Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ադրբեջանական Խրդալան քաղաքում հայտարարել է, որ թեեւ 2009թ.-ին հնարավոր չեղավ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, սակայն որոշ հիմքեր դրվեցին: «Կարգավորմամբ զբաղվող բոլոր կողմերը աջակցում են երկրների տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակում հարցի կարգավորմանը: Հայկական կողմը, իր հերթին, ստիպված եղավ ստորագրել մի քաղաքական փաստաթուղթ, որը նախատեսում է հարցի կարգավորում տարածքային ամբողջականության շրջանակում»,- «Ա1+»-ի փոխանցմամբ, նշել է Ալիեւը:
Ապա անցում է կատարել Ադրբեջանի «տնտեսական եւ ռազմական հզոր աճին» ու ընդգծել է, թե երկրի տնտեսական եւ ռազմական ներուժը այսօր հնարավորություն է տալիս ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով: «Մենք պատերազմ չենք ուզում, այլ ցանկանում ենք հարցը լուծել բանակցությունների միջոցով: Բայց ամեն դեպքում Ադրբեջանի հասարակությունն ու բանակը ամեն րոպե պետք է պատրաստ լինեն ամեն գնով ազատագրելու մեր տարածքները հայկական բռնազավթումից»,- ասել է նա՝ ավելացնելով, թե Ադրբեջանը երբեք, նույնիսկ մի քայլ հետ չի կանգնի իր սկզբունքային դիրքորոշումից: Ավելին, նրա ասելով, Ադրբեջանը օգտագործելով իր բոլոր հնարավորությունները՝ փորձելու է արագ հասնել հարցի՝ «մեր երկրի եւ միջազգային նորմերի շահերից բխող արդարացի լուծմանը»: Ալիեւն էլի է շեշտել, որ հակամարտությունը պետք է լուծել միջազգային իրավունքի նորմերի սահմաններում, այսինքն՝ պետք է պահպանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Դեկտեմբերի 28-ին Մուրադ Արթինի (Համբարձումյան) 50-ամյակն է: Դեռ պատանեկան տարիքում նա Իրաքից ներգաղթեց Շվեդիա, դարձավ Շվեդիայի ձախ կուսակցության անդամ եւ 1998-ին ընտրվեց Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր: Մուրադ Արթինի ջանքերի շնորհիվ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացվեց Շվեդիայի պառլամենտում: Այսօր Մուրադ Արթինը Օրեբրու քաղաքի քաղաքապետն է: Մեզ հայտնի դարձավ, որ վերջերս աշխատանքի գնալիս հեծանիվով նա ենթարկվել է վրաերթի, բայց, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:
Սրտանց շնորհավորում ենք Մուրադ Արթինին 50-ամյակի կապակցությամբ եւ մաղթում նրան առողջություն եւ նոր նվաճումներ գործունեության ասպարեզում: