Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Դեկտեմբեր 26,2009 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

\"a\"

Գլուխ տասներեքերորդ

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ես էդ հանրակացարանի մեր յոթերորդ հարկում էն քչերից էի, որ Սանյայի իշխանության տակ չէի, եւ չնայած ամեն իրիկուն նախորդ օրվա իր գրածն իրեն հանձնում ու տվյալ օրվանն էի ստանում, այդուհանդերձ, իր իշխանությունից դուրս էի՝ հատկապես էն օրվանից հետո, երբ գլխի ընկա, որ իր էդ գրածները ծայրեծայր կարդալն ամենեւին էլ պարտադիր չի, եւ դրանից հետո էլ Սանյայի մտքով չէր անցնում, որ իր գրածները մասամբ եմ աչքի անցկացնում, որովհետեւ ես ամենաշատը տասնհինգ րոպե իր գրածն աչքի անցկացնելով՝ մի տասնհինգ րոպե էլ գովաբանում էի՝ տեղ-տեղ, իհարկե, միանգամայն օգտակար ու տեղին դիտողություններ անելով, եւ հատկապես էդ տեղը տեղին դիտողություններս լսելով էր Սանյան համոզվում, որ իր գրածները ծայրեծայր կարդում եմ, ու էդ օրերը հիշելով՝ հիմա ինքս էլ Խաչատրյան Թաթիկի պես անհամեստորեն կարող եմ հայտարարել, որ ես էն եզակի ընթերցողն եմ, ով ցանկացած գրական երկից ընդամենը երկու էջ կարդալով՝ կարող է սպառիչ ու վերջնական կարծիք հայտնել էդ, ուրեմն, գրական ստեղծագործության մասին, բայց էդ օրերը հիշելով՝ հիշում եմ նաեւ, որ Սանյան իմ գովեստներն ու դիտողություններն առանձնապես ուշադիր չէր լսում, որովհետեւ ինքն արդեն օտարված էր լինում նախորդ օրվա իր գրածից ու հոգովսրտով արդեն տվյալ օրվա իր գրածի հետ էր, ինչպես նաեւ՝ տվյալ օրվա իր սեղանակիցների հետ, ովքեր արդեն կազմ ու պատրաստ սպասում էին իրենց անփոխարինելի ու անառարկելի առաջնորդին, բայց, այդուհանդերձ, ամենօրյա էդ գովեստներս ու դիտողություններս ընդամենն ականջի պոչով լսելով ու ի գիտություն ընդունելով՝ լավ էլ մտապահում ու հիշում էր իմ էդ գովեստներն ու դիտողությունները, եւ հատկապես դիտողություններս էր մտապահում ու հիշում, որովհետեւ ես էդ տարածքում միակն էի, ում ինքն էդ իրավունքը տվել էր, բայց իրեն դիտողություններ անելու էդ բացառիկ իրավունքն ինձ շնորհելով՝ ժամանակ առ ժամանակ երեւի փոշմանում էր էդ շռայլության համար եւ ժամանակ առ ժամանակ էդ դիտողություններս հիշեցնում ու երեսովս էր տալիս, բայց երբ դույն թվի դեկտեմբերի առաջին օրերին էդ կարդացածս պատմվածքներից մեկը տպվեց, ես տպագրված տարբերակը կարդացի ու տեսա, որ Սանյան դիտողություններիս մեծ մասը լավ էլ հաշվի է առել, եւ երբ դեկտեմբերի սկզբին Սանյայի էդ պատմվածքը «Լիտգազետայում» տպագրվեց, ես, ի տարբերություն իմ համակուրսեցիների, Սանյայի հանդեպ որեւէ պարտավորվածություն չունեի, որովհետեւ իր էդ պատմվածքը դեռեւս անտիպ վիճակում էի գովել, եւ «Լիտգազետայից» հետո էն առաջին գովեստս մեխանիկորեն կրկնելով՝ արդեն որեւէ դիտողություն չարեցի, քանի որ էդ տպագրված տարբերակում բոլոր դիտողություններս հաշվի էր առել, բայց, այդուհանդերձ, լիքը նոր դիտողություններ կարող էի անել, որովհետեւ իր էդ «Տղամարդը եւ կինը» պատմվածքը «Լիտգազետայում» արդեն ծայրեծայր կարդալով՝ համոզվեցի, որ ահագին ծամծմված ու ձանձրալի պատմվածք է, ինչպես նաեւ՝ անհետաքրքիր ու չափազանց անհամ, որովհետեւ իր էդ պատմվածքի անանուն հերոսները՝ Տղամարդը եւ Կինն առավոտից իրիկուն մի գլուխ աշխատում ու աշխատում էին, եւ չնայած էդ հերոսների խոսակցականից բացահայտ զգացվում էր, որ զտարյուն ռուսներ են, էդ Տղամարդն ու էդ Կինը բացարձակապես ոգելից չէին օգտագործում, եւ, ըստ ամենայնի, վաթսունն անց էդ Տղամարդն ու վաթսունին մոտ էդ Կինը Սանյայի հարազատ ծնողներն էին, որովհետեւ էդ պատմվածքում թռուցիկ կերպով նշվում էր, որ էդ Տղամարդու ու էդ Կնոջ միջնեկ որդին գրող է, եւ չնայած էդ միջնեկ որդու խմող լինելու մասին որեւէ հիշատակություն չկար, Սանյային ճանաչողներս անմիջապես գլխի ընկանք, որ ինքն է, որովհետեւ էդ միջնեկը ծնողներին, քույրերին ու եղբայրներին, ջահել կնոջն ու երկու մանր երեխեքին Ալթայի էդ ահավոր ձունուբուքի մեջ թողնելով՝ ծվարել էր մոսկովյան ինչ-որ գրական ինստիտուտի ինչ-որ հանրակացարանում. այսինքն, Սանյան իր էդ պատմվածքում լավ էլ ինքնաքննադատաբար էր մոտեցել յուր անձին, բայց խմելու մասին որեւէ հիշատակություն չկար, եւ չնայած Սանյային ու էս ամենն իմ էսօրվա խումհարի ու Հրանտի «Խումհարի» առիթով հիշեցի, հիմա արդեն ստիպված եմ ավելի ու ավելի հիշել եւ ավելի ու ավելի հիշելով՝ պիտի շարունակեմ ու ասեմ, որ ութսուներկուսի դեկտեմբերի առաջին օրերին լույս տեսած Սանյայի էդ պատմվածքով Սանյայի անհաջողությունների սկիզբը դրվեց՝ ոչ միայն էն իմաստով, որ Սանյայի տպագրած էդ պատմվածքը նույնիսկ իր հիմնական սեղանակիցներն ու բաժակակիցներն էին դժվարանում գովել, այլեւ էն պատճառով, որ իր էդ պատմվածքի տպվելուց երեք թե չորս օր անց Ալթայի երկրամասում իր մահկանացուն կնքեց Սանյայի հորական տատը, որը նմանապես Սանյայի էդ պատմվածքի դրական ու աշխատավոր հերոսներից էր, ու մինչ Սանյայի բաժակակիցներն էդ պատմվածքը գովելուց խուսափելու ջանքեր էին գործադրում, Սանյան հերթական խումհարից հետո ափալթափալ թռավ հայրենի եզերք՝ սիրասուն ու աշխատասեր տատիկի հուղարկավորությանը հասնելու, եւ իր համախոհներին ու թշնամիներին ժամանակավորապես ազատելով իր իշխանությունից՝ Մոսկվա վերադարձավ Ծննդյան տոներից ու հունվարյան արձակուրդից ահագին հետո, եւ Սանյայի էդ առաջին բացակայության առաջին իսկ օրվանից սկսվեցին ու ծայր առան ասեկոսեներն ու բամբասանքներն առ Ալեքսանդր Ռոդիոնով, եւ ամենահետաքրքիրն էն էր, որ Սանյայի բացակայության շնորհիվ գոյացած ու առաջացած էդ ահագին ազատությունն իր բաժակակիցներն ու իր թշնամիները հավասարապես էին վայելում ու ըմբոշխնում, եւ եթե թշնամիները Սանյայի բացակայության շնորհիվ գոյացած ազատությունը բացահայտ ու անթաքույց էին վայելում, համախոհներն ու բաժակակիցները թաքուն քչփչոցներով էին անդրադառնում Սանյայի տպագրած էդ, ուրեմն, պատմվածքին, եւ չնայած իր հանրակացարանային գոյությունն ու ներկայությունն ինձ երբեւէ չէին ճնշել, այդուհանդերձ, իր բացակայության շնորհիվ իմ ռեժիմն էլ ահագին փոխվեց, եւ իրիկուններն արդեն Սանյայի պարտադիր այցելություններից ազատ էի եւ իր հանապազօրյա արձակը կարդալու իմիտացիայից էլ էի ազատ եւ, որ ավելի կարեւոր էր, իր էդ ամենօրյա արձակը գովելու ու մասամբ նաեւ քննադատելու պարտականությունից էլ էի ազատ, եւ, որ ամենակարեւորն էր, իր բացակայության պայմաններում արդեն մեկումեջ մասնակցում էի իր սեղանակից համախոհների գինարբուքներին, եւ չնայած իր լուռ ու հեզ սեղանակիցներն իր բացակայության պայմաններում ահագին ինքնուրույնություն ու ինքնավստահություն ձեռք բերին, եւ չնայած որոշակի ինքնուրույնություն ու ինքնավստահություն ձեռք բերելով՝ սրանք էլ էին գինարբուքների ժամանակ գոռգոռում ու ճվճվում, սրանց էդ նորածին ու ինքնուրույն ճվճվոցները Սանյայի մռնչյունների հետ չէիր համեմատի, եւ սրանց էդ ինքնահաստատվող գոռգոռոցը մեր կուրսի սթափների վրա առանձնապես չէր ազդում, եւ նմանապես ռուսագիր հրեաների վրա չէր ազդում, ու նաեւ կարծեցյալ հրեաների վրա չէր ազդում, եւ նույնիսկ մեր կուրսի ավագ Սոկոլովի վրա չէր ազդում, որովհետեւ Սանյայի երանելի ու ցանկալի բացակայությունն ամենքին էր տեսանելի, եւ իր էդ անպատկերացնելի բացակայության պայմաններում բոլորն էին իրենց լավ զգում, եւ չնայած Սանյայի ներկայությունն ինձ առանձնապես չէր կաշկանդում, Սանյայի բացակայության ընթացքում հատկապես իմ կյանքը փոխվեց, որովհետեւ դեկտեմբերի սկզբներին սկսվեց ու ծայր առավ իմ ու Նինայի մտերմությունը, ավելի ճիշտ՝ հանրակացարանային սիրավեպը, որովհետեւ հանկարծակի ազատության մեջ հայտնվածներս արդեն ոչ միայն նայում, այլեւ տեսնում էինք իրար, եւ չնայած մոսկովյան առաջին երեք ամիսներիս ընթացքում ռուս աղջկերքի հետ որոշ առնչություններ արդեն ունեցել էի, էդ առնչությունները չափազանց թռուցիկ ու չափազանց մակերեսային էին, մինչդեռ իմ ու Նինայի առնչությունն ահագին խորքային ու ահագին լուրջ էր եւ սաղմանվորվելով ու սկզբնավորվելով Սանյայի բացակայության շնորհիվ առաջացած ազատության առաջին իսկ օրերին՝ ահագին շարունակվեց ու կյանք ունեցավ, եւ Սանյայի էդ անակնկալ ու հանկարծակի բացակայությունն ու էդ բացակայության շնորհիվ առաջացած ազատությունը հիշելով՝ հիմա սկսում եմ մտածել, որ ազատություն կոչվածը հատկապես էն դեպքում է տեսանելի ու երեւելի, եթե նախքան էդ տեւականորեն զրկված ես լինում ազատությունից, եւ Սանյայի անակնկալ բացակայության առաջին իսկ օրվանից սկսած՝ մեկից թոթափեցինք արդեն սովորական դառած լարվածությունը, ու էդ նոր վիճակն էնքան զգալի ու էնքան հաճելի էր, որ շատերն էդ մասին անթաքույց ու բարձրաձայն էին արտահայտվում, մինչդեռ Սանյայի հիմնական բաժակակիցներն իրենց առաջնորդի բացակայության առաջին օրերին բավական շփոթված էին, որովհետեւ երեք ամիս շարունակ Սանյայի ղեկավարությամբ ու առաջնորդությամբ էին ապրել, մինչդեռ առաջացած նոր պայմաններն ստիպում էին ինքնուրույն ապրել, եւ առաջացած իրավիճակը նաեւ որոշակի ազատություն էր պարտադրում, եւ չնայած մյուսների մասին եմ էսպես ասում, ինքս էլ էի էդ առաջին օրերին որոշ չափով անակնկալի եկած ու շփոթված, եւ, հիշում եմ, էդ օրերին «Կիսակայարաններ» պոեմս էի գրում ու զուգահեռ էլ մի պատմվածք՝ Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածի հիսունականների ու վաթսունականների թաղային լիազոր Խունկիանոսի մասին, ում հանկարծակի վերհիշել էի մոսկովյան մեր էդ կուրսի ավագ Սոկոլովի առիթով, որովհետեւ, ինչպես ժամանակին Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածի թաղային լիազոր Խունկիանոսն էր ամեն իրիկուն թաղի դեպքերն ու իրադարձությունները կապիրովկայով երկու օրինակից գրի առնում ու առավոտյան ուղարկում համապատասխան մարմիններին, ճիշտ նույն կերպ մոսկովյան մեր էդ կուրսի ավագ Սոկոլովն էր ամեն իրիկուն կապիրովկայով ու երկու օրինակից արձանագրում հանրակացարանի մեր յոթերորդ հարկում տեղի ունեցող դեպքերն ու իրադարձությունները եւ ամեն առավոտ դրանք ներկայացնում էր ռեկտորատ, եւ չնայած ռեկտորատում իր էդ իրազեկումները լրջորեն կարդացող ու հաշվի առնող չկար, Սոկոլովն ամեն օր անդրդվելիորեն ու պարտաճանաչորեն իրազեկում էր, եւ Խունկիանոսի պես ինքն էլ իր էդ ամենօրյա գրությունների առաջին ու մաքրամաքուր օրինակներն ուղարկում էր համապատասխան մարմիններին, իսկ կապիրովկայի տակի երկրորդ օրինակը պահում էր իր մոտ, եւ էս Սոկոլովի ու մեր Խունկիանոսի տարբերությունը տարիքն էր, ինչպես նաեւ՝ ազգությունը, ինչպես նաեւ՝ մեկի շեկությունն ու մյուսի սեւությունը, ինչպես նաեւ՝ Սոկոլովի բարձր հասակն ու Խունկիանոսի կոլոտությունը, եւ չնայած էսքան տարբերություններին, ես երեք ամիս շարունակ մեր էդ Սոկոլովին նայելով ու տեսնելով՝ Մետաքսի մեր Խունկիանոսին էի հիշում, եւ ամեն օր Սոկոլովին նայելով ու Խունկիանոսին հիշելով՝ սկսել ու շարունակում էի իր մասին էդ պատմվածքս ու կողքից էլ սկսածս էդ «Կիսակայարաններ» պոեմս էի շարունակում, բայց Սանյայի անակնկալ բացակայությունից հետո ոչ պոեմս էր առաջ գնում եւ ոչ էլ Խունկիանոսի մասին էդ պատմվածքս, եւ չնայած էդ տարիներին միայն հանգիստ ու խաղաղ պայմաններում էի սովոր գրել ու ստեղծագործել, Սանյայի էդ մեծ բացակայության շնորհիվ առաջացած հանգիստ ու խաղաղ պայմաններում էդ չափածո ու արձակ գրություններս ոչ մի կերպ առաջ չէին գնում, որովհետեւ Սանյայի բացակայության պատճառով բոլորի ու նաեւ իմ կյանքի ռեժիմն ու ռիթմն էին փոխվել, եւ չնայած իրիկուններն էլի փորձում էի մի քանի տող արձակ ու չափածո գրել, էն չէր ստացվում, որովհետեւ Սանյայի իրիկնային մռնչյունները, որոնց արդեն վերջնականապես էի վարժվել, չկային ու չէին լսվում, եւ չնայած բաժակակիցներն ու Անդրյուշան իրենցից կախված ամեն ինչ անում էին, որպեսզի Սանյայի դրած ավանդույթը պահպանվի ու շարունակվի, սրանց վեհերոտ ծվծվոցները Սանյայի առյուծաբարո մռնչյունների հետ հնարավոր չէր համեմատել, ու հավանաբար Սոկոլովն էլ չէր համեմատում, որովհետեւ Սանյա Ռոդիոնովի էդ մեծ բացակայության պայմաններում Սոկոլովի մշտական փնթփնթոցներն էլ միջանցքից ինձ չէին հասնում, ու էդ ամենին էլ գումարած՝ Նինայի անակնկալ ու չպլանավորված ներկայությունը, ավելի ճիշտ՝ Նինայի անակնկալ ներխուժումն իմ կյանք, իսկ ավելի ստույգ՝ մոսկովյան իմ կյանք, որովհետեւ մոսկովյան կյանքիս զուգահեռ՝ իմ երեւանյան կյանքն էլ էր իներցիայով ընթանում ու շարունակվում՝ մանավանդ առաջին ամիսներին, եւ չնայած մեր էդ յոթերորդ հարկի մասին էսպես ոգեւորված եմ գրում, մանավանդ առաջին ամիսներին հոգով ու սրտով Երեւանում էի եւ հոգով ու սրտով Երեւանում ու Հայաստանում լինելով՝ դեկտեմբերի սկզբներին առաջացած ազատության պայմաններում տեսա ու հայտնաբերեցի մեր Գորկու ինստիտուտի ռեկտոր Պիմենովի քարտուղարուհի Նինային, որը նույնպես մեր յոթերորդ հարկում էր ապրում, եւ չնայած իրեն հիմնականում ազգանունով էինք դիմում, հիմա միայն անունն եմ հիշում ու չեմ էլ ուզում էս առիթով Տիկոյին կամ Վանուշին զանգել եւ Նինայի ազգանունը հարցնել, որովհետեւ ուզում եմ, որ էս հիշածներս ու գրածներս իրենց համար էլ անակնկալ լինեն, մանավանդ որ՝ Հակոբյան Տիկոն քաղաքականությունից ազատ ժամերին էս հատվածներս մեկումեջ կարդում ու ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում է՝ երբ եմ հասնելու մոսկովյան մեր հանրակացարանային կյանքին, եւ Տիկոն ու Վանուշը Նինայի ազգանունը հաստատ կհիշեն, որովհետեւ իրենք, ի տարբերություն էդ ինստիտուտի երկամյա կուրսերում սովորողներիս ու էդ հանրակացարանի յոթերորդ հարկում ապրողներիս, էդ ինստիտուտի հիմնական ուսանողներ էին ու Նինայի հետ ոչ թե հանրակացարանում էին շփվում, այլ հիմնականում՝ ռեկտորատում, եւ Տիկոն պիտի որ Նինայի ազգանունը հաստատ հիշի, որովհետեւ Տիկոն իրենց կուրսի ավագն էր ու հաճախ էր ռեկտորատում լինում, եւ շատ հնարավոր է՝ Վանուշն էլ Նինայի ազգանունը հիշի, որովհետեւ Վանուշն էդ ինստիտուտում իսկական հեղինակություն էր ու ինքն էլ էր ռեկտորատում հաճախ լինում՝ հիմնականում էդ ինստիտուտի հայ ուսանողների թվանշանները դզելու հարցերով, ու Վանուշն էդ հարցերը հիմնականում Նինայի միջոցով էր լուծում, ու հետագայում էլ՝ երբ արդեն Նինայի հետ անձնական առնչությունների մեջ էի, էլի Վանուշն էր մեր հայ ուսանողների հարցերը Նինայի միջոցով լուծում, եւ երբ Նինայի սենյակում ճերմակ վարդերի մեծ փունջ էի տեսնում, հասկանում էի, որ Վանուշն էլի մեր հայերից մեկնումեկի հարցով դիմել է Նինային, ու Նինան էլ ռեկտորի կամ դասախոսների միջոցով Վանուշի էդ խնդրանքը կատարել է, եւ չնայած Նինան հոգու խորքում ինձնից էր իր սիրած էդ ճերմակ վարդերն ակնկալում, դրանք հիմնականում Վանուշից էր ստանում, եւ շատ հնարավոր է՝ Վանուշը Նինայի ազգանունը հիշի, բայց էս պահին Վանուշին ու մանավանդ Տիկոյին զանգելս իմաստ չունի՝ ոչ միայն էն պատճառով, որ Նինայի ազգանունը որեւէ առնչություն չունի իմ ու իր անձնական առնչությունների հետ, այլեւ էն պատճառով, որ ես դեռեւս մեր էդ հանրակացարանային կյանքից մտադիր չեմ հիշել էն ամենը՝ որ Վանուշն ու մանավանդ Տիկոն են ակնկալում, որովհետեւ ես իմ կյանքը հիշելով ու պատմելով՝ ընդամենը յոթանասունյոթ թվական ու «Ծիծեռնակ» եմ հասել, ու Նինային էլ ընդամենը Ռոդիոնով Սաշայի ու մեր կուրսի ավագ Սոկոլովի հետ կապված հիշեցի, ու վերջիններիս էլ Հրանտի ու խումհարի կապակցությամբ հիշեցի, ու հիշողությունս շարունակելով ու սրելով՝ պիտի նաեւ նշեմ, որ նոյեմբերից սկսած՝ Սոկոլովը երկու օրինակից իր էդ գրությունների առաջին մաքրամաքուր օրինակները ոչ թե ռեկտորատ էր տանում, այլ հանրակացարանում անմիջապես ու անմիջականորեն հանձնում էր Նինային, ու Նինան ամեն առավոտ Սոկոլովից պատրաստակամորեն ընդունում էր էդ, ուրեմն, սոսնձված ծրարը, բայց հետն ինստիտուտ ու ռեկտորատ չէր տանում, եւ դեկտեմբերի սկզբներին, երբ ես ու Նինան արդեն հնարավորինս մտերմացած ու իրար մեջ հնարավորինս խորացած էինք, ես իմ էդ նոր ու արտոնյալ վիճակներում ու մեր սիրո ընդմիջումներին Սոկոլովի էդ ամենօրյա ու բազմանշանակ գրություններն էի կարդում, ու դրանք Նինայի գրասեղանի դարակում էին բերնեբերան լցված, որովհետեւ Նինան Սոկոլովի էդ գրությունները ռեկտորատ չտանելով ու ինստիտուտի ղեկավարությանը չփոխանցելով՝ էդ գրություններն իր գրասեղանի ամենաներքեւի դարակում խնամքով պահում ու պահպանում էր, եւ չնայած էդ ամենաներքեւի դարակն ամենամեծն ու ամենախորն էր, արդեն բերնեբերան լցված էր Սոկոլովի էդ ծրարներով, որովհետեւ հոկտեմբերի կեսերից սկսած՝ ռեկտոր Պիմենովը Նինային Սոկոլովի էդ ամենօրյա ծրարներն աղբարկղը գցելու իրավունք էր տվել, եւ չնայած Նինան էդ իրավունքը բանավոր ու հստակ ստացել էր, այդուհանդերձ, ամեն առավոտ էդ ծրարները Սոկոլովից ընդունելով՝ գցում էր հանրակացարանի իր էդ գրասեղանի ամենաներքեւի մեծ դարակը, եւ դեկտեմբերի կեսերին արդեն Նինայի գրասեղանի ձախ կողմի ամենաներքեւի ամենամեծ դարակը բերնեբերան լցված էր Սոկոլովի էդ ծրարներով, որովհետեւ Նինան աշխատանքային հարցերում չափազանց զգուշավոր լինելով՝ Սոկոլովի էդ նամակներից ոչ մեկն աղբարկղը չէր գցել, եւ Սոկոլովի էդ մեքենագիր գրություններին առաջին անգամ հաղորդակցվեցի իմ ու Նինայի մտերմության երկրորդ իսկ օրը, որովհետեւ իմ ու Նինայի մտերմության առաջին եւ երկրորդ գիշերներն իր սենյակում քնեցի, եւ քանի որ երկրորդ գիշերը մի քանի ժամ նաեւ Անդրյուշայենց սեղանակիցն էի եղել, առավոտյան գլուխս շատ ուժեղ ցավում էր, եւ Նինան իր սենյակն ու իր անկողինն ինձ թողնելով՝ շտապ հագնվեց ու վազեց աշխատանքի, ու ես ներսից դուռը փակելով՝ պառկեցի ու քնեցի, եւ կեսօրին արթնանալով՝ սկսեցի դարակները քչփորել, եւ երբ սուրճն ու շաքարավազը գտա, սուրճը եփեցի ու սկսեցի ըմբոշխնել, բայց քանի որ հենց էնպես սուրճ խմելու սովորություն չունեմ, որոշեցի նստել ու բանաստեղծություն գրել, մանավանդ որ՝ գլխացավիս հետքն անգամ չկար, եւ սիրտս ու հոգիս էլ լեփլեցուն էին Նինայի սիրով, իսկ ականջներս՝ Անդրյուշայի ու սեղանակիցների ճվճվոցներով, եւ Սանյայի բացակայությունն էլ էր բանաստեղծության մղում, եւ սուրճս կում առ կում վայելելով՝ շարունակեցի Նինայի դարակները քչփորել, որպեսզի թուղթ ու գրիչ գտնեի ու բանաստեղծությունս սկսեի, եւ, հիշում եմ, մտքիս մեջ արդեն հետաքրքիր ու պատրաստի տողեր էին ֆռֆռում, ու ես Նինայի դարակներն էդքան ազատ քչփորելու իրավունք ունեի, որովհետեւ, չնայած որոշակի հարբածությանս, մեր էդ երկրորդ համատեղ գիշերն ամենեւին էլ բովանդակազուրկ չէր, չհաշված նախորդը, չհաշված առավոտները եւ չհաշված կիրակի օրվա ամբողջ ցերեկը, որն անցկացրինք Օստանկինոյի շրջակայքում, քանի որ Նինան ցանկացավ, որ մեր հանդիպումը նշենք ու նշանավորենք Օստանկինոյի աշտարակի պտտվող ռեստորանում, բայց իմ ու հատկապես Նինայի չար բախտից՝ էդ օրերին էդ պտտվող ռեստորանում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, ավելի ստույգ՝ էդ օրը բանվորները թարմացնում ու յուղում էին էդ ռեստորանը պտտեցնող ռոլիկները, որոնք ժամանակի ընթացքում ահագին ժանգոտել էին, եւ չնայած մեզ բախտ չվիճակվեց մեր անձնական հարաբերությունների նորամուտն էդ պտտվող ռեստորանում նշել ու նշանավորել, ես ու Նինան էդ կիրակին ամենեւին էլ անիմաստ չանցկացրինք, որովհետեւ Օստանկինոյի տակի գարեջրատան գարեջուրն ահագին հաջող ու կրիվետկաներն էլ բավական թարմ ու համեղ էին, եւ էդ օրը Նինան ու ես ահագին գարեջուր ու կրիվետկա կլանելուց հետո ոտով ու զբոսնելով վերադարձանք հանրակացարան, եւ երբ հասանք հանրակացարան, արդեն մթնել էր, եւ, հիշում եմ, հանրակացարանի դիմացի մայթին մթության մեջ Նինայի հետ պայմանավորվեցինք, որ սպասվող գիշերը նույնպես իր սենյակում կլուսացնենք ու կիմաստավորենք, եւ հետս պայմանավորվելով՝ Նինան խնդրեց, որ ոտս մի քիչ կախ գցեմ, ու ինքն ինձնից առաջ մենմենակ հանրակացարան մտավ, որպեսզի վախտյորն ու ուսանողներն ու մանավանդ Սոկոլովն իմ ու Նինայի էդ նոր ու երանելի առնչության մասին որեւէ բան գլխի չընկնեին, ու էդպես էլ արինք, եւ երբ Նինայից մի քանի րոպե հետո լիֆտ մտա ու մեր յոթերորդ հարկում լիֆտից դուրս եկա, Սոկոլովը հենց լիֆտի մոտ դեմս դուրս եկավ ու ինձ տեսնելով քթի տակ ինչ-որ խնդմնդաց, ու էդ պահին մտածեցի, որ Սոկոլովի էդ խնդմնդոցն իմ ու Նինայի առնչությանն է վերաբերում, բայց երբ իրեն հարցրի՝ «ի՞նչ ա պատահել», ինքը գլխով սենյակիս կողմ ցույց տվեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «էս մի ժամ ա՝ քեզ ա փնտրում», եւ երբ մի քանի քայլ առաջացա, տեսա, որ Անդրյուշան է սենյակիս դուռը թակում, եւ երբ մոտեցա, Անդրյուշան ինձ ասաց՝ «չեք իջնի՞ չորրորդ հարկ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ կա», եւ Անդրյուշան ասաց՝ «տղերքով նստած ենք» եւ մի քիչ մտածեց ու ամոթխած ավելացրեց՝ «ծնունդս ենք նշում», եւ ես Անդրյուշային շնորհավորելով ասացի՝ «դու իջի, ես մի տասը րոպեից կգամ» ու էդ ասելիս մտքինս էն էր, որ կմտնեմ ու Նինային կզգուշացնեմ, որ Անդրյուշայի մոտ եմ իջնում, եւ երբ Անդրյուշան իջավ, Սոկոլովն արհամարհական ժպտալով ինձ հարցրեց՝ «առանց լիդեր ե՞ն մնացել» եւ մի քիչ մտածեց ու չարախնդալով ավելացրեց՝ «երեւի ուզում են, որ Սանյային փոխարինես», եւ ես ժպտալով ասացի՝ «Սանյան անփոխարինելի ա», եւ Սոկոլովը ծիծաղելով հարցրեց՝ «մի տասնհինգ օր չես կարա՞ փոխարինես», եւ ես ժպտալով ասացի՝ «դժվար թե դիմանամ» ու էդ ասելով՝ ես շարունակեցի Սոկոլովին ժպտալ, որովհետեւ ներքուստ շատ ուրախ էի, որ Սոկոլովն իմ ու Նինայի առնչությունների վերաբերյալ որեւէ կասկած չունի, եւ Սոկոլովն իմ դրական վերաբերմունքից ոգեւորված ասաց՝ «դե գնա. ո՞ւմ ես սպասում», եւ ես ժպտալով հարցրի՝ «հրամայում ե՞ս», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե հրամայում եմ, այլ թույլ եմ տալիս», եւ ես ժպտալով ասացի «շա՜տ մեծահոգի ես», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «շատ ճիշտ ես զգացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել