Մոտ 150 հազար դրամ էլ պետք է նախատեսել՝ փարթամ ու զարդարված եղեւնի ունենալու համար
Այս տարի վաճառակետերում բնական եղեւնիներն ու սոճիներն անհամեմատ քիչ են, քան նախորդ տարիներին, երբ ամբողջ Բաղրամյան փողոցը վերածվում էր բնական եղեւնիների փոքր պուրակի: Վերջին մի քանի օրերին էլ այդ փողոցում, 2-3 վաճառակետերում բնական եղեւնիներ են վաճառվում, որոնց գները՝ կախված ճյուղերի խտությունից եւ բարձրությունից, տատանվում են 30-150 հազար դրամի սահմաններում: Չնայած անցյալ տարի բնական «տոնածառերի» գները բավականին իջել էին՝ մինչեւ 60 հազար դրամ, սակայն այս տարի կրկին աճեցին: Հավանաբար, պատճառն այն է, որ այս տարի բնական եղեւնիներ կամ սոճիներ ներկրողները քիչ են: «Գնորդներ էլ չունենք, էս քանի օր է՝ այստեղ ենք, ընդամենը մի քանի ծառ ենք ծախել»,- նշեց Ամերիկյան համալսարանի դիմաց բնական եղեւնիներ վաճառող երիտասարդներից մեկը: Բնական եղեւնու կոներով պատված ճյուղեր ձեռք բերելու համար էլ կծախսվի 2-5 հազար դրամ: Իսկ արհեստական տոնածառերի գներն անհամեմատ էժան են, չնայած՝ անցյալ տարվա համեմատությամբ՝ կրկին թանկացել են: 1 մետր 80 սանտիմետրանոց արհեստական տոնածառ կարելի է գնել 15-16 հազար դրամով, իսկ 2 մետրից բարձր տոնածառերն արժեն 20 հազար դրամից ոչ պակաս, այնինչ, նախորդ տարի 1-ից 1,5 մետրանոցներն արժեին 15-25 հազար դրամ: Մոտավորապես 15-20 հազար դրամ պետք կգա տոնածառի զարդերը, խաղալիքներն ու լույսերը գնելու համար: Ասենք, տուփով 6 հատ միջին չափի տոնածառի խաղալիքներն արժեն 2500 դրամ, 12 հատանոց փոքր խաղալիքներով տուփերն արժեն 1800 դրամ: Փայլերի գները, կախված որակից ու փարթամությունից, տատանվում են 200-800 դրամի սահմաններում, իսկ տարբեր տեսակի գունավոր լույսերն արժեն 2300-2500 դրամ:
Իսկ տոնական սեղանի համար մեր քաղաքացիները, ամենահամեստ հաշվարկներով, պետք է նախատեսեն 200 հազար դրամ: Հաշվի առնելով այն, որ մեր հանրապետությունում միջին աշխատավարձը 80 հազար դրամ է, միայն աշխատավարձով ապրող քաղաքացին պետք է 2-3 ամիս չուտի ու չխմի, որպեսզի կարողանա «հայավարի» Նոր տարի նշել: Նկատենք, որ ամեն տարվա պես, այս տարի էլ գրեթե բոլոր սննդատեսակները բավականին թանկացել են: Օրինակ, մայրաքաղաքի վաճառակետերում տեղական խոզի բուդի 1 կիլոգրամը, նախկին 2500 դրամի փոխարեն, վաճառվում է 3600 դրամով, այսինքն՝ միայն 5-6 կիլոգրամանոց խոզի բուդ գնելու համար կծախսվի միջինը 18 000-ից՝ 21 600 դրամ: Կարելի է գնել նաեւ սառեցված արտասահմանյան խոզի բուդ, որը մի քանի հազար դրամով պակաս կարժենա: Հաշվի առնելով խոզի բուդի՝ բոլորին ոչ հասանելի գինը, վերջին տարիներին շատ հայկական ընտանիքներում այն փոխարինվում է հնդկահավով, որն անհամեմատ մատչելի է. հնդկահավի 1 կիլոգրամն արժե 1700 դրամ: Տոնական սեղանին տեսքով ու թմբլիկ հնդկահավ ունենալու համար կպահանջվի մոտ 10 հազար դրամ: Նշենք, որ անցյալ տարվա համեմատությամբ հնդկահավի 1 կիլոգրամի գինն ավելացել է 300 դրամով:
Հայկական խոհանոցից անպակաս տոլման պատրաստելու համար տանտիրուհիներից կպահանջվի մոտավորապես 3500 դրամ, քանի որ 1 կգ աղացած միսն արժե 1800 դրամ, 100-200 դրամով ավելի թանկ, քան անցյալ տարի, կես կիլոգրամ բրինձը՝ 300-350 դրամ, 700 գրամանոց տարայով խաղողի թուփն էլ արժե 600 դրամ, կաղամբի 1 կիլոգրամն էլ 300 դրամ է: Հաշվի առնելով այն, որ հատկապես այս կերակրատեսակը հայերը ավելի շատ են պատրաստում, ուստի դրա պահանջվող գումարը կրկնապատկվում կամ եռապատկվում է: Նրբաբլիթ (բլինչիկ) պատրաստելու համար էլ կպահանջվի մոտ 4 հազար դրամ: Մեծ ծախսեր կպահանջվի նաեւ «զակուսկեղեն» գնելու համար: Բաստուրմայի 1 կիլոգրամն արժե 2000-4500 դրամ, սուջուխինը՝ նույնպես: Տարբեր տեսակի երշիկներից «ասորտի» հավաքելու համար՝ կպահանջվի մոտ 6000 դրամ: Ապխտած խոզի մսի (վիտչինայի) 1 կգ-ն էլ արժե 2800-3800 դրամ: Հայկական տոնական սեղաններից անպակաս է լինում նաեւ ձուկը: Իշխան ձկան 1 կգ-ն վաճառվում է 1600-1800 դրամով, իսկ թառափինը՝ 2500-5000 դրամով:
Պանիրների տեսականի գնելու համար պետք կլինի մոտ 5-8 հազար դրամ: Տեղական պանիրների 1 կիլոգրամի գները տատանվում են 1500-2000 դրամի սահմաններում, հոլանդականինը՝ 2500-4000 դրամի, իսկ շվեյցարական բարձրորակ տեսակներն արժեն 5000-6000 դրամ: Մեկ տուփ ձիթապտուղը կարելի է գնել 800 դրամով: Սա այն ապրանքներից է, որ թանկացել է կրկնակի: Եթե մի քանի օր առաջ կարող էինք այն գնել 350-470 դրամով, ապա հիմա վաճառվում է միջինը 800 դրամով:
Տոնական սեղանին քաղցրավենիք ու խմիչք դնելու համար էլ պետք կլինի եւս 50 հազար դրամ: Տեղական գինիների 0,75 լիտրի գինը տատանվում է 1200-1800 դրամի սահմաններում: Ռուսական միջին օղու 0,5 լիտրն արժե 1230-1850 դրամ, հայկական կոնյակների գները սկսում են 2000-ից, հայկական շամպայնինը՝ 1350-ից: Բնական հյութերի 1 լիտրի արժեքն էլ 390-900 դրամ է: Միջին գնի շոկոլադե կոնֆետներ գնելը կարժենա 2500-3000 դրամ: Չարազի համար կպահանջվի մոտ 10-15 հազար դրամ, մրգերի համար՝ նույնպես: Խմորեղեն պատրաստելու համար կծախսվի 10-15 հազար դրամ, ամենահամեստ հաշվարկներով, թերեւս, նույնքան էլ կծախսվի Ամանորի սեղանը տարբեր տեսակի աղցաններով զարդարելու համար: