Իսկ կոռուպցիայի նախահայրը, ըստ Հայ ազգային կոնգրեսի անդամների, Սերժ Սարգսյանն է
Սերժ Սարգսյանին դարձյալ հիշելու պատճառն այն էր, որ երեկ Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստներ՝ Գագիկ Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը, Սմբատ Այվազյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Անդրանիկ Քոչարյանը ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակում ամփոփում էին անցնող տարին: Նրանք մեկ անգամ եւս անխնա քննադատելով «Մարտի 1-ից մինչեւ Նիկոլի դատավարությունն» ընկած ժամանակահատվածը՝ նշեցին, որ հանրապետությունով մեկ հայտնվել ենք զավեշտալի իրավիճակում: Սմբատ Այվազյանը, խոսելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, այսպիսի գնահատական տվեց անցնող տարուն. «Երեկ լրագրողներից մեկը ինձ զանգահարել եւ ասում էր՝ 2009 թ.-ի համար ինձ մի լուսավոր կետ ասեք, ես ընդհանրապես վատատես մարդ չեմ, լավատես եմ, բայց իրականում ես լավ բան 2009 թ.-ին չեմ տեսել: Այսօր Հայաստանի վիճակը բազմաթիվ առումներով ծանր է. ժողովրդավարության հետնահանջ, տնտեսության օլիգարխիկ համակարգ, կոռումպացված տնտեսություն: Իսկ կոռուպցիա ասելով՝ ես Սերժ Սարգսյանին եմ հիշում, Սերժ Սարգսյանն է նախահայրը Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի, միաժամանակ կնքահայրն է, եւ այսօր շատ ավելի հզոր կնքահայր է: Հիշենք երեւույթները. պայքար սկսեց՝ ավտոտեսուչների հետ կապված, վարորդները, երբ որ այն ժամանակ խախտում էին անում, ավտոտեսուչը կանգնեցնում էր, 500-1000 դրամ տալով պրծնում էին, հիմա Երեւանում 5000 դրամով չես կարող տեսուչի ձեռքից ազատվել, ամենացածր գինը՝ կաշառքը, 10 000 դրամն է: Դպրոցների վերակառուցում, վերափոխում, եսիմ ինչ արեց, մեկ դասարան թռնելը հիմա արժե 2000-5000 դոլար»: (Այնուամենայնիվ, պարոն Այվազյանի ասածներից հասկանալի չէ. մի՞թե նա կողմ է «էժան» կաշառքին, միայն թե օրինախախտում անելը «թանկ չնստի»- խմբ.): Գագիկ Ջհանգիրյանն էլ, մեկ անգամ եւս մերկացնելով «բացիլով ախտահարված» հայկական արդարադատությունը՝ կանխագուշակեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին կդատապարտեն առնվազն յոթ տարվա ազատազրկման: «Որեւէ բան ոչ էդ դատավորից եմ սպասում, ոչ էլ էդ դատարանի կազմից կամ դատախազից, բնական է՝ դատապարտելու են, հենց որ մեղադրական դատավճիռը մտավ ուժի մեջ, Նիկոլ Փաշինյանը զրկվելու է պատգամավորի մանդատից: Դրա համար էլ մեղադրանքի կողմը, դատարանը Նոր տարվա տակ շտապեցնում են, ուզում են անպայման, գոնե եթե ոչ ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ ունենան, գոնե մեղադրական դատավճիռ ունենան, որպեսզի ընտրողներին ասեն՝ դուք իզուր եք քվեարկում Նիկոլ Փաշինյանի օգտին, մեկ է՝ նա մանդատը չի ստանալու»: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի նախորդ օրը Հովիկ Աբրահամյանի հնչեցրած այն տեսակետը, որ հաջորդ նախագահական ընտրություններին եւս Սերժ Սարգսյանն է հաղթելու, պարոն Ջհանգիրյանը պատասխանեց. «Կներեք, չեմ հետեւել, քանի որ Երեւանում «ԳԱԼԱ»-ն, «Ցայգը» չեն հեռարձակվում, մնացած բոլորը ես համարում եմ պետական հեռուստաալիքներ ու հեռուստատեսություններ, ես չեմ նայում, ինձ էդ հաճույքից զրկում եմ կամավոր, ով նայել է, թող իրենք մեկնաբանեն. Մակեյան, դու նայած կլինես, Հովիկին շատ ես սիրում, մեկնաբանի»,- կատակեց Գագիկ Ջհանգիրյանը: Պետրոս Մակեյանն էլ, սա համարելով ներիշխանական գզվռտոցը կոծկելու ու միաժամանակ «Հովիկ Աբրահամյանների, Ռոբերտ Քոչարյանների ու Սերժ Սարգսյանների տեսակը» պահպանելու կռիվ, խորհուրդ տվեց գնալ ու այդ մասին հարցնել Հովիկ Աբրահամյանին. «Միայն նա կասի, թե ինչի՞ իր թոռան ծնունդի հետ նաեւ Սերժ Սարգսյանի 13թ.-ի քարոզչությունն էր անում»: Իսկ «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ են կոնգրեսականները Հովիկ Աբրահամյանի պես վստահ, որ հաջորդ ընտրություններում իրենց թեկնածուն կհաղթի, եւ արդյոք նրանց կհաջողվի՞ ժողովրդավարական ճանապարհով ընտրություններ կազմակերպել, Գագիկ Ջհանգիրյանը հարցին հարցով պատասխանեց. «Կասկածո՞ւմ եք: Մենք չենք կասկածում, կասկածողի ենք ման գալիս: Մեր նպատակը մեր առաջնորդին նախագահի աթոռին նստեցնելը չէ, մեր նպատակը նա է, որ Հայաստանում ժողովրդին վերադարձնենք օրինական, լեգիտիմ իշխանություն ձեւավորելու նրա իրավունքը, ում կուզի՝ թող ժողովուրդը ընտրի: Բնական է, որ որպես ՀԱԿ-ի անդամներ՝ մենք շահագրգռված ենք, որ մեր առաջնորդը լինի մեր հանրապետության նախագահը, եւ չենք էլ կասկածում, որ այդպես էլ լինելու է, բայց մեր նպատակը ամեն գնով Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահի աթոռում կարգելը չէ: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանար, ինձ թվում է, մարտի 2-ին նրա՝ իշխանության գալը շատ հստակ էր, Երեւանում էդ խնդիրը լուծված էր, չգնաց մեր առաջնորդը, որովհետեւ զոհեր կային, եւ կարող է այդ զոհերը ավելին լինեին, այսինքն՝ ամեն գնով իշխանություն պետք չի, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ նաեւ իրեն Ղարաբաղի գնով իշխանություն պետք չէ, մեր նպատակը Հայաստանում իրավիճակ, մթնոլորտ փոխելն է: Մենք պետք է Հայաստանում էնպիսի իրավիճակ ու պայմաններ ստեղծենք, որ ժողովուրդը ազատորեն իր կամքը դրսեւորի, հակառակ դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ թեկուզ դեմոկրատական, ազատ ընտրություններով ընտրված նախագահը չի բռնազավթելու այս իշխանությունը, չի դառնալու ցմահ այդ պաշտոնում նախագահ եւ չի կրկնվելու այն, ինչ որ էսօր կրկնվում է մեր երկրում»:
Ի դեպ, կոնգրեսականները նեղացան այն լրագրողներից, ովքեր քննադատեցին Կոնգրեսին 2009թ.-ին պասիվանալու համար, նրանց պնդելով՝ «որեւէ պասիվացում եւ որեւէ նահանջ» չի եղել, այլապես քաղբանտարկյալների զգալի մասին չէր հաջողվի բանտերից դուրս գալ: