Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՏՈ՞ՐԴ, ԹԵ՞ ՄՐՑԱԿԻՑ ԿՈՂՄ

Հունվար 12,2010 00:00

\"\"Թիվ 10-ում տեղի ունեցած ընտրությունները նոր արատավոր երեւույթ ի հայտ բերեցին

Կիրակի օրը Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցան ՀՀ ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից ընտրված պատգամավորի տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանն իր մանդատը վայր էր դրել: Լրացուցիչ ընտրություններին մասնակցեց երեք թեկնածու՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը, որն էլ ընտրությունների արդյունքների նախնական, բայց պաշտոնական տվյալների համաձայն՝ հաղթել է՝ ստանալով քվեարկությանը մասնակցած 13380 ընտրողներից 7622-ի քվեն: Նիկոլ Փաշինյանի օգտին, ըստ այդ արդյունքների, քվեարկել է 5023, իսկ Դավիթ Հակոբյանին՝ 299 մարդ:

Տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 24,3 տոկոսը՝ 55 851 ընտրողներից միայն 13 380-ը:

Այս ընտրությունների ընթացքում թիվ 10 ընտրատարածքում բացվել էր թվով 34 ընտրական տեղամաս, որոնցից երեքում քվեարկության ընթացքը, հայկական ավանդույթի համաձայն, համեմվեց լրագրողների, դիտորդների եւ իշխանությունների համար անցանկալի թեկնածուի, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց ահաբեկելու, նրանց նկատմամբ ֆիզիկական բռնություններ գործադրելու փաստերով, եւ, որպես կանոն, բոլոր այս դեպքերում որպես մեղավորներ, ըստ ոստիկանության, ներկայացվեցին ոչ թե բռնարարքներ գործադրածները, այլ նրանցից պաշտպանվողները՝ Փաշինյանի վստահված անձինք (այդ բոլոր միջադեպերի մասին ընթերցողը կարող է կարդել «Առավոտի» 4-րդ էջում):

Այս ընտրություններն առանձնահատուկ էին նաեւ նրանով, որ ի հայտ եկավ արատավոր եւս մեկ ու նոր երեւույթ: Դեռ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ էր պարզվել եւ այս ընտրությունների ընթացքում էլ հաստատվեց, որ հայաստանյան հ/կ-ների թվում կա մի կազմակերպություն՝ «Ազատ հասարակության ինստիտուտ» անունով, որը, թերեւս, հատուկ ստեղծվել է ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու եւ իշխանական թեկնածուների եւ նրանց յուրայինների սանձարձակությունները քողարկելու, ավելին՝ նրանց ըստ ամենայնի այդ հարցում աջակցելու հստակ առաքելությամբ: Թիվ 10/34-ում, 10/14-ում, 10/24-ում, 10/20-ում, 10/12-ում, 10/10-ում այս հ/կ-ների ներկայացուցիչները հատկապես թեկնածու Սիմոնյանի վստահված անձանց եւ հանձնաժողովների նախագահների հետ ձեռք ձեռքի տված ակտիվորեն մասնակցել են այդ տեղամասերում գրանցված օրինախախտումներին եւ հետո էլ հաստատ արձանագրելու են, որ ընտրությունների ընթացքում լուրջ միջադեպեր չեն եղել ու դրանք անցել են ազատ ու արդար: Ի դեպ, այդ փաստին երեկ անդրադարձավ նաեւ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած մեկ այլ հ/կ՝ «Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը»: Վերջինս հրապարակեց իր զեկույցը՝ մանրամասնորեն անդրադառնալով քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումներին, որի վերջում առաջարկել է անվավեր ճանաչել թիվ 10/12, 10/15 եւ 10/19 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, «ծառայողական քննություն իրականացնել նշված ընտրական տեղամասերում իրենց ծառայությունը անբարեխիղճ կերպով իրականացրած ոստիկանների նկատմամբ, պատասխանատվության ենթարկել «Ազատ հասարակության ինստիտուտի» դիտորդներ Արմեն Սահակյանին եւ Դավիթ Սիմոնյանին, նաեւ ընտրական խախտումներ իրականացրած այլ անձանց: Քննության առնել թիվ 10/15 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում ներխուժած անձանց իսկությունը պարզելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու համար»: Ի դեպ, հիշյալ երեք ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ առաջիկայում՝ օրենքով սահմանված ժամկետում, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին կներկայացնի նաեւ Փաշինյանի նախընտրական շտաբը:

Իսկ առայժմ, այսօր ԸԸՀ որոշմամբ քվեարկության արդյունքների վերահաշվարկ կսկսվի թվով 11 ընտրատեղամասերում, ընդ որում՝ առաջինը հենց հաղթած թեկնածու համարվող Արա Սիմոնյանի շտաբից ստացված թվով 11 դիմում-բողոքի հիման վրա: Թիվ 10 ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե Ա. Սիմոնյանի շտաբի կողմից նման պահանջ ներկայացվել է մասնավորապես թիվ 10/22, 10/30, 10/33 ու նաեւ այլ տեղամասերի վերաբերյալ, որոնք նա այդ պահին չմտաբերեց: Եվս երկու դիմում-բողոք երեկ ստացվել էր Փաշինյանի շտաբի կողմից՝ դարձյալ վերահաշվարկի պահանջով եւ նույն այն տեղամասերում՝ թիվ 10/7 եւ 10/30, որտեղ վերահաշվարկ է պահանջել նաեւ Սիմոնյանը:

Երեկ Հայ ազգային կոնգրեսն է անդրադարձել տեղի ունեցած ընտրություններին եւ հայտարարել, որ չի ճանաչում ընտրության արդյունքները եւ այն բողոքարկելու է դատական բոլոր ատյաններով՝ անվավեր ճանաչելու պահանջով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել