Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՔՈԼԵՋՆԵՐՆ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ

Դեկտեմբեր 26,2009 00:00

\"\"Պատճառը օրենսդրական բացերն են

Հայաստանում ներկայումս գործում է 83 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն՝ քոլեջ: Դրանց մեծամասնությունը գտնվում է ԿԳՆ-ի, մյուսները՝ այլ նախարարությունների ենթակայության տակ: Այս կրթական հաստատությունները վերածնունդ ապրեցին 2004-ից հետո: Մինչ այդ դրանցից շատերը փակվել էին, գույքը, շենքային պայմանները՝ յուրացվել կամ թողնվել բախտի քմահաճույքին: Սակայն քոլեջների վերաբացմամբ առաջ եկան բազում հիմնախնդիրներ. դրանցից, թերեւս, ամենակարեւորներից է վերահսկելիությունը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ-ում տիրող «բուհամանիայի» վարակի մեջ քոլեջում կրթություն ստանալ ցանկացողների թիվը քիչ է: Ուստի քոլեջներն էլ փորձում են ամեն հնարավորություն օգտագործել՝ ձեռքից ուսանող բաց չթողնելու համար: Ու երբեմն դա արվում է որոշ խախտումների գնով, մանավանդ՝ օրենսդրական բացերի պատճառով ներկայումս քոլեջները հայտնվել են, այսպես ասած, անվերահսկելիության դաշտում: 2006-ից ԿԳՆ ենթակայության տակ գործող Կրթության պետական տեսչությունը՝ ըստ 15.11.2005-ին ընդունված «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի՝ ստուգումներ եւ տեսչավորումներ է իրականացնում մի շարք ուսումնական կազմակերպություններում՝ բացի բուհերից եւ քոլեջներից: Նույն օրենքի՝ կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում ՀՀ կառավարության իրավասություններին վերաբերող 6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է. «ՀՀ-ում հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման եւ հրապարակային հաշվետվությունների մշակման եւ ներկայացման, ուսումնական հաստատությունների կրթական գործունեության գնահատման կարգերի հաստատումը»: Ակնհայտ է, որ միջին մասնագիտական ոլորտը բացակայում է: Նշենք նաեւ, որ, մեր տեղեկություններով, այս օրենքի սկզբնական տարբերակում ընդգրկվել են նաեւ միջին մասնագիտական կրթական հաստատությունները, սակայն հետո հանվել են: Պատճառը քաղաքական է. այդ տարիներին ԿԳ նախարար էր Սերգո Երիցյանը, որն «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր: Իսկ քոլեջների տնօրենները հիմնականում հենց այս կուսակցության անդամներ էին, ուստի հազիվ թե նախարարը իր կուսակիցներին ցանկություն ունենար վատություն անել:

Ինչեւէ, փաստը մնում է փաստ, որ ներկայումս խնդիր կա օրենսդրության բարելավման: Երբ ուսումնասիրում ենք «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, պարզ է դառնում, որ այն ակնհայտ հակասության մեջ է «Կրթության պետական տեսչության մասին» օրենքի հետ: Մասնավորապես, ըստ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի՝ պետական քաղաքականության սկզբունքներին եւ երաշխիքներին վերաբերող 4-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված է. «Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ինքնավարությունը եւ վերահսկելիությունը»: Այս հիմնախնդիրների լուծման եւ օրենսդրական դաշտի բարելավման առումով կրթության պետական տեսչությունում այժմ տարվում են աշխատանքներ:

Տեսչության նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման բաժնի պետ Խաժակ Թոմոյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մենք մի օրենքի նախագիծ արդեն ներկայացրել էինք, հիմա փոփոխություններ ենք կատարում, որ ԱԺ նոր գումարման ժամանակ այն մտնի խորհրդարան: Այսինքն՝ այնպես չէ, որ նոր ենք քնից զարթնում: Այս նախաձեռնությունը պայմանավորված էր նրանով, որ առաջին մեկ տարվա ընթացքում, երբ տեսչությունը ուսումնասիրություններ իրականացրեց այն քոլեջներում, որոնք ունեն արհեստագործական խմբեր, բազում խնդիրներ բացահայտվեցին, որոնք անմիջականորեն առնչվում են նաեւ միջին մասնագիտական կրթությանը: Այդ պատճառով էլ ցանկանում ենք, որ տեսչության մասին օրենքում փոփոխություններ կատարվեն եւ ամրագրվի, որ տեսչությունը ստուգումներ է իրականացնում հանրակրթական եւ մասնագիտական հաստատություններում՝ նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ պատկեր էր գրանցվել: Խ. Թոմոյանը պատասխանեց. «Եթե արհեստագործական կրթօջախները մինչ ստուգումներ իրականացնելն աշխատում էին օրենսդրական դաշտին գրեթե անհամապատասխան, իսկ ստուգումներ իրականացնելուց եւ համապատասխան հանձնարարականներ տրվելուց հետո իրավիճակը զգալիորեն փոխվեց, ապա պատկերացրեք, թե քոլեջներում ինչպիսի իրավիճակ կգրանցվեր, հաշվի առնելով այն փաստը, որ այն ավելի ընդարձակ դաշտ է»: Ժամանակին տեսչությունը ուսումնարաններում հայտնաբերել էր կրկնակի ֆինանսավորման դեպքեր, երբ տվյալ աշակերտը գրանցված է եւ դպրոցում, եւ ուսումնարանում: Մեր այն դիտարկմանը, թե այժմ էլ այդ երեւույթները կտեղափոխվեն քոլեջներ, որոնք, փաստորեն, գործում են վերահսկողությունից հեռու, կամ այն հարցին, որ այժմ խոսակցություններ են պտտվում, թե քանի որ ԿԳ նախարարի հրամանով կրթության տեսչությունը հունվարից ստուգումներ է իրականացնելու բոլոր հանրակրթական դպրոցներում եւ ուսումնարաններում, ապա շատերն իրենց որդիներին դպրոցներից տեղափոխում են քոլեջներ՝ միանգամից փոխադրելով 2-րդ կուրս, պարոն Թոմոյանը պատասխանեց. «Ըստ օրենքի՝ քոլեջ եւ ուսումնարան կարող են ընդունվել առնվազն հիմնական եւ ընդհանուր կրթություն ունեցող անձինք, ինչը հաստատում է Ձեր մտավախությունը: Մենք էլ ենք մտահոգված այդ հարցերով: Օրինակ՝ հայտարարում ենք, որ 2011-ին շրջանավարտներ չենք ունենալու: Բայց ուսումնարաններն ու քոլեջները ունենալու են, այդ ինչպե՞ս եղավ: Սա նշանակում է, որ օրենսդրական դաշտը բաց է, ուստի պիտի ուշադրություն դարձվի, որ որոշ հարցերում լինի միասնականություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել