաթիվ ընտրողներ միայն հունվարի 10-ին, մեզ հետ զրույցից էին տեղեկանում ընտրությունների մասին: Ընտրողների հետ զրույցներից տպավորությունն այնպիսին էր, որ անգամ եթե պատշաճ ծանուցված էլ լինեին, միեւնույն է, չէին մասնակցի ընտրություններին: Պատճառները տարբեր են՝ ոմանք ասացին, որ ավելի կարեւոր գործեր ունեն, ոմանք՝ առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկին չէին նախընտրում, իսկ մեծամասամբ մարդիկ հիասթափված են, չեն հավատում ու վստահում ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը, հետեւաբար՝ չեն պատրաստվում անտեղի ժամանակ վատնել: Իսկ խառնաշփոթը հետեւյալն էր՝ ծանուցման թերթիկում նշված է X տեղամասի անուն, որտեղ տվյալ ընտրողը պետք է քվեարկի: Գալով այդ տեղամաս՝ մարդը պարզում է, որ ինքը պետք է քվեարկի Y կամ գուցե Z տեղամասում. ընտրողը խորհուրդ էր ստանում՝ այնուհանդերձ երկու տեղամասեր էլ գնալ եւ ստուգել: Շատ համառներն եւ սկզբունքայինները գուցե շարունակեին «արշավը», բայց տրամաբանությունը հուշում է, որ նման իրավիճակում հայտնված ընտրողների մի մասը այդքանով իր առաքելությունն ավարտված կհամարեր: Իսկ նման փաստի օրվա ընթացքում հաճախակի էի հանդիպում:
Օրվա առաջին կեսին, երբ ընտրողների մասնակցության առավել պասիվ ցուցանիշներ գրանցվեցին, զարմանալիորեն ակտիվ էին տարեց մարդիկ: Հետաքրքրությունս փարատելու համար ընտրատարածքներից դուրս փորձեցի ճշտել տարեցների ակտիվության գաղտնիքը: «Աղջիկ ջան, բա էն խեղճ տղան (պարզվեց՝ խոսքը ԱՄ-ն ներկայացնող եւ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի զարմիկ Արայիկ Սիմոնյանի մասին է- Ն. Գ.) Նոր տարուց առաջ մեզ երկու տուփ զեյթուն, ձեթ, շաքարավազ, ալյուր, գինի, օղի տվեց՝ հիմա չգա՞նք ընտրենք»,- հպարտորեն ասաց մի տատիկ, ում խոսքերը հաստատեցին ընկերուհիները: Հետագա զրույցներից էլ պարզ դարձավ, որ նախատոնական օրերին համատիրությունների միջոցով թոշակառուներին «Ձմեռ պապի տոպրակներ» են բաժանել եւ պատգամել՝ մինչեւ ժամը 13-ը ներկայանալ ընտրությունների ու ընտրել Արա Սիմոնյանին: Վարչական ռեսուրսն օգտագործվել է նաեւ առողջապահական եւ կրթական հիմնարկություններում: Քաղաքապետարանի համապատասխան վարչություններից բանավոր եւ ոչ մի տեղ չարձանագրված հրահանգ է իջեցվել տարածքի բնակիչ-աշխատակիցներին դարձյալ մինչեւ ժամը 13-ը կատարել «ճիշտ ընտրություն» եւ «օտչոտ» ներկայացնել:
Զարմանալի էր, բայց ընտրությունների ողջ օրվա ընթացքում պարոն Սիմոնյանի նախընտրական շտաբից այդպես էլ խախտումների կամ ահազանգերի մասին որեւէ բան չասվեց: Ավելին՝ երեկ ամբողջ օրը նրա շտաբում այդպես էլ որեւէ պատասխանատու անձ չհայտնվեց, որպեսզի պատասխաներ մեր հարցերին: Ինքը՝ պարոն Սիմոնյանը, չնայած նախնական պայմանավորվածությանը, երեկ ամբողջ օրը չպատասխանեց եւ ոչ մի հեռախոսազանգի:
Թեեւ ՀՀԿ-ն քարոզարշավի վերջին օրերին հրապարակայնորեն հերքեց, որ պաշտպանելու է «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Արայիկ Սիմոնյանին, ընտրական հանձնաժողովների հանրապետական անդամներն ակնհայտ համակրանք էին տածում նրա նկատմամբ, կոալիցիոն ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ու ոչ կոալիցիոն ՀՅԴ-ն փորձում էին փոքր-ինչ լոյալ երեւալ, թեեւ առանձին դեպքերում ՀԱԿ-ի թեկնածուի եւ նրա ներկայացուցիչների նկատմամբ ատելությունը պարզապես մարդկանց երեսին էր դաջված: Թեեւ ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող խախտումների ականատես չեղա, բայց 10/14, 10/15, 10/28, 10/29 տեղամասերում ընտրությունների վերջին ժամերին հանձնաժողովների նախագահներն անհանգիստ եւ ակնհայտ նյարդային վիճակում պատասխանում էին ինչ-որ հեռախոսազանգերի: «Դե, էս վիճակն ա…», «ի՞նչ անեմ, ասեք…», «ես բան չեմ կարա անեմ…»՝ այդ խոսակցություններից այսպիսի կցկտուր պատառիկներ էին լսվում:
«Հունվարի 10-ի ընտրությունների քաղաքական բնութագիրը եւ բուն բովանդակային էությունը կայանում են նրանում, որ քաղաքագլուխը մխրճվեց նոր պետական հանցագործության մեջ, իսկ հանրապետության նախագահը դիտորդի կրավորական կեցվածք ընդունեց: Վարչական ահաբեկչության ճանապարհով, օգտագործելով հոգեբանական տեռորի, ֆիզիկական պրեսինգի բոլոր լծակները՝ քաղաքագլուխը ուզում է մանդատ գողանալ քաղաքականությանը եւ հայ հասարակությանը անհայտ մի հումանոիդի համար: Մենք այսօր համոզվեցինք, որ ընտրական իրավունքը անհրաժեշտ է սկզբունքորեն ռեստրուկտուրիզացիայի ենթարկել». սա մարքսիստական կուսակցության թեկնածու Դավիթ Հակոբյանի քաղաքական գնահատականն է կայացած ընտրություններին: Մարքսիստն առայժմ «անալիզ» է անում, թե իր ախոյան կողմերն ի՞նչ տեխնոլոգիական հնարքներ են կիրառել, ինչպե՞ս են իր «էլեկտորատը» բաժան-բաժան արել: Դավիթ Հակոբյանը, սակայն, քաղաքականությունից հեռանալու լուրջ քայլ առայժմ չի ձեռնարկում. «Իրավիճակը ցույց կտա՝ ինչքա՞ն է ազգի բանականության դեֆեկտը, եւ ըստ այդմ էլ ես որոշումներ կկայացնեմ»:
Իսկ թիվ 114 դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրական տեղամասում ԱԺ պատգամավորի ընտրությունները պարբերաբար ուղեկցվում էին հարայ-հրոցով ու ծեծուջարդով: Այս ընտրական տեղամասի դռները բացելուց դեռ 2 ժամ չանցած՝ արդեն լրագրողներ էին ծեծվում: Առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում, երբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը սկսեց լուսանկարել ընտրողներին գրկախառնվող ու քվեատուփի մոտ ուղեկցող անձին, ում ձեռքում, ֆոտոլրագրողի խոսքով ասած, խրձով քվեաթերթիկներ էին, այդ անձինք բորբոքվեցին ու հայհոյանքներով հարձակվեցին Շամշյանի վրա:
Այդ ընտրատարածքի նախագահ Գագիկ Բաղդասարյանի հրահանգով ոստիկանները բոլոր լրագրողներին տեղամասից դուրս հանեցին: Այս ամենից հետո ընտրատարածքում խաղաղությունը երկար չտեւեց: Այսպես ասած՝ թաղի «լավ տղեքը» ծառայություն էին մատուցում պատգամավորի թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանին. նրանք ընտրողներին, մինչեւ քվեատուփին մոտենալը, հասցնում էին հորդորել եւ քարոզել, որ անպայման ընտրեն Սիմոնյանին:
Ժամը 16.30-ի սահմաններում հանձնաժողովի «սիմոնյանական» անդամներից մեկը գողացավ ընտրացուցակները: Գողությունն այնքան անփույթ արեցին, որ, իհարկե, չվրիպեց Դավիթ Հակոբյանի վստահված անձ Վլադիմիր Կարապետյանի, դիտորդ Աղավնի Մելիքբեկյանի եւ լրագրողների աչքից: Երբ վերջիններս պահանջեցին ետ բերել մատյանները, հանձնաժողովի նախագահն իր թիմակիցներով աղմուկ բարձրացրին եւ որոշեցին Վ. Կարապետյանին, Ա. Մելիքբեկյանին եւ դիտորդ Վահագն Գեւորգյանին ընտրատարածքից դուրս հանել: Ընդ որում, նախագահը որոշեց իբր թե քվեարկությամբ դա անել, նա հայտարարեց՝ ո՞վ է կողմ դուրս հրավիրել նրանց, ու միայն ինքը ձեռք բարձրացրեց եւ որոշում կայացրեց: Ընտրատարածքում ներկա Սիմոնյանի թիմակիցներն էլ հայհոյանքով փորձում էին դուրս հրավիրել պարոն Կարապետյանին եւ դիտորդ Աղավնի Մելիքբեկյանին, սակայն վերջինս հրաժարվեց դուրս գալ՝ պահանջելով ետ բերել մատյանները:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանի հրամանով մոտ 1,5 ժամ ընտրատարածքի դռները փակ էին ընտրողների եւ լրագրողների համար: Դռները 2 րոպեով բացվեցին թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանի եւ ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանի առջեւ: Նրանց ժամանմամբ ակնկալվում էր, որ տեղամասում կարգուկանոն կհաստատվի, սակայն պարոն Բախչագուլյանն ընդամենը կրկնում էր՝ «ընտրությունները պետք է ընթանան բնականոն հունով: Մի՛ ծխեք այստեղ»:
Լրագրողներն ու դիտորդներն անընդհատ պահանջում էին ցուցակները ետ բերել, ինչին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը պնդում էր, որ դրանք չհրկիզվող պահարանում են: Ի վերջո ներկաները պահանջեցին բացել պահարանը, եւ որպեսզի նախագահն իր խոսքերն ապացուցի, բացեց պահարանը, եւ այդ ընթացքում Սիմոնյանի թիմակից հանձնաժողովի անդամներից մեկը ծոցից հանեց մատյանները, որպեսզի դրանք դնի պահարանի մեջ: Այս ամենից հետո ցուցակում, ինչպես դիտորդ Ա. Մելիքբեկյանն ասաց՝ 600 ընտրողների անուններ է «նկարված» եղել: Այնինչ, մինչ ցուցակների գողանալը, դիտորդ Հրաչ Ալեքսանյանի տվյալներով՝ մոտ 350 ընտրող է եղել: ԿԸՀ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, Վ. Կարապետյանը այդ մասին արձանագրություն կազմեցին, դիմում գրեցին դատախազություն, որպեսզի թիվ 10/19 ընտրական տեղամասի ընտրությունները անվավեր ճանաչվեն:
Դռները բացվելուց հետո ընտրողներն առանձնապես ոգեւորված չէին գալիս: Վարդանանց 5ա հասցեի բնակիչ Ասյա Հարությունյանը նկատեց, որ մատյանում իր ընտանիքի անդամների անունների դիմաց արդեն ստորագրված է. «Ես այլեւս չեմ մասնակցի ոչ մի ընտրության, ահավոր հիասթափվել եմ»:
1 ժամ անց նմանատիպ մեկ այլ դեպք էլ արձանագրվեց: Ինեսա Գաբայանի եւ նրա սկեսրայրի անվան դիմաց էլ արդեն ստորագրած էր: Երբ տիկինը պնդեց, որ իր սկեսրայրը թոշակառու է եւ չէր կարող գալ, հանձնաժողովի նախագահն էլ պնդում էր, թե այդ անձը եկել է: Ի. Գաբայանի խոսքերով՝ սկեսրայրը 90 տարեկան է եւ հազիվ է քայլում, նա չէր կարող գալ-հասնել ընտրատեղամաս: Ի վերջո, տիկինն իր ընտրությունը կատարեց, եւ դեպքի վերաբերյալ դիմում-հայտարարություն գրեց: Իսկ երբ սկսվեց քվեաթերթիկների հաշվարկը, արկղից հանած հենց առաջին քվեաթերթիկը Արա Սիմոնյանի օգտին էր, ինչը բուռն ծափահարություններով ընդունվեց Սիմոնյանի թիմակիցների կողմից: Այս ընտրատարածքում Արա Սիմոնյանը հավաքել է 405 ձայն, Նիկոլ Փաշինյանը՝ 176, Դավիթ Հակոբյանը՝ 6 ձայն եւ 12 անվավեր քվեաթերթիկ:
Քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում մի քանի դիտորդներ եւ Ն. Փաշինյանի վստահված անձը դուրս եկան տեղամասից՝ հայտարարելով, որ չեն ընդունում ընտրության արդյունքները: Քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում, երբ մոտ 40 րոպե միայն Արա Սիմոնյանի օգտին քվեարկած թերթիկներն էին արկղից հանում, Սիմոնյանի թիմակիցները ուրախությունից գլուխները կորցրել էին. «Մակարդակ ընտրություններ էղան, ապե ջան: Բա որ էդ դեբոշներն էլ չլինեին, վաբշե լավ կլիներ»:
Իսկ թիվ 10/20 տեղամասում էլ թեեւ ծեծուջարդ չարձանագրվեց, բայց թաղի «լավ տղեքը» ազատ ելումուտ էին անում, «լռվում» հանձնաժողովի համար նախատեսված սենյակում: Դիտորդների այն դիտարկմանը, որ կողմնակի անձանց արգելվում է գտնվել ընտրատարածքում, բոլորը պատասխանում էին՝ «Արա Սիմոնյանի վստահված անձն եմ»: Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սոնա Մուրադյանի պնդմանը, որ տարածքում ամեն թեկնածուի կողմից ընդամենը մեկ վստահված անձ պետք է լինի, երիտասարդները ոտները «կախ էին գցում»՝ իբր հիմա կհեռանանք: Այս ամենը փորձեց նկարահանել Հելսինկյան ընկերակցության ներկայացուցիչ Գեղամ Մելքոնյանը, սակայն Արա Սիմոնյանի կողմնակիցները փորձեցին արգելել: Ընդ որում, 10/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արշակ Վարդանյանն այս ամենի վրա աչք էր փակում եւ տղաներին դուրս չէր հրավիրում: ԿԸՀ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանն էլ անընդհատ այդ երիտասարդներին փորձում էր ընտրատարածքից դուրս հրավիրել, բայց՝ ապարդյուն: Տիկին Թադեւոսյանը նույնիսկ փորձեց խաթրով նրանց հետ խոսել, բայց անօգուտ էր, եւ երբ Զ. Թադեւոսյանը իր բջջային հեռախոսով լուսանկարում էր այդ երիտասարդներին, նրանք փոխանակ զգաստանալու, դեռ մի բան էլ գրկախառնվեցին եւ ասացին՝ «նկարի, նկարի, հեսա հաղթելու ենք ու քեֆ անենք, նկարի, որ հիշատակ լինի»:
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանն ու նրա որդին՝ Կարեն Մակեյանն ու Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանն են վնասվածքներ ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց, կոտրվել է Մակեյանի քիթը։ Բոլոր 3 տուժողները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի 1-ին հիվանդանոց։ Մակեյանը լրագրողներին հայտարարել է, թե իրենց ծեծի են ենթարկել «ինչ-որ սափրագլուխներ», իսկ «ոստիկանությունը փոխանակ նրանց զսպելու, բռնել էր իրենց ձեռքերը, որ նրանք խփեն»:
Պետրոս Մակեյանի պատմածը հաստատել էր այդ տեղամասում «Ժառանգության» ներկայացուցիչ Նարինե Վանյանը, ով հասցրել է Փաշինյանի ներկայացուցիչներին ծեծի ենթարկողների ավտոմեքենայի պետհամարանիշները գրանցել։
Միջադեպի առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, սակայն, «վիճաբանության ընթացքում Պետրոս եւ Կարեն Մակեյաններն ու Սուրեն Մարտիրոսյանը ծեծի են ենթարկել ԱԺ պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձ Տիգրան Մուրադյանին», որն այդ մասին հայտարարություն է տվել եւ ստացել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու ուղեգիր:
Լեւոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի շենքում տեղակայված թիվ 10/30 ընտրական տեղամասում տեղամասային հանձնաժողովի նախագահ Գեւորգ Ենգիբարյանը «Առավոտի« թղթակցին հավաստիացնում էր, թե քվեարկության ընթացքում որեւէ խախտում չի եղել, մինչդեռ «Հելսինկյան քաղաքացիական հասարակության Վանաձորի գրասենյակը» ներկայացնող դիտորդի ասելով՝ այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում: Ինչպես պարզվեց, այս տեղամասում հանձնաժողովի նախագահը հրաժարվել էր արձագանքել եւ վերացնել տեղի ունեցող խախտումները: Որպես այդպիսիք, դիտորդական այս առաքելության զեկույցում շեշտվել է տեղամասում պատգամավորի թեկնածուներից մեկի՝ Արա Սիմոնյանի միանգամից երկու վստահված անձի ներկայությունը, նաեւ այն, որ այս տեղամասում նույն թեկնածուի վստահված անձը օրենքի խախտմամբ դիմավորել է ընտրողներին եւ նրանց ուղեկցել մինչեւ քվեախցիկ ու քվեատուփ, հետո հեռախոսով հրահանգել որոշ ընտրողների՝ գալ քվեարկության: Այս տեղամասում, բարեբախտաբար, ավելի լուրջ միջադեպեր կիրակի օրը չեղան:
Նար-Դոսի անվան դպրոցում տեղակայված էր միանգամից երկու ընտրական տեղամաս՝ թիվ 14-ն ու 15-ը: Թիվ 14-ում մի քանի միջադեպեր են արձանագրվել, որից հենց առաջինի հետքերով գնաց նաեւ «Առավոտի» թղթակիցը: Այս տեղամասում «Ազատ հասարակության ինստիտուտ» հ/կ կողմից դիտորդ գրանցված Արմեն Սահակյանը ուժի կիրառմամբ եւ ֆիզիկական բռնության կիրառման սպառնալիքների եւ հայհոյանքների զուգակցմամբ վիրավորական արտահայտություններ է արել «Ժամանակ» թերթի լրագրող Քրիստինե Խանումյանի հասցեին, այնքան, մինչեւ վերջինս չդիմանալով ճնշումներին՝ ստիպված է եղել հեռանալ ընտրատեղամասից:
Այսուհանդերձ, տեղամասային հանձնաժողովի նախագահ Հակոբ Պապոյանը «Առավոտի» թղթակցին համոզում էր, թե ընտրությունները նորմալ են ընթանում, եւ միջադեպեր չեն եղել: Նա ասում էր, թե վիճել են մի լրագրող եւ ինչ-որ կազմակերպության մի դիտորդ, բայց քվեարկության սրահից դուրս՝ միջանցքում, հետո նաեւ՝ սրահում, բայց արձանագրություն չի կազմվել, որովհետեւ իրեն դրա մասին ոչ ոք տեղյակ չի պահել: Թեկնածուներից մեկի՝ Նիկոլ Փաշինյանի վստահված անձ մի կին ասաց, թե վեճը ծագել է այն պատճառով, որ լրագրողի կողմից լուսանկարելը արգելելու պատճառով ինքը արձանագրություն կազմել չի պահանջել, որովհետեւ ամեն ինչ հարթվել է, հետո էլ ձայնագրիչն անջատելուց հետո ասաց, թե՝ մեղավորը լրագրողի զգացական վերաբերմունքն է եղել իրավիճակին: Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ, դիտորդ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ինքը ՀՀ գլխավոր դատախազությանն արդեն հաղորդագրություն է ներկայացրել, նաեւ մի դիմում ներկայացրել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
Թիվ 10/15 տեղամասում ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում, ժամը 10.30-ի սահմաններում, տեղամաս են ներխուժել 6-7 երիտասարդներ եւ այնտեղ ներկա լրագրողներին արգելել նկարահանումներ կատարել: Նրանք Արտաշես Մարուքյանի մի կողմ դրած քվեաթերթիկները վերցրել են, ինչ-որ տուփի մեջ դրել, հետո հետ բերել: «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» դիտորդ Արայիկ Զարյանի ասելով, արդյունքում մոտ 100 քվեաթերթիկ ավելացել է Արա Սիմոնյանի օգտին: Փաշինյանի վստահված անձինք փորձել են արձանագրել տեղի ունեցածը, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է ընդունել արձանագրությունը:
Թիվ 10/15 ընտրական տեղամաս է ներկայացել ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը, որի ներկայությամբ 2 արձանագրություն է կազմվել՝ մեկը` տեղի ունեցածի, իսկ մյուսը` տեղի ունեցածի վերաբերյալ արձանագրությունը հանձնաժողովի նախագահի կողմից չընդունվելու մասին:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ