Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանգարանային» աժիոտաժ

Դեկտեմբեր 26,2009 00:00

«EXPO թանգարանային-ինդուստրիա» ցուցահանդես-վաճառքը երեկ Ազգային պատկերասրահում համախմբել էր մարզերի եւ մայրաքաղաքի թանգարանների ներկայացուցիչներին՝ ցուցադրելու իրենց թանգարանային արտադրանքը:

Բրոնզեդարյան մետաղե գործերի կրկնօրինակներով ներկայացել էր Հայաստանի պատմության թանգարանը: Վերջինիս գիտամասսայական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Արմինե Զոհրաբյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ներկայացված գործերը, բացի հուշանվեր լինելուց, ունեն նաեւ հմայական նշանակություն, հայերը սիրում են կրել իմաստալից զարդեր, մեր թանգարանային նմուշներում ազգային պատկերացումներն են տեղափոխված առարկաների վրա»: Տիկին Զոհրաբյանը պատմեց, որ այս տարվա հունիսին Պատմության թանգարանն իր արտադրանքներն էր ներկայացրել նաեւ Թբիլիսիում՝ Ազգային պատկերասրահի եւ Վրաստանի արվեստների միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ. «Մենք ծանոթացանք հարեւան երկրի մշակույթին, դա մի համագործակցություն էր, որը մեզ համար շատ կարեւոր է: Կարծում եմ, որ գուցե առաջիկայում կլինեն ցուցանմուշների փոխանակում»: Ցուցահանդես-վաճառքին բացառիկ ճրագամաններով, կավե սափորներով, զարդատուփերով եւ ավանդական զարդանախշ գդալներով էր ներկայացել Փայտարվեստի թանգարանը: «Այս բոլոր առարկաներն ավանդական են, բայց մեր կենցաղից համարյա դուրս եկած եւ մեր խնդիրն է դրանք արվեստի միջոցով վերադարձնենք կյանք»,- «Առավոտին» պատմեց թանգարանի տնօրեն Հենրիկ Սոլախյանը: Նրա խոսքով, բացառությամբ մի քանի թանգարանների, մյուսներում Վերնիսաժի ապրանքները տեղափոխվում են թանգարանային կրպակ ու վաճառվում, ինչը թանգարանի գործունեությանն անհարիր է. «Այս հրատապ խնդիրը լուծելու համար նման նախաձեռնությունները դրական նշանակություն ունեն»: EXPO-ին բուկլետներով, բացիկներով ու գրքերով էր ներկայացել նաեւ Վանաձորի կերպարվեստի թանգարանը: Գիտաշխատող Հայկուհի Ավագյանի խոսքով, մարզային թանգարանները մեկուսացած են. «Ամեն ինչ կենտրոնացվում է մայրաքաղաքում, դա նորություն չէ, բայց, այնուամենայնիվ, վերջին շրջանում նկատելի է մարզերին մշակութային շրջապտույտ ներքաշելու միտում»: Հայկուհին նաեւ պատմեց, որ մայրաքաղաքային թանգարաններին մարզերը զիջում են շուկայի հարցում. «Մենք շուկա չունենք, փորձում ենք ինչ-որ կերպ ակտիվացնել, հուշանվերների տեսականին բազմացնել եւ նման միջոցառումներն էլ օգտակար են նրանով, որ մենք տեսնում ենք այլ թանգարանների ցուցադրությունները, ստեղծագործական գաղափարներ ու փորձի, գաղափարների փոխանակում ենք անում»: «EXPO թանգարանային-ինդուստրիա» ցուցահանդեսի առիթով Հայաստան է ժամանել նաեւ Թբիլիսիի արվեստների միջազգային կենտրոնի տնօրեն Մակա Դվինաշվիլին: Թանգարանային ցուցանմուշների կրպակների մշակույթը Հայաստանում զարգացնելու նպատակով նա մեկօրյա սեմինար կկարդա հայկական թանգարանների ներկայացուցիչների համար: «Թանգարանի յուրաքանչյուր այցելու ցանկանում է ինչ-որ բան այնտեղից իր հետ տանել, թանգարանային նմուշները մեր պատմությունն են ներկայացնում, իսկ մարդիկ այնտեղից մի բան գնելով՝ կրում են վերածնված պատմությունը»,- համոզված է տիկին Դվինաշվիլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել