Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՏԱՐԻ»

Դեկտեմբեր 26,2009 00:00

 \"\"Այսպես է գնահատում անցնող տարին ԱԺ նախկին նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը:

– Անցնող տարվա մասին գրեթե բոլորն են կարծիք հայտնում, եւ ոչ մեկը կարծես չի ասում, թե սա ամենասարսափելի տարին էր, ոմանք ասում են, թե անցնող տարում առճակատումը, միմյանց վրա ցեխ շպրտելու մոլուցքը կարծես մեղմացել է: Ձեր կարծիքով, այդպե՞ս է, եւ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները դարձե՞լ են ավելի հանդուրժող:

– Կարծում եմ՝ 2009 թվականը Հայաստանի համար թե քաղաքական, թե տնտեսական աննախադեպ վտանգների եւ սպառնալիքների կուտակման տարի դարձավ: Նախ, շատ կարճ՝ տնտեսության մասին: Թեեւ Հայաստանում առկա խնդիրները իշխանությունը փորձում է բացատրել միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամով, սակայն մի քիչ ավելի մանրամասն ուսումնասիրությունն ակնհայտորեն բացահայտում է, որ այդ ազդեցությունը չի Հայաստանում առկա լուրջ տնտեսական խնդիրների հիմնական պատճառը: 2008-ի վերջից սկսած՝ օրենսդրության մեջ շարունակական փոփոխությունների միջոցով էապես խախտվեց Սահմանադրության հիմնական սկզբունքներից մեկը՝ հակակշիռների եւ զսպումների համակարգը, որը մինչ այդ էլ փայլուն չէր գործում, բայց այս ընթացքում լիովին ավերվեց: Խորհրդարանը դուրս մնաց տնտեսական քաղաքականության ձեւավորման եւ վերահսկողության ոլորտից, եւ տնտեսությունն ամբողջությամբ տնօրինում են կառավարությունն ու հանրապետության նախագահը:

– Ուզում եք ասել, որ փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանի դերի բարձրացումը գործնականում չկիրառվե՞ց:

– Սահմանադրությունը դեռ բավարար չէ խնդիրները լուծելու համար, այն տալիս է հիմնական մեխանիզմները, որոնք պիտի գործնական նշանակություն ստանան օրենքների միջոցով: Անցած տարի բյուջետային համակարգի մասին օրենքում լուրջ փոփոխություններ անելով՝ խորհրդարանն ինքն իրեն զրկեց բյուջեի մշակման եւ կատարման նկատմամբ վերահսկողական լծակներից: Հետեւանքն անմիջապես ի հայտ եկավ: 2009 թվականին մոտ 1 միլիարդ դոլարի վարկեր են վերցվել, որոնք 2009-ի բյուջեում արտացոլված չէին եւ այդպես էլ չարտացոլվեցին անգամ վարկերի մասին համաձայնագրերը խորհրդարանում վավերացնելուց հետո: Եվ քանի որ պակասուրդ-ՀՆԱ հարաբերակցությունը սահմանափակող սահմանաչափը գործնականում 5 անգամ մեծացվեց, կառավարությունը հնարավորություն ստացավ անսահմանափակ վարկեր ստանալ եւ ծախսել առանց վերահսկողության: Այդ ամենը լրացրեց 2010-ի բյուջեն, որի բովանդակային հոդվածները նախորդ տարիների բյուջեների համեմատ սկզբունքային փոփոխություններ են կրել: Դա էլ նույն նպատակն է հետապնդում՝ դարձյալ խորհրդարանի վերահսկողությունից դուրս է բերվում բյուջեի կատարման ողջ ընթացքը: 2010 թվականի բյուջեում եւս չափազանց մեծ ծավալի վարկերի օգտագործում է նախատեսված, որի արդյունքում մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ զգալիորեն անցնելու է 40 տոկոսի սահմանները: Ոմանք, մատնանշելով ԵՄ երկրների ցուցանիշները, ավելի բարձր թվեր են բերում, նպատակ ունենալով ցույց տալ, որ սա դեռեւս վտանգավոր չէ, սակայն մոռանում են մեկ բան՝ արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը շատ կարեւոր դիտարկել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության հետ: Այն երկրները, որտեղ կարողանում են լիարժեք հավաքել հարկերը, կարող են մեծ վարկեր վերցնել եւ հավաքած հարկերի հաշվին պարտքերը վերադարձնել: Հայաստանում, որտեղ հարկերի հավաքելիության ցուցանիշն առնվազն երկու անգամ զիջում է անհրաժեշտ չափանիշը, վարկերի վերադարձելիությունը դառնալու է չափազանց մեծ խնդիր երկրի համար: Էլ չեմ ասում, որ կառավարությունը դեռ պետք է կարողանա ոչ միայն վերացնել այս տարվա մեծ անկման հետեւանքները, այլեւ ապահովել կենսամակարդակի աճ: Պարտքերի հաշվին սոցիալական խնդիրների լուծմամբ կամ պարզունակ «հակաճգնաժամային» ծրագրով պարծենալու փոխարեն՝ կառավարությունը պետք է տեսնի, որ աննախադեպ սպառնալիքներ ու վտանգներ է կուտակել առաջիկա տարիների համար:

– Իսկ քաղաքական կյանքում հանդուրժողականության, համերաշխության այս կարգի բաներ հաստատվեցի՞ն, ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում այս մեկ տարվա ընթացքում ինչ-որ առաջընթաց գրանցվե՞ց, թե՞ ոչ:

– Կարող է թվալ, որ կարծես թե շատ ավելի հանդարտ է ներքաղաքական կյանքը, սակայն դա խաբուսիկ տպավորություն է: Այն հետեւանք է երկու հանգամանքի: Նախ, երկու տարվա ընթացքում հետեւողականորեն ջնջվեցին դեռեւս չկայացած բազմակուսակցական համակարգում առանց այդ էլ սակավ արժեքներն ու սկզբունքները: Մի կողմ են թողնվել գաղափարներն ու ծրագրերը, նրանք, ովքեր ընդամենը մեկ-երկու տարի առաջ վերջին խոսքերով միմյանց հայհոյում էին, այսօր բարեկամության ժեստեր են անում, միասին երկիր են կառավարում կամ ընդդիմադիր ճամբար ձեւավորում: Սա հանդուրժողականության եւ համերաշխության հետ որեւէ ընդհանրություն չունի եւ նշանակում է ընդամենը մեկ բան. մեր ներքաղաքական կյանքում սկսել է գործել միայն մեկ սկզբունք՝ որեւէ բարոյական ու արժեքային սահման չճանաչող պարզունակ առեւտրի սկզբունքը: Բազմակուսակցական համակարգը, չհասցնելով կայանալ, լիովին այլասերվեց: Սա մեր երկրի համար ամենամեծ վտանգն է, որովհետեւ այս համակարգից են ծնվում նույն արատներով տառապող իշխանությունն ու ընդդիմությունը: Այս պարագայում լավատեսության որեւէ հիմք չկա: Այդ ամենը ակնհայտորեն երեւաց 2009-ի ընթացքում ակտիվացած ղարաբաղյան խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների նկատմամբ դրսեւորված վերաբերմունքով: Երկու դեպքում էլ գրեթե բացակայում էին լուրջ, մասնագիտական քննարկումներն ու հիմնավորումները: Ասպարեզում էին շահարկումները, պարզունակ դատողությունները, հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձերը: Արդյունքում այստեղ եւս կուտակվեցին լուրջ վտանգներ եւ սպառնալիքներ, որոնց հետեւանքները կարող են ունենալ ճակատագրական նշանակություն:

– 2009-ը շրջադարձային կլինի՞ Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում:

– Նախկինում առիթ եղել է խոսելու ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված աննախադեպ իրավիճակի մասին: Ազդեցությունների վերաբաժանման գործընթացը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հասել է գագաթնակետին, որովհետեւ ակնհայտ հնարավորություն է ստեղծվել, որ ինչ-ինչ քայլերից հետո Միացյալ Նահանգները լիարժեք ազդեցություն ունենա մեր տարածաշրջանում: Դրա համար կա փորձված ճանապարհ՝ ծրագրել եւ իրականացնել մի նոր «Վրաստան-2» նախագիծ, որի մասնակիցը պիտի լինի Հայաստանը կամ Ադրբեջանը, կամ՝ երկուսը միասին: Վրաստանի օրինակը ցույց տվեց, որ դրա համար ընտրվում է շատ զգայուն որեւէ խնդրի, գործընթացների կտրուկ արագացումը: Վերջին մեկուկես տարվա ընթացքը ցույց տվեց, որ որպես նման գործընթացներ՝ ընտրվել են ղարաբաղյան խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը; Ավելի հարմար տարբերակ հնարել անգամ հնարավոր չէր: Պարզ է, որ ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր է, որ այս գործընթացները ավարտին հասնեն՝ անկախ այն բանից, թե որ երկիրը ինչ կշահի կամ ինչ կկորցնի: Սա ԱՄՆ-ին բացարձակապես չի հետաքրքրում, այլ մասնակից երկրների խնդիրն է: Այս առումով ԱՄՆ-ը ամեն ինչ կանի, որ այս գործընթացներից մեկը, իսկ լավագույն դեպքում՝ երկուսն էլ ավարտ ունենան: Բայց դա հնարավոր կլինի իրականացնել, թե ոչ, այժմ դժվար է կանխատեսել, որովհետեւ երկու հարցում էլ չափազանց մեծ է գինը: Վերը նկարագրված իրավիճակը՝ ընդդիմության եւ իշխանության կուսակցությունների ակնհայտ թուլություն, հասարակության բացարձակ անվստահություն այդ կուսակցությունների նկատմամբ, բարոյահոգեբանական մեծ անկում եւ այլն, չպետք է խաբուսիկ տպավորություն ստեղծի, թե ամեն ինչը հանդարտ է եւ շատ հեշտ կարելի է իրականացնել ցանկացած ծրագիր: Հասարակությանը որոշ ժամանակ է պետք՝ լիարժեքորեն ընկալելու այս գործընթացները եւ դրանց հետեւանքները: Կարծում եմ՝ եթե կտրուկ արագանան գործընթացները, հնարավոր են նաեւ շատ անսպասելի զարգացումներ, որոնք դժվար է այսօր կանխատեսել: Սակայն ակնհայտ է, որ մինչ այժմ իրադարձությունները զարգանում են ի վնաս Հայաստանի: Մինչդեռ ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանում Հայաստանի դերը կտրուկ բարձրացել է, եւ սա պետք էր լիարժեք օգտագործել մեր հիմնախնդիրների լուծման համար: Բայց ոչ միայն արդյունավետ քայլեր չարվեցին, այլեւ Հայաստանը հանձնվեց իրադարձությունների ընթացքին: Իհարկե, այս տարվա ընթացքում կորուստները մեծ էին, սակայն, կարծում եմ, դեռեւս ուշ չէ լուրջ հետեւություններ անելու եւ գործընթացները մեզ համար բարենպաստ ուղղությամբ շրջելու համար: Բայց դրա համար անհրաժեշտ է մի բան, որը, ցավոք, ավանդաբար Հայաստանում չի կարեւորվել: Վաղուց սպառվել է հարցերը տնավարի լուծելու ժամանակը: Տգիտությունը ամենամեծ վտանգն է ցանկացած երկրի համար: Այլընտրանքը ժամանակակից գիտելիքների ու անհրաժեշտ հմտությունների վրա հիմնված մասնագիտական միջավայրի ձեւավորումն է եւ այդ միջավայրում ձեւավորված առաջարկությունների հիման վրա որոշումների ընդունումը: Հակառակ դեպքում շարունակական կորուստներից խուսափելն անհնարին է: Բազմաթիվ երկրների ընթացքը դա է ապացուցել, Հայաստանը չպետք է հեծանիվ հորինի՝ այն էլ քառակուսի անիվներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել