Գերմանական Վոլֆսբուրգի «Phaeno» գիտա-զվարճանքների կենտրոնի ֆիզիկոսները հաշվել են այն արագությունը, որով պետք է շարժվի Ձմեռ պապը կամ Սանտա Կլաուսը՝ մեկ գիշերվա ընթացքում, գերմանացի երեխաներին նվերներ մատուցելու համար: «Spiegel»-ի մատուցմամբ, այդպիսի հաշվարկներ անելու համար գիտնականները օգտվել են հետեւյալ տվյալներից. Գերմանիայում բնակվում է մինչեւ 15 տարեկան մոտ 11 մլն երեխա: Երկրի տարածքը կազմում է 357 հազար քառակուսի կիլոմետր, որի միայն մի փոքր մասն է բնակեցված: Միջին հաշվարկով ստացվել է, որ տները, որտեղ ապրում են Ձմեռ պապից նվերի սպասող մինչեւ 15 տարեկան երեխաները, տեղակայված են ամեն 62 մետրի վրա: Այսպիսով, Ձմեռ պապը պետք է կտրի 682 հազար կմ տարածություն: ICE արագընթաց գնացքին այդ տարածությունն անցնելու համար պահանջվել է մի ամբողջ տարի, բայց Ձմեռ պապն իր տրամադրության տակ ունի ընդամենը մեկ օր, ուստի՝ նա իր սահնակով պետք է շարժվի ժամում 28416 կմ արագությամբ: Սրանով է բացատրվում այն փաստը, թե ինչու ոչ ոք չի կարողանում Ձմեռ պապին տեսնել. այդ արագության պայմաններում դա ուղղակի անհնար է: Ձմեռ պապի «բացած» արագության պայմաններում սառն օդի շփումով է բացատրվում նաեւ այն, թե ինչու է Պապի քիթը կարմիր: Ֆիզիկոսները նշում են, որ սկզբունքորեն այդպիսի արագության եւ օդի հետ շփման պայմաններում Ձմեռ պապը պիտի որ բոցավառվեր, բայց, ըստ ամենայնի, նրան այդ վտանգից պաշտպանում է իր հատուկ կարմիր հագուստը:
Գերմանացի գիտնականները նաեւ հաշվել են, որ եթե, ենթադրաբար, Ձմեռ պապը երեխաներին նվիրելու լինի թեկուզ 10 շոկոլադ, ապա նրա սահնակը պետք է տեղափոխի մեկ մլն կգ նվեր՝ մոտ 150 մեծ տրանսպորտային բեռնախուց: Ուստի, սահնակը այդքան բեռով տեղից շարժելու համար անհրաժեշտ է առնվազն երկու դիզելային լոկոմոտիվ, բայց քանի որ Ձմեռ պապը լոկոմոտիվ չի վարում, ապա նրան անհրաժեշտ է ամենաքիչը 3000 եղջերուների լծվածք: Ֆիզիկոսները նաեւ հերքել են այն միֆը, թե Ձմեռ պապն իր եղջերուներին առաջ մղելիս «հո-հո-հո» է գոռում: «Ձմեռ պապի սահնակի արագությունը գերազանցում է ձայնի արագությանը, ուստի՝ նրա ձայնը երբեք չի կարող հասնել կենդանիների ականջին»,- եզրակացրել են գերմանացի գիտնականները: Եվ վերջապես, վաղուց հաստատված ավանդույթի համաձայն, որպեսզի Ձմեռ պապն իր նվերը ծխնելույզի մեջ գցի, նրան անհրաժեշտ է թռչել տան կոնագծով՝ դրա բարձրագույն կետից սահնակն արգելակելու պահին: Ընդ որում, Ձմեռ պապը այդ պահին ենթարկվելու է այնպիսի ճնշման, ինչպիսին զգում են ռազմական ռեակտիվ ինքնաթիռների օդաչուները: