Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակեք բոլոր հանդիպումները, խնդրեմ

Դեկտեմբեր 26,2009 00:00

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատրաստ է ՀԱԿ-ի համար հրապարակել իրենց աշխատանքային գրաֆիկները:

Երեկ «Հայացք» ակումբում ամփոփելով անցնող տարին՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Կոալիցիան շեղվել է իր 22 առաջնահերթություններից, եւ դրանք այսօր չեն իրականանում»: Նաեւ նշեց, որ թեեւ կառավարությունը մեծ մասամբ համաձայնություն էր հայտնել ՀՅԴ առաջարկած հակաճգնաժամային մեխանիզմներին՝ դրանք եւս չեն իրականացվել:

Ըստ պրն Ռուստամյանի՝ հաջողվեց իրականացնել իրենց այն խոստումը, թե կոալիցիան լքելուց հետո ՀՅԴ-ն լինելու է իրական այլընտրանք թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը. «Մենք կարողացանք այդ որակն ապահովել՝ լինելով իշխանություններին իրական, լիարժեք այլընտրանք բոլոր հարցերում»:

Մինչդեռ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Վեստնիկ Կավկազա»-ին տված հարցազրույցում նշել էր, թե ՀՅԴ-ն լուրջ ընդդիմություն չի ընկալվում. «Ես չեմ տեսել սոցիոլոգիական հարցադրումներ, որոնց կարող եմ վստահել, բայց առկա են քաղաքական ցուցիչներ` հանրահավաքներին 300 հազար մարդ այդպես էլ դուրս չի գալիս»: Մեր խնդրանքով անդրադառնալով քաղաքագետի այս գնահատականին՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ասաց. «300 հազար ո՞վ է հավաքել: Մե՛կը թող ասի: 300 հազար ես 1988 թվականից այս կողմ չեմ հիշում»: Եվ մերժելով այս չափանիշը՝ ՀՅԴ-ին իբրեւ ոչ լուրջ ընդդիմություն գնահատելու համար, սա դիտարկեց «երրորդ բեւեռի» ձեւավորումը թույլ չտալու ձգտումների համատեքստում. «Դա ո՛չ իշխանության հետ եղողներն են ուզում, ո՛չ էլ ընդդիմության հետ եղողները: Եվ բնականաբար՝ ամեն ինչ պիտի անեն՝ ասելու համար, թե լուրջ ընդդիմություն չէ: Օրինակ, Լեւոն Զուրաբյանն ասում է, որ եթե հանդիպել ենք ՍԴ նախագահի հետ՝ ուրեմն համագործակցում ենք: Այդ տրամաբանությամբ եթե շարժվենք՝ ուրեմն մենք պետք է ընդհանրապես բարիկադավորվենք եւ իրար հետ չտեսնվենք, որպեսզի հանկարծ մեկը ճանապարհով չանցնի ու չբարեւես իրեն: Հենց բարեւես՝ ուրեմն դու իր հետ համագործակցում ես: Մասնավորապես ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել»: Սակայն ՍԴ նախագահի հետ հանդիպմանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը չի մասնակցել. «Եվ եթե հետախուզություն ունեն, ուրեմն շա՛տ վատ է աշխատում ՀԱԿ-ի հետախուզությունը: Ես նոր-նոր եկել էի Հայաստան ու չէի կարող հանդիպել»: Ըստ պրն Ռուստամյանի՝ Լեւոն Զուրաբյանի թվարկած անձանցից ՍԴ նախագահի հետ հանդիպմանը ներկա է եղել միայն Վահան Հովհաննիսյանը. «Եվ շատ նորմալ եմ համարում այդպիսի հանդիպումները, ու մենք դա չենք էլ թաքցնում»: «Առավոտի» դիտարկմանը, թե այդ հանդիպման մասին իրենք մանրամասնեցին միայն ՀԱԿ համակարգողի բացահայտումից հետո՝ նա այսպես արձագանքեց. «Եթե իրենք ուզում են, որ ես ընդհանրապես հրապարակեմ իմ աշխատանքային գրաֆիկը, Վահանն՝ իրենը, Հրանտն՝ իրենը, դա թաքուն չէ, կարող ենք հրապարակել: Կարո՞ղ է՝ մենք մտել էինք Սահմանադրական դատարան, ու այդ պահին բոլորը քնած են եղել, մութ է եղել՝ ոչ մեկ չի տեսել: Այդպիսի գաղտնի հանդիպո՞ւմ են ունենում: Գաղտնի հանդիպումներն այդտեղ չեն լինում»: Հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ են լինում: «Ոչ քաղաքական մարմիններում եւ ոչ քաղաքական միջավայրում,- պատասխանեց Արմեն Ռուստամյանը եւ հաստատեց մեր կիսաձայն արված դիտարկումը:- Այո, ինչու ոչ, սաունաներում: Այդպիսի տեղերում են հանդիպում, եթե գաղտնի են ուզում հանդիպել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել