Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղորայքի գնաճը բավարար ապացո՞ւյց չէ

Դեկտեմբեր 26,2009 00:00

2009-ի սեպտեմբեր ամսվանից սկսած՝ Հայաստանի դեղորայքի շուկայում շարունակական գնաճ է նկատվում: Որոշ տեսակի դեղամիջոցներ թանկացել են նույնիսկ 40%-ով: Այս փաստի առնչությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ էր հարուցել, որն ընդգրկել է դեղերի շրջանառության ոլորտում ներկրման ծավալներով առնվազն 1% բաժին ունեցող, ինչպես նաեւ դեղերի արտադրությամբ զբաղվող 25 տնտեսվարողների վարքագծի ուսումնասիրությունը: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովը փաստեց, որ հակամրցակցային համաձայնության են եկել 7 տնտեսվարողներ, որոնք սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դեղորայքի գները բարձրացրել են անհիմն: Արդյունքում «ՎագաՖարմը», «ԱրգոՖարմը», «Էսկուլապը», «Ամիկուսը», «Նատալի Ֆարմը», «ԱլֆաՖարմը» եւ «Արֆարմացիան» տուգանվեցին նախորդ տարվա հասույթի 2%-ի չափով (բայց յուրաքանչյուրը ոչ ավելի, քան 300 միլիոն դրամով):

Այն, որ մանրածախ առեւտրի ցանցում դեղորայքի գնաճը խիստ ակնհայտ էր ու անհասկանալի՝ զգում էր յուրաքանչյուր սպառող, սակայն, պարզվում է, որ դեղերի բիզնեսով զբաղվող գործարարները խիստ անակնկալի են եկել ու դեռ հայտարարում են, թե «ինչ գնաճի մասին է խոսքը, մենք մի բան էլ վնասով ենք աշխատում»: Երեկ հրավիրած ասուլիսում «Վագաֆարմի» հիմնադիր Վահե Վարսանյանը լրագրողներին ներկայացրեց տուգանքի վերաբերյալ իր դիտարկումները: Նրա կարծիքով, պետական մարմինը (խոսքը տվյալ դեպքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասին է), բանուգործ չունի եւ որոշել է անուն հանել, ու քանի որ Հայաստանում գրիպի վիրուս է տարածված, եւ որոշ դեղերի գներ բարձրացել են, փորձում են հանրությանը ներկայացնել, թե իբր իրենք մի բան անում են՝ դրա դեմ պայքարելու համար:

Ավելին, ըստ Վ. Վարսանյանի, հանձնաժողովը կազմակերպել էր ոչ ավելի, ոչ պակաս՝ իսկական շոու, աննպատակ խլել է իրենց ժամանակը, կպել է իրենց հեղինակությանն ու իրենց անբարեխիղճ է անվանել: «Այս քայլը հանձնաժողովի կողմից պետական քիլլերություն է»,- հայտարարեց Վ. Վարսանյանը: Նրա ներկայացմամբ, հանձնաժողովն իրենց տուգանել է առանց որեւէ հիմնավորման եւ փաստի. «Անցյալ տարվա համեմատությամբ, մենք հիմա ավելի ցածր վերադիրներով ենք աշխատում, իսկ մարտ ամսից սկսած, որոշ դեղեր վաճառվել են նույնիսկ ինքնարժեքից ցածր, այսինքն՝ աշխատել ենք վնասով»: Իսկ թե ինչպես է, որ իրենք ավելի ցածր վերադիրներով են աշխատում, այսինքն՝ դեղի ինքնարժեքին ավելի քիչ գումար են ավելացնում, բայց դեղերն անցյալ տարվանից անհամեմատ ավելի թանկ են վաճառվում, ներկայացրեց «ԱրգոՖարմի» փոխտնօրեն Գուրգեն Ասրյանը. «Դա կախված է դրսի արտադրողից: Ամբողջ աշխարհում դեղագործական ընկերությունները բարձրացրել են իրենց ապրանքի գինը: Մեր կողմից ներկրվող բոլոր դեղերը թանկացել են մինչեւ 40%-ով»:

Իսկ արդյոք չե՞ն պատրաստվում շտկել խախտումը եւ վերանայել դեղորայքի գինը, ինչպես պահանջել է հանձնաժողովը, Վ. Վարսանյանը պատասխանեց. «Ամեն մի պաշտոնյայի անպատասխանատու հայտարարություններին պետք չի ուշադրություն դարձնել: Եթե այդպես է՝ մեր բանալիները տանք իրենց՝ թող գան աշխատեն»:

Նշենք, որ «ՎագաՖարմը» տուգանվել է 40 միլիոն դրամով, իսկ «ԱրգոՖարմը»՝ մոտ 21,5 միլիոն դրամով:

Ի պատասխան այն դիտարկումների, որ տնտեսվարողների հանդեպ տուգանքը կիրառվել է առանց հիմնավոր փաստերի, հանձնաժողովից պարզաբանեցին. «Ի թիվս այլ փաստաթղթային ապացույցների, փաստացի ապացույց են նաեւ դեղերի գները: Եթե որեւէ տնտեսվարող կասկած ունի, ապա կարող է հարցնել դեղ օգտագործող ցանկացած քաղաքացու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել