Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2009 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՔՈԼԵՋՆԵՐՆ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ

\"\"Պատճառը օրենսդրական բացերն են

Հայաստանում ներկայումս գործում է 83 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն՝ քոլեջ: Դրանց մեծամասնությունը գտնվում է ԿԳՆ-ի, մյուսները՝ այլ նախարարությունների ենթակայության տակ: Այս կրթական հաստատությունները վերածնունդ ապրեցին 2004-ից հետո: Մինչ այդ դրանցից շատերը փակվել էին, գույքը, շենքային պայմանները՝ յուրացվել կամ թողնվել բախտի քմահաճույքին: Սակայն քոլեջների վերաբացմամբ առաջ եկան բազում հիմնախնդիրներ. դրանցից, թերեւս, ամենակարեւորներից է վերահսկելիությունը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ-ում տիրող «բուհամանիայի» վարակի մեջ քոլեջում կրթություն ստանալ ցանկացողների թիվը քիչ է: Ուստի քոլեջներն էլ փորձում են ամեն հնարավորություն օգտագործել՝ ձեռքից ուսանող բաց չթողնելու համար: Ու երբեմն դա արվում է որոշ խախտումների գնով, մանավանդ՝ օրենսդրական բացերի պատճառով ներկայումս քոլեջները հայտնվել են, այսպես ասած, անվերահսկելիության դաշտում: 2006-ից ԿԳՆ ենթակայության տակ գործող Կրթության պետական տեսչությունը՝ ըստ 15.11.2005-ին ընդունված «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի՝ ստուգումներ եւ տեսչավորումներ է իրականացնում մի շարք ուսումնական կազմակերպություններում՝ բացի բուհերից եւ քոլեջներից: Նույն օրենքի՝ կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում ՀՀ կառավարության իրավասություններին վերաբերող 6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է. «ՀՀ-ում հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման եւ հրապարակային հաշվետվությունների մշակման եւ ներկայացման, ուսումնական հաստատությունների կրթական գործունեության գնահատման կարգերի հաստատումը»: Ակնհայտ է, որ միջին մասնագիտական ոլորտը բացակայում է: Նշենք նաեւ, որ, մեր տեղեկություններով, այս օրենքի սկզբնական տարբերակում ընդգրկվել են նաեւ միջին մասնագիտական կրթական հաստատությունները, սակայն հետո հանվել են: Պատճառը քաղաքական է. այդ տարիներին ԿԳ նախարար էր Սերգո Երիցյանը, որն «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր: Իսկ քոլեջների տնօրենները հիմնականում հենց այս կուսակցության անդամներ էին, ուստի հազիվ թե նախարարը իր կուսակիցներին ցանկություն ունենար վատություն անել:

Ինչեւէ, փաստը մնում է փաստ, որ ներկայումս խնդիր կա օրենսդրության բարելավման: Երբ ուսումնասիրում ենք «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, պարզ է դառնում, որ այն ակնհայտ հակասության մեջ է «Կրթության պետական տեսչության մասին» օրենքի հետ: Մասնավորապես, ըստ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի՝ պետական քաղաքականության սկզբունքներին եւ երաշխիքներին վերաբերող 4-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված է. «Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ինքնավարությունը եւ վերահսկելիությունը»: Այս հիմնախնդիրների լուծման եւ օրենսդրական դաշտի բարելավման առումով կրթության պետական տեսչությունում այժմ տարվում են աշխատանքներ:

Տեսչության նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման բաժնի պետ Խաժակ Թոմոյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մենք մի օրենքի նախագիծ արդեն ներկայացրել էինք, հիմա փոփոխություններ ենք կատարում, որ ԱԺ նոր գումարման ժամանակ այն մտնի խորհրդարան: Այսինքն՝ այնպես չէ, որ նոր ենք քնից զարթնում: Այս նախաձեռնությունը պայմանավորված էր նրանով, որ առաջին մեկ տարվա ընթացքում, երբ տեսչությունը ուսումնասիրություններ իրականացրեց այն քոլեջներում, որոնք ունեն արհեստագործական խմբեր, բազում խնդիրներ բացահայտվեցին, որոնք անմիջականորեն առնչվում են նաեւ միջին մասնագիտական կրթությանը: Այդ պատճառով էլ ցանկանում ենք, որ տեսչության մասին օրենքում փոփոխություններ կատարվեն եւ ամրագրվի, որ տեսչությունը ստուգումներ է իրականացնում հանրակրթական եւ մասնագիտական հաստատություններում՝ նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ պատկեր էր գրանցվել: Խ. Թոմոյանը պատասխանեց. «Եթե արհեստագործական կրթօջախները մինչ ստուգումներ իրականացնելն աշխատում էին օրենսդրական դաշտին գրեթե անհամապատասխան, իսկ ստուգումներ իրականացնելուց եւ համապատասխան հանձնարարականներ տրվելուց հետո իրավիճակը զգալիորեն փոխվեց, ապա պատկերացրեք, թե քոլեջներում ինչպիսի իրավիճակ կգրանցվեր, հաշվի առնելով այն փաստը, որ այն ավելի ընդարձակ դաշտ է»: Ժամանակին տեսչությունը ուսումնարաններում հայտնաբերել էր կրկնակի ֆինանսավորման դեպքեր, երբ տվյալ աշակերտը գրանցված է եւ դպրոցում, եւ ուսումնարանում: Մեր այն դիտարկմանը, թե այժմ էլ այդ երեւույթները կտեղափոխվեն քոլեջներ, որոնք, փաստորեն, գործում են վերահսկողությունից հեռու, կամ այն հարցին, որ այժմ խոսակցություններ են պտտվում, թե քանի որ ԿԳ նախարարի հրամանով կրթության տեսչությունը հունվարից ստուգումներ է իրականացնելու բոլոր հանրակրթական դպրոցներում եւ ուսումնարաններում, ապա շատերն իրենց որդիներին դպրոցներից տեղափոխում են քոլեջներ՝ միանգամից փոխադրելով 2-րդ կուրս, պարոն Թոմոյանը պատասխանեց. «Ըստ օրենքի՝ քոլեջ եւ ուսումնարան կարող են ընդունվել առնվազն հիմնական եւ ընդհանուր կրթություն ունեցող անձինք, ինչը հաստատում է Ձեր մտավախությունը: Մենք էլ ենք մտահոգված այդ հարցերով: Օրինակ՝ հայտարարում ենք, որ 2011-ին շրջանավարտներ չենք ունենալու: Բայց ուսումնարաններն ու քոլեջները ունենալու են, այդ ինչպե՞ս եղավ: Սա նշանակում է, որ օրենսդրական դաշտը բաց է, ուստի պիտի ուշադրություն դարձվի, որ որոշ հարցերում լինի միասնականություն»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կրկին՝ քրեական անցյալով տնօրեն

Կեղծիքների համար մեղադրված անձը շարունակում է դպրոցի տնօրեն աշխատել

Արարատի մարզի դպրոցներում տիրող վիճակի եւ այդ հարցում մարզպետարանի կրթության վարչության դերի մասին «Առավոտը» մեկ անգամ չէ, որ գրել է: Միայն վերջին 4 ամիսների ընթացքում անդրադարձել ենք մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման աչքաթողության հետեւանքով առնվազն 2՝ Գեղանիստ եւ Արալեզ գյուղերի դպրոցներում տիրող մտահոգիչ վիճակին (01.09.09՝ «Սպիտակ Լիմուզինով, քյուֆթայով ու մեխակներով չի ճանապարհում», 10.10.09՝ «Սելը ճռռալու տեղ…» եւ 19.09.09՝ «Շատ խառը պատմություն»): Մասնավորապես, վերջին հոդվածում՝ «Շատ խառը պատմության» մեջ ներկայացրել էինք Արալեզ գյուղի դպրոցում տիրող անհասկանալի մթնոլորտը: Ծնողները բողոքում էին, որ դպրոցը տնօրինում է քրեական անցյալ եւ դատապարտվածություն ունեցող անձը:

Դեպքը, որին ուզում ենք անդրադառնալ հիմա, շատ նման է Արալեզի դեպքին՝ կրկին դատապարտված, բայց աշխատանքը շարունակող տնօրեն, եւ կրկին՝ Արարատի մարզում: Այս անգամ՝ Արարատ գյուղում:

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին են դիմել Արարատի դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ ծնողներ. «Շուրջ 2 տարի է, մեր դպրոցում տիրում է լարված, անառողջ մթնոլորտ, որը բացասաբար է անդրադառնում կրթության վրա: Վերոհիշյալի պատճառը 2007թ. օգոստոսի 31-ին դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված, ապա 2008թ. փետրվարի 8-ին բազմաթիվ կեղծիքներով դպրոցի տնօրենի աթոռը զավթած Արմաշի լճերի ձկնավաճառ Դավիթ Վարժապետյանն է»: Նամակի հետ միասին ներկայացված է Արարատի մարզի դատախազ Ս. Պարսամյանի 2008 թ. սեպտեմբերի 20-ի «քրեական գործ հարուցելու մասին որոշման» պատճենը, որում գրված է. «պարզեցի՝ 2007թ. օգոստոսի 31-ից մինչեւ 2008թ. փետրվարը, այսինքն՝ Արարատի մարզի Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրենի ընտրության օրն ընկած ժամանակահատվածում պաշտոնատար անձի կողմից անձնական դրդումներով, այն է՝ դպրոցի տնօրենի թեկնածու Դավիթ Վարժապետյանի մանկավարժական աշխատանքի ստաժն ապահովելու համար դպրոցի հրամանագրքում կատարվել են կեղծ գրառումներ եւ մտցվել կեղծ տեղեկատվություն»: Ապա պարոն դատախազը գրում է, որ որոշել է քրեական գործ հարուցել Քրօրի 314 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Դատախազը գործը հարուցում է ու հանձնում ոստիկանություն: Դե, իսկ ոստիկանությունն էլ, հանձին Արարատի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության մայոր Ա. Հովհաննիսյանի, քննելով գործը, տեսնում է, որ, իրոք, կեղծվել է դպրոցի հրամանագիրքը, ավելին՝ Արարատ դպրոցի նախկին տնօրեն Վազգեն Թաթոսյանը խոստովանել է, որ իր ընկերոջ՝ «Արմաշի կարպալճակային տնտեսության» տնօրենի խնդրանքով դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Դավիթ Վարժապետյանին, որն այդ ժամանակ արդեն աշխատանքի էր անցել հիշյալ ձկնաբուծական տնտեսությունում, աշխատանքից ազատման հրաման չի տվել, որպեսզի ստաժը չկորչի, բայց նրա փոխարեն ֆիզկուլտուրայի ուսուցչի պարտականությունները կատարել եւ վարձատրվել են այլ մարդիկ: Իսկ 2008-ին, երբ տնօրենի ընտրություններն էին, Դ. Վարժապետյանը իր կեղծված կենսագրությամբ ոչ միայն հավակնել է դպրոցի տնօրենի պաշտոնին, այլեւ՝ ընտրվել է: 26.06 2009-ին Վարժապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 325 հոդվածի 1-ին մասով: Սակայն այդ քրեական հետապնդումը դադարեցվել եւ քրեական գործը կարճվել է՝ համաներման ակտի հիման վրա:

Համաներվել է՝ լավ, բայց որ շարունակում է դպրոցի՝ կրթական հաստատության տնօրենի գործառույթներ իրականացնել, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ի՞նչ պետք է սովորեն աշակերտները մի մարդուց, ով սեփական շահի համար կեղծում է պետական փաստաթղթերը, ով անձնական քինախնդրությունից դրդված՝ աշխատանքից ազատում է իր ապօրինությունները բարձրաձայնած ուսուցիչներին, ապա ստիպված լինում դատարանի վճռի համաձայն՝ կրկին վերականգնել նրանց աշխատանքի եւ հարկադիր պարապուրդի համար դպրոցի բյուջեից 1,5 մլն դրամ վճարել այդ ուսուցիչներին:

Արարատի մարզպետարանն այս ամենին նայում է մատների արանքով, կամ չի կարողանում, կամ չի ցանկանում ազատվել բազմաթիվ ապօրինությունների հեղինակ դպրոցի տնօրենից: Արդյունքում տուժում է դպրոցը, տուժում է դպրոցականը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԹԻՎ 162-Ի ԳՈՐԾԻ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի 11 նախկին ուսուցիչների՝ ազատման հրամանն անվավեր ճանաչելու եւ նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը գանձելու պահանջի մասին հայցը՝ ընդդեմ թիվ 162 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի: Նիստին չներկայացավ պատասխանող կողմը՝ թիվ 162 դպրոցը: Նիստը նախագահող դատավոր Հ. Հովհաննիսյանը ներկայացրեց պատասխանող կողմի դիմումը՝ նիստը հետաձգելու մասին: Նշենք նաեւ, որ հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ գործում որպես երրորդ կողմ ներգրավել ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը: Սակայն դատավորը հայտարարեց, որ իրենց դատարանի դիմումին տեսչությունից դեռ չեն արձագանքել: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Յուրա Եղիազարյանն էլ հայտարարեց, որ տեսչության ներկայացուցիչն իրեն խնդրել է փոխանցել, որ ինքը չի կարող նիստին մասնակցել՝ գործուղման մեկնելու պատճառով: Սա նշանակում է, որ տեսչությունից համաձայնել են ներգրավվել գործում՝ որպես երրորդ կողմ: Ուստի, հաշվի առնելով պատասխանող կողմի դիմումն ու այն հանգամանքը, որ տեսչության ներկայացուցիչը ներկա չէ նիստին՝ դատավոր Հ. Հովհաննիսյանը որոշեց գործի քննությունը հետաձգել մինչեւ 2010-ի հունվարի 15-ը, ժ.15-ը:

Տ. Հ.

Հ. Գ. Ուսուցիչների փոխանցմամբ՝ դպրոցի տնօրենը հավանաբար չէր կարողացել նիստին ներկա գտնվել այն պատճառով, որ նույն օրը ռեստորանում դպրոցի կոլեկտիվի հետ Ամանոր էր նշելու:

Սանտա Կլաուսին հնարավոր կլինի տեսնել սահնակով թռչելիս

\"\"Միացյալ Նահանգների քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ղեկավար Ռենդի Բեբբիտը, մանրակրկիտ ստուգումներից եւ փորձարկումներից հետո, նախօրեին պաշտոնապես թույլատրել է Սանտա Կլաուսին սահնակով (նավի համարը՝ NOEL) թռչել ԱՄՆ-ի օդային տարածքով: Այդ մասին, վկայակոչելով վարչության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունը, փոխանցում է «BBC»-ն:

Հաղորդվում է, որ մեկուկես ժամանոց ստուգումներից հետո Բեբբիտը համոզվել է, որ Սանտայի սահնակը հարմարեցված է թռիչքային մանեւրներին եւ կարող է նույնիսկ եղանակային վատ պայմաններում վայրէջք կատարել տների տանիքներին: ԱՄՆ-ի քաղաքացիական գլխավոր վարչությունը Սանտա Կլաուսի փոխադրամիջոցի հետազոտման ընթացքում նաեւ համոզվել է, որ թռչող սահնակի հակասառցային համակարգի, եղջերուների լծվածքի եւ նավիգացիոն մյուս համակարգերը եւս պատրաստ են թռիչք իրականացնելուն:

Վարչությունում շեշտել են, որ Սանտան եւ նրա բարի փերիները բավարար ժամանակ կունենան իրենց Ամանորի առաքելությունն իրականացնելու ընթացքում նաեւ հանգստանալ: Դրա համար, չնայած ավելի վաղ վարչության կողմից եղած արգելքներին, սահնակում կտեղադրվի WiFi՝ ինտերնետ մուտք ունենալու նպատակով: «Սանտան ու նրա թիմը միշտ արտակարգ պրոֆեսիոնալիզմ են դրսեւորել, ուստի՝ ես վստահ եմ, որ նաեւ այս անգամ նրանց ոչինչ չի խանգարի»,- ասել է Բեբբիտը:

Դաշնային վարչությունը կառավարական միակ կառույցը չէ, որն ակտիվ մասնակցություն է ունեցել Սանտա Կլաուսի հետ հանդիպմանը: Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD) թույլ է տալու «Santa Tracker» հատուկ կայքի այցելուներին ռեալ ժամանակային ռեժիմով հետեւել Սանտա Կլաուսի թռիչքին: NORAD-ի բացած այս հատուկ կայքում ասված է, թե իր ճանապարհորդության համար Սանտան ընտրել է 6 հատուկ վարժեցված եղջերուներ, ընդ որում՝ լծվածքի «առաջնորդ» Ռուդոլֆ եղնիկի փայլուն կարմիր քիթը ծառայելու է որպես ուղեցույց՝ NORAD-ի ռադիոտեղորոշիչ սարքերի համար, որի միջոցով հետեւվելու է Սանտայի եւ նրա մեծածավալ բեռի տեղաշարժը: Փերիների «ղեկավար» Կրեստմիս Ֆատատոյի ասելով, այս տարի Սանտայի գրասենյակներում երեխաների համար պատրաստվել է 5 միլիարդ փայտիկով սառնաշաքարներ, 20 միլիոն տարբեր մոդիֆիկացիայի տիկնիկներ եւ 30 միլիոն «Կոնստրուկտոր» խաղեր: Նվերների համար ծախսվել է 2 մլն 300 հազար դոլար եւ 25, 5 կմ մետաքսե ժապավեն: NORAD-ից հաջողվել է ճշտել նաեւ, որ Սանտա Կլաուսը առաջիկա թռիչքի համար հատուկ նախապատրաստություն է անցել: Նա մի ողջ մեկ տարի խիստ դիետա է պահել հաջող վայրէջք կատարելու համար եւ հիմա նա կշռում է 100 կգ: Այդուհանդերձ, տիկին Կլաուսը հավաստիացրել է, թե իր ամուսինը առաջվա նման գիրուկ է մնացել, եւ Սանտայի ամեն մի ծիծաղից նրա փորը ցնցվում է:

Բրիտանացիները խաղադրույք են արել. ձյուն կգա՞, թե՞ չի գա

Այս տարի բրիտանացիների ազգային խաղը՝ կանխատեսել, թե Սուրբ Ծննդյան օրը սպիտակ (նկատի ունի ձյունը) կլինի՞, արդյոք, ի վերջո տալիս է իր պտուղները: Այդ են վկայում օդերեւութաբաններն ու բուքմեյքերները: Նրանց տվյալներով, դեկտեմբերի 25-ին ձյան տեղումներ են լինելու Անգլիայի հյուսիս-արեւելքում եւ երկրի մի շարք այլ շրջաններում: Բրիտանական կղզիներում գրեթե ամենուր արդեն ձյուն է եկել, թեեւ դա դեկտեմբեր ամսվա համար անսովոր է: Բրիտանական խոշորագույն բուքմեյքերական գրասենյակներից մեկը՝ «William Hill»-ը պնդել է, թե այս ռեկորդային թվով բրիտանացիները՝ 27 հազար մարդ, որից 15 հազարը՝ միայն Լոնդոնում, խաղադրույք են կատարել այն կանխատեսման օգտին, որ այս տարի Ծննդյան տոները «սպիտակ» են լինելու: Այդ մարդիկ, թերեւս, հիասթափվելու են, որովհետեւ կանխատեսվում է, որ դեկտեմբերի 25-ին Լոնդոնում դժվար թե ձյուն գա: Ընդսմին, բուքմեյքերները ընդգծել են՝ մինչ խաղադրույք անելը պետք է հստակ հասկանալ «սպիտակ Ծննդյան տոն» տերմինը: Այն նշանակում է, որ «ձյունը պետք է գա 24 ժամվա ընթացքում՝ որեւէ պահի, բայց ձյունը, որն արդեն տեղացել է մինչ այդ պահը՝ չի հաշվվում»:

«Կարծես մեզ հաջողվել է խուսափել խոշոր վճարումներ կատարելուց, բայց, թերեւս, վնասներ կկրենք Շոտլանդիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում, որտեղ դեկտեմբերի 25-ին ձյուն է կանխատեսվում: Փոխարենը հույս ունենք, որ նույնը չի կրկնվի Լոնդոնում»,- անկեղծացել է բուքմեյքերական գրասենյակի ներկայացուցիչը:

Աշխարհի քրիստոնյաները սկսել են տոնել Ծննդյան տոները

\"\"Աշխարհի շատ երկրներում սկսվել են Ծննդյան տոները: Հազարավոր ուխտագնացներ ժամանել են Բեթղեհեմ, իսկ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Սուրբ Ծննդյան արարողություն է մատուցել Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում: Այդ մասին տեղեկացնում է «BBC»-ն:

Հիսուս Քրիստոսի շատ հետեւորդներ Ծննդյան տոները դիմավորել են Բեթղեհեմում, որտեղ, Աստվածաշնչի համաձայն, ծնվել է Քրիստոսը, եւ որը գտնվում է Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այստեղ դեկտեմբերի լույս 25-ի կեսգիշերին պատարագ է մատուցվել: Գազայի հատվածի 35 տարեկանից բարձր մոտ 300 քրիստոնյաներ իսրայելական բանակի ղեկավարների կողմից իրավունք են ստացել Ծննդյան տոնն անցկացնել Բեթղեհեմում: Այդ քաղաք է այցելել մոտ 15 հազար զբոսաշրջիկ:

Իսկ նախօրեին Վատիկանում, Ծննդյան արարողության ժամանակ, արտակարգ միջադեպ էր գրանցվել: Մի կին հաջողացրել էր հաղթահարել արգելապատնեշն ու թռել էր հենց Հռոմի պապի վրա՝ նրան գցելով գետնին: Բենեդիկտոս 16-րդը չի տուժել. նա ոտքի է կանգնել եւ հանգիստ շարունակել է արարողակարգը: Կնոջը ձերբակալել են, թեեւ նա եւս վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: «BBC»-ի մատուցմամբ, հնարավոր է, որ այդ կինը հոգեկանի հետ կապված խնդիրներ ունի, թեեւ ինքն իր քայլը բացատրել է Հռոմի պապին գրկելու մեծ ցանկությամբ: Միջադեպի արդյունքում մարմնական լուրջ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաեւ կնոջ ճանապարհին ակամա հայտնված եւ ոտնակոխ եղած ֆրանսիացի կարդինալը:

Երեկ երեկոյան, նախատեսվածից երկու ժամ առաջ, 82-ամյա Բենեդիկտոս 16-րդը սկսել է Ծննդյան արարողության ծեսը:

ԳԵՐՄԱՆԱՑԻ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ ՀԱՇՎԵԼ ԵՆ ՁՄԵՌ ՊԱՊԻ «ԲԱՑԱԾ» ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

\"\"Գերմանական Վոլֆսբուրգի «Phaeno» գիտա-զվարճանքների կենտրոնի ֆիզիկոսները հաշվել են այն արագությունը, որով պետք է շարժվի Ձմեռ պապը կամ Սանտա Կլաուսը՝ մեկ գիշերվա ընթացքում, գերմանացի երեխաներին նվերներ մատուցելու համար: «Spiegel»-ի մատուցմամբ, այդպիսի հաշվարկներ անելու համար գիտնականները օգտվել են հետեւյալ տվյալներից. Գերմանիայում բնակվում է մինչեւ 15 տարեկան մոտ 11 մլն երեխա: Երկրի տարածքը կազմում է 357 հազար քառակուսի կիլոմետր, որի միայն մի փոքր մասն է բնակեցված: Միջին հաշվարկով ստացվել է, որ տները, որտեղ ապրում են Ձմեռ պապից նվերի սպասող մինչեւ 15 տարեկան երեխաները, տեղակայված են ամեն 62 մետրի վրա: Այսպիսով, Ձմեռ պապը պետք է կտրի 682 հազար կմ տարածություն: ICE արագընթաց գնացքին այդ տարածությունն անցնելու համար պահանջվել է մի ամբողջ տարի, բայց Ձմեռ պապն իր տրամադրության տակ ունի ընդամենը մեկ օր, ուստի՝ նա իր սահնակով պետք է շարժվի ժամում 28416 կմ արագությամբ: Սրանով է բացատրվում այն փաստը, թե ինչու ոչ ոք չի կարողանում Ձմեռ պապին տեսնել. այդ արագության պայմաններում դա ուղղակի անհնար է: Ձմեռ պապի «բացած» արագության պայմաններում սառն օդի շփումով է բացատրվում նաեւ այն, թե ինչու է Պապի քիթը կարմիր: Ֆիզիկոսները նշում են, որ սկզբունքորեն այդպիսի արագության եւ օդի հետ շփման պայմաններում Ձմեռ պապը պիտի որ բոցավառվեր, բայց, ըստ ամենայնի, նրան այդ վտանգից պաշտպանում է իր հատուկ կարմիր հագուստը:

Գերմանացի գիտնականները նաեւ հաշվել են, որ եթե, ենթադրաբար, Ձմեռ պապը երեխաներին նվիրելու լինի թեկուզ 10 շոկոլադ, ապա նրա սահնակը պետք է տեղափոխի մեկ մլն կգ նվեր՝ մոտ 150 մեծ տրանսպորտային բեռնախուց: Ուստի, սահնակը այդքան բեռով տեղից շարժելու համար անհրաժեշտ է առնվազն երկու դիզելային լոկոմոտիվ, բայց քանի որ Ձմեռ պապը լոկոմոտիվ չի վարում, ապա նրան անհրաժեշտ է ամենաքիչը 3000 եղջերուների լծվածք: Ֆիզիկոսները նաեւ հերքել են այն միֆը, թե Ձմեռ պապն իր եղջերուներին առաջ մղելիս «հո-հո-հո» է գոռում: «Ձմեռ պապի սահնակի արագությունը գերազանցում է ձայնի արագությանը, ուստի՝ նրա ձայնը երբեք չի կարող հասնել կենդանիների ականջին»,- եզրակացրել են գերմանացի գիտնականները: Եվ վերջապես, վաղուց հաստատված ավանդույթի համաձայն, որպեսզի Ձմեռ պապն իր նվերը ծխնելույզի մեջ գցի, նրան անհրաժեշտ է թռչել տան կոնագծով՝ դրա բարձրագույն կետից սահնակն արգելակելու պահին: Ընդ որում, Ձմեռ պապը այդ պահին ենթարկվելու է այնպիսի ճնշման, ինչպիսին զգում են ռազմական ռեակտիվ ինքնաթիռների օդաչուները:

ՃԳՆԱԺԱՄՆ ԱԶԴԵԼ Է ՆԱԵՎ ԱՄԱՆՈՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Տարվա ամենագլխավոր տոնն արդեն մոտենում է, բայց ռուսաստանցիներից ոմանց տրամադրությունն ամենեւին էլ տոնական չէ: Այս մասին փոխանցում է «utro.ru»-ն: Աղբյուրի մատուցմամբ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը անդրադարձել է նաեւ ռուսաստանցիների՝ Նոր տարին տոնելու ծրագրերի վրա: Այս տարի Ամանորի արձակուրդները տեւելու են 10 օր, բայց ռուսաստանցիների 5 տոկոսը հայտարարել է, թե չի պատրաստվում որեւէ կերպ նշել այդ տոնը: Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի տվյալներով, իրավիճակն անմխիթար է նաեւ Ամանորի նվերներ մատուցելու իմաստով: Ռուսաստանցիների 15 տոկոսը հայտարարել է, թե մտադիր չէ նվեր մատուցել իր հարազատներին ու մտերիմներին: Ի դեպ, նաեւ ոչ բոլորն են ցանկանում իրենց տոնածառի տակ Ձմեռ պապից անակնկալ նվեր ստանալ: Նրանք կազմում են ռուսաստանցիների 17 տոկոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել