Տարին բնապահպանական էր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի համար: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարին ամփոփելով՝ նախարարն անդրադարձավ Սեւանա լճի հիմնախնդիրներին՝ նշելով, որ լճի ջրի մակարդակն այս տարի աճել է 40 սմ-ով. «Ջրի մակարդակի բարձրացման հետ կապված ջրածածկման ենթակա տարածքներում, վնասակար ազդեցության կանխարգելման նպատակով, 575 հա տարածքի վրա կատարվել են ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ: Սեւանա լիճ է բաց թողնվել 287 հազար հատ մանրաձուկ: Հատկացվել է 71 մլն 502,9 հազար դրամ»: Նախարարը, ի պատասխան պտտվող լուրերին, թե Սեւանա լճում սպառվել են սիգի արդյունաբերական պաշարները, ասաց, որ այդ պաշարները ոչնչացված չեն ու այս տարի լճում կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մանրաձկներ:
Պարոն Հարությունյանն անդրադառնալով ձկնկիթի ապօրինի վաճառքին, տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ նախարարությունն իրականացնում է խիստ վերահսկողություն: Նրա խոսքերով, առեւտրի որոշ կետերում հայտնաբերել են իշխան ձկան ձկնկիթ ու պարզել, որ ձկները աճեցվել են արհեստական ճանապարհներով: Բնապահպանության նախարարը հավաստիացրեց նաեւ, որ տնտեսական ճգնաժամից չի տուժել բնապահպանական եւ ոչ մի ծրագիր. 10%-ով տնտեսումներ են եղել մրցույթների առումով: