Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն ամփոփեց տարին

Դեկտեմբեր 26,2009 00:00

\"\"Եվ գոհ մնաց սեփական աշխատանքից

Երեկ կայացավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի տարեվերջյան ասուլիսը, 5 էջանոց մամլո հաղորդագրությամբ էլ ներկայացվեց «նախարարության գերակա ուղղություններով իրականացված ծրագրերից եւ միջոցառումներից առավել նշանակալիները»: Հարցեր հնչեցին Փոսի, Գ. Սունդուկյանի անվան թատրոնների, Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի հրաժարականի, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացահայտումների եւ այլնի մասին: Նախարարը, որ ընդհանուր առմամբ գոհ էր սեփական աշխատանքից, ասաց, որ բավարարված չէ մի շարք ոլորտներում ստեղծագործական գործընթացներով, մատնանշեց հատկապես թատերարվեստն ու գրահրատարակչությունը:

Փոսի եւ «Գոյ» թատրոնների միավորումը Հ. Պողոսյանը հնարավոր համարեց. «Որեւէ խնդիր չեմ տեսնում նրանում, որ երկու կոլեկտիվները համատեղվեն եւ իրենց ստեղծագործական ծրագրերը շարունակեն այլ գաղափարախոսության մեջ»: Ասաց, որ միավորվելուց հետո թատրոնները կարող են ներկայացումները ինչպես ՀԳՄ շենքում, այնպես էլ «Գոյի» բեմում խաղալ, իսկ եթե որեւէ դերասանի որեւէ ռեժիսոր չի ընդգրկի ներկայացման մեջ, «դա ռեժիսոր-դերասան խնդիրն է եւ չի ղեկավարվում մշակույթի նախարարության կողմից»:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում գեղարվեստական ղեկավարի ազատվելուց հետո, դահլիճը հիմնականում այլ միջոցառումներ անցկացնելու համար վարձակալության է տրվում, ինչը, բնականաբար, ավելի շահութաբեր է, քան ներկայացումներ խաղալը: Նախարարը, սակայն, չի շտապում նոր գեղարվեստական ղեկավար նշանակել: Ասում է՝ պիտի վստահ լինել, որ տվյալ մարդն իսկապես արժանի է Մայր թատրոնը ղեկավարելուն: Իսկ մինչ այդ, առանձին ռեժիսորներ կարող են այնտեղ ներկայացումներ դնել, ինչպես Արմեն Էլբակյանը, Արմեն Մազմանյանն ու Վահան Բադալյանը: ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի հրաժարականի դիմումը նախարարը չի ստորագրել. կարծում է, որ մարդկային ռեսուրսներն այնքան շատ չեն մշակույթի ոլորտում, որ հեշտությամբ մի անհատը մյուսով փոխարինվի: Նախարարի խոսքով, շատ սովորական միջադեպ է, որ դարձել է մի կաթիլ մեղրի պատմությունը, հետեւաբար հարթելի է. «Ինչո՞ւ տնտեսությունը կարող է ճգնաժամ ապրել, ստեղծագործական կոլեկտիվը՝ ոչ»:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին, Հասմիկ Պողոսյանը քանի՞ գործուղման է մեկնել, եւ ինչքան են դրանք արժեցել առանց այն էլ սուղ բյուջեին: Նախարարը պատասխանեց. «Ոչ ավելի, քան այն ծրագրերը, որոնք ես այդ գործուղումների արդյունքում բերել եմ»: Հ. Պողոսյանը կոնկրետ թիվ չհիշեց, թվարկեց մեկ-երկու գործուղում, շեշտեց հատկապես Աստանայինը, որը, նրա հավաստմամբ՝ անվճար է եղել, ինքն էլ վարչապետի ինքնաթիռով է մեկնել: Ասաց նաեւ, որ գործի բերումով համոզվել է, որ Հայաստանը հետ է մնացել միջազգային մի շարք գործընթացներից, «պետք է դիրքավորվենք միջազգային ասպարեզում եւ որոշ միջոցառումների վրա գումարներ չխնայենք, որովհետեւ դա երկրի PR-ն է ու հեղինակությունը»:

Փորձը ցույց է տալիս, որ մշակույթի նախկին նախարարն ու փոխնախարարը հետագայում տեղավորվեցին թանգարաններում (Հովիկ Հովեյանը՝ ժողարվեստի, Գագիկ Գյուրջյանը՝ «Էրեբունի»), Հ. Պողոսյանը իրեն ո՞ր թանգարանում է պատկերացնում պաշտոնից հեռանալուց հետո կամ, արդյոք, կուզենա՞ր ղեկավարել օպերային թատրոնը, մանավանդ վերջին շրջանում նման շշուկներ կան, «Առավոտի» այս հարցին նախարարը պատասխանեց, որ ինքը միշտ եղել է մշակույթի ոլորտում, իսկ թե ինչը իրականություն կդառնա շրջանառվող լուրերից, ինչը՝ ոչ, ցույց կտա ապագան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել