Կիրակի օրը Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցան ԱԺ պատգամավորի լրացուցիչ եւ «հին հայկական» բոլոր «ավանդույթներին» համապատասխան ընտրություններ՝ տեղ-տեղ լրագրողների եւ վստահված անձանց ծեծուջարդ, տեղ-տեղ քվեաթերթիկների ու գրանցամատյանի գողություններ ու այլն: Այդ օրը ընտրական տեղամասերում գրանցված ամենաաղաղակող երեք միջադեպերից մեկը տեղի ունեցավ Երեւանի թիվ 114 դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրական տեղամասում: Այստեղ հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանը (1-ին նկար՝ աջից) առավոտից փորձում էր եւ հաջողությամբ կարողացավ խոչընդոտել ե՛ւ դիտորդների, ե՛ւ լրագրողների աշխատանքներին: Հենց նրա հանձնարարությամբ ու մասնակցությամբ էին ոստիկաններն ու տեղամասի տարածքում հայտնված պատահական անձինք, այդ թվում՝ նկարում պատկերված ոմն Հովսեփը (նկար 2), պատգամավորի թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձ Համազասպը (1-ին նկար՝ ձախից) խոչընդոտել ընտրությունները լուսաբանող լրագրողներին, այդ թվում՝ «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Անուշ Մարտիրոսյանին, «ՀԺ»-ի փաստացի խմբագիր Հայկ Գեւորգյանին եւ ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին: Անհայտ անձինք փորձել են կոտրել Ա. Մարտիրոսյանի ձեռքի միկրոֆոնը, իսկ Հ. Գեւորգյանին եւ Գ. Շամշյանին նաեւ հարվածներ են հասցրել: Այս տեղամասում սա միակ «չեպեն» չէր:
Կարդացեք