Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ՄՅՈՒՍ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՉՏՈՒԺԵՆ

Դեկտեմբեր 26,2009 00:00

Ընթերցելով 18.12.2009-ի «Առավոտ» թերթում տպագրված «Պետությունը երաշխավորում է, բայց չի վերահսկում» հոդվածը՝ հարկ համարեցի իմ տեսակետը ներկայացնել տվյալ կլինիկայի՝ «Սուրբ Աստվածամայր» մանկական բժշկական կենտրոնի վերաբերյալ, որտեղ արդեն 1 տարի է, բուժվում է իմ երեխան. բարդ հիվանդության՝ կերակրափողի նեղացման պատճառով: Ես իրավունք չունեմ հերքել որեւէ մեկի կարծիքը, բայց եւ ուզում եմ հայտնել իմը, քանի որ խոսվում է մանկական բուժհիմնարկության մասին: Իմ աղջիկը շատ բարդ ու տեւական բուժում է անցնում այդ կլինիկայում: Աղջիկս՝ Մերին, 12 տարեկան է: Ընդհանուր անզգայացմամբ կատարվել է թվով 35 կերակրափողի բալոնային բիլատացիայի կուրս, որից հետո տեղադրվել է գաստրաստոմա, անցկացվել է թել եւ բուժավորումը շարունակվել է թելի վրա: Այս ամենը նշեցի մի նպատակով: Բուժումն ամբողջովին եղել է եւ շարունակվում է անվճար: Ես երջանիկ եմ, որ աղջիկս լիովին ապաքինվում է՝ շնորհիվ կենտրոնի բանիմաց, գրագետ բժիշկների: Բժիշկ Դալլաքյանը ղեկավարում է մի կենտրոն, որն ունի մասնագետներ, որոնք ճանաչում ունեն ողջ հանրապետությունում: Կարդալով հոդվածը՝ շատ ծնողներ, հնարավոր է՝ ունենալով հիվանդ երեխա, այլ տպավորություն կկազմեն կլինիկայի մասին եւ կխուսափեն դիմել «Սուրբ Աստվածամայր» կենտրոն: Քանի որ սա միակ՝ մանուկների համար անհրաժեշտ բուժսարքավորումներ ունեցող մասնագիտացված կենտրոններից է, ես չէի ցանկանա, որպեսզի այլ երեխաներն էլ անցնեն այն ճանապարհը, որն անցել է Մերին: Նա այլ մանկական հիվանդանոցներում մի քանի անգամ վիրահատվել է, մինչեւ եկել ենք այստեղ: Բայց եթե նախապես գայինք, երեխան այդքան չէր տուժի:

Իմ դեպքում իմ աղջկա առողջությունն ամենագլխավորն է: Ես վստահել եմ նրա կյանքը բժիշկ Դալլաքյանին եւ չեմ սխալվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել