Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզա-բնապահպանական «հայրենասիրություն»

Դեկտեմբեր 26,2009 00:00

Կապանի բնապահպանական հասարակական կենտրոնում երեկ հերթական անգամ քննարկվում էին «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գործունեության եւ դրա արդյունքում տարածաշրջանին հասցված վնասների հարցերը: «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը ներկայացրեց շահագրգիռ մի քանի կազմակերպությունների կողմից Կապանում «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գործունեության հասարակական մոնիտորինգի արդյունքները եւ ասաց, որ ՀՀ կառավարությանը առաջարկ է ներկայացվել ուսումնասիրել ընկերության գործունեության սոցիալական, բնապահպանական հետեւանքները եւ ձեռնարկել միջոցառումներ՝ շրջակա միջավայրին, մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու համար:

Իսկ ահա հանդիպման որոշ մասնակիցներ, չգիտես ինչու, հենց սկզբից շատ ցավոտ ընդունեցին «Էկոլուրի» գործունեությունը եւ զարմանում էին, թե ինչու է Երեւանում գործող կազմակերպությունը իրեն իրավունք վերապահում Սյունիքի խնդիրները վեր հանել: Ըստ «բողոքավորների», այդ խնդիրներին տեղական մակարդակով անդրադառնալը ամենաճիշտն է: Նաեւ զարմանում էին, թե ինչու է «Էկոլուրը» ուսումնասիրում հենց «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գործունեությունը եւ ոչ տարածաշրջանի մյուս լեռնաարդյունաբերական ձեռնարկությունների, որոնք նույնպես մեծ ազդեցություն են թողնում տարածաշրջանի վրա: Սրան զուգահեռ, եղան կարծիքներ, թե լավ է, որ գոնե խնդիրների մասին բարձրաձայն խոսող կա: Բայց մեկ ժամ տեւած քննարկումից հետո յուրաքանչյուրը մնաց իր տեսակետին:

Հ. Գ. Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ հետաձգվել է Շահումյան բանավանի բնակիչների՝ ընդդեմ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության հայցի քննարկումը: Ընկերությունը անհրաժեշտ փաստաթղթերը ամբողջությամբ չէր ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել