«Առավոտի» հարցազրույցը «ՍԻԼ» կոնցեռնի համակարգող Սարիբեկ Սուքիասյանի հետ
– Դուք այսօր փաստացի ղեկավարում եք «ՍԻԼ» կոնցեռնը, որը չնայած արդեն երկու տարի շարունակվող տարատեսակ ճնշումներին՝ շարունակում է մնալ Հայաստանի խոշոր բիզնես-կառույցներից մեկը: Որպես խոշոր գործարար՝ ինչպե՞ս եք գնահատում այսօրվա բիզնես-միջավայրը Հայաստանում:
– Ես չեմ անդրադառնա քաղաքական ասպեկտին եւ ձեր հարցին կպատասխանեմ զուտ տնտեսական տեսանկյունից: Հայաստանում բիզնեսն այսօր շատ դժվարին ժամանակներ է ապրում: Պատճառը ոչ այնքան միջազգային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներն են, որքան երկրում ձեւավորված տնտեսական համակարգը: Շուկան կաթվածահար վիճակում է, որովհետեւ պետական ու մասնավոր սեկտորները խառնվել են իրար: Հայտարարագրով ապրող բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը մխրճված են բիզնեսի մեջ, ծպտված «Քըրքորյաններ» են եւ առանց ամաչելու՝ համոզում են մեզ, որ, ասենք, տաքսու վարորդ հորից են ժառանգություն ստացել: Կոպիտ եւ անհեռատես հարկային քաղաքականությունն անխնա ոչնչացնում է մանր եւ միջին բիզնեսը: Բերեմ մի պարզ օրինակ. հարյուրավոր ձեռնարկություններ պետական բյուջե մուծած գերավճարներ ունեն եւ ոչ մի կերպ չեն կարողանում օրինական ճանապարհով ետ ստանալ այդ գումարները: Գործարարին պարբերաբար խաբում են ու սպառնում. «Խելոք չպահես, ստուգում կնշանակենք ու խոշոր գումարի ակտ կգրենք»: Ասածս այն է, որ չի կարող տնտեսությունը զարգանալ, եթե պետությունն ու գործարարը, պետությունն ու հարկատուն հավասար գործընկերներ չեն: Եվ դա պատճառներից մեկն է, որ տնտեսական անկման ծավալներով Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրներում:
– Մի՞թե կառավարությունը չի հասկանում այս պարզ ճշմարտությունը:
– Կառավարություն կազմող նախարարությունները ստեղծված են հասարակությանը ծառայելու համար, բայց տեսեք՝ ինչ է կատարվում: Մեր օրերում երեկ չէ առաջին օրը գյուղից տրեխով Երեւան եկած ու բախտի քմահաճույքով նախարար դարձած անձը կարծում է, թե նախարարությունն իր սեփական բոստանն է, որը ժառանգել է կոլտնտեսական պապից: Ուրեմն կարող է պետական մակարդակով խոչընդոտել տնտեսվարող սուբյեկտի աշխատանքը: Այդ տեսակի նախարարները պետության, հարկատուների, բիզնեսի հաշվին սեփական բիզնես են ստեղծում եւ բարգավաճում: Ստացվում է, որ գործարարը քրտնաջան աշխատում է, որպեսզի նաեւ չինովնիկների համար «բարեկեցիկ կյանք» ստեղծի: Եվ այս «կեղտոտ խաղի» կանոնները փոխելու համար կառավարությունը պետք է քաղաքական կամք դրսեւորի, այլապես Հայաստանի զարգացման վրա կարելի է խաչ քաշել:
– Սուքիասյան ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը» համարվում է ամենահուսալի ու կայուն ֆինանսական հաստատություններից մեկը Հայաստանում: Ինչպե՞ս հաջողվեց բանկը զերծ պահել ոչ միայն միջազգային ֆինանսական ճգնաժամի հարվածներից, այլ նաեւ, պարզ ասենք, ձեր ընտանիքի դեմ սկսված հզոր արշավից:
– Մի փոքր ուղղում մտցնեմ. մեր ընտանիքին է պատկանում «Հայէկոնոմբանկի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, սակայն բանկն ունի հազարավոր այլ բաժնետերեր, այդ թվում՝ այնպիսի հզոր եւ հեղինակավոր հաստատություն, ինչպիսին է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: Եվ կորպորատիվ կառավարման սկզբունքին անշեղորեն հետեւելը բանկի հաջողությունների գրավականներից մեկն է: Ասեմ նաեւ, որ Հայաստանում բանկային համակարգը ավելի մոտ է կանգնած միջազգային չափանիշներին, քան մնացած բիզնես-ոլորտը: Ամենակարեւորն այստեղ այն է, որ սկսել է ձեւավորվել բանկ-հաճախորդ քաղաքակիրթ հարաբերությունը: Շատ-շատերը գիտեն, որ հնարավոր է առանց միջնորդի վարկ ստանալ եւ ոչ մեկին «շնորհակալ» չլինել, որ բանկն այսօր ոչ թե գրավատան ֆունկցիաներ է կատարում, այլ դառնում է հաճախորդի վստահելի գործընկերը, ֆինանսական խորհրդատուն: Բարձրացել է նաեւ բանկային աշխատողի սոցիալական կարգավիճակը, որովհետեւ, օրինակ, «Հայէկոնոմբանկում» մասնագետը ընդունվում է աշխատանքի մրցութային կարգով, ստանում է արժանապատիվ աշխատավարձ, օգտվում բանկի կողմից տրամադրվող սոցիալական փաթեթից: Կորպորատիվ կառավարում, արհեստավարժ մասնագետներ, ռիսկերի ճշգրիտ գնահատում, բանկին լոյալ եւ պատասխանատու հաճախորդներ՝ ահա այն գործոնները, որոնք օգնում են մեր բանկին պահպանել առաջատար դիրքերը:
Ինչ վերաբերում է աննախադեպ ճնշումներին: Այո, եղել են բանկը ոչնչացնելու միտված քայլեր, սակայն ե՛ւ հրահանգ տվողները, ե՛ւ կուրորեն դրանք կատարողները ժամանակին հասկացան, որ Հայաստանի խոշորագույն եւ համակարգաստեղծ բանկ հանդիսացող «Հայէկոնոմբանկին» լուրջ հարվածներ հասցնելը կհանգեցներ ամբողջ բանկային համակարգի փլուզմանը, ինչն արդեն լուրջ մարտահրավերների առջեւ կկանգնեցներ մեր երկիրը:
– Այսօր, հատկապես բիզնես միջավայրում, մեծ դժգոհություններ են հնչում մաքսային մարմինների աշխատանքի վերաբերյալ: Ի՞նչ կարծիքի եք Դուք:
– Այդ դժգոհությունները տեղին են: Տեսեք, մաքսային կոմիտեում ներկրված ապրանքը գնահատելիս գործում են հսկիչ գներ, եւ այդ կառույցի չինովնիկներն իրենց հայեցողությամբ կարող են այդ հսկիչ գները բարձրացնել կամ իջեցնել: Եվ քանի որ լայն սպառման ապրանքների, տեխնիկայի, սարքավորումների մեծ մասը ներկրվում է, ապա ստացվում է, որ պետության գնային քաղաքականությունը որոշում է, նույնիսկ թելադրում է մաքսային կոմիտեն: Այսինքն՝ պետության կարեւորագույն գործառույթներից մեկը տրված է մի խումբ մաքսավորների: Սա աշխարհում չլսված բան է: Այստեղ նաեւ թաքնված են հսկայական կոռուպցիոն ռիսկեր՝ յուրայինների համար հսկիչ գներն իջեցվում են, օտարների համար՝ բարձրացվում, ինչի հետեւանքով անհավասար պայմաններ են ստեղծվում տնտեսվարող սուբյեկտների համար, տեղի է ունենում արհեստական գնաճ: Եվ շուկան, ի վերջո, կենտրոնանում է մի խումբ մարդկանց ձեռքում: Իսկ կենտրոնացված շուկան տնտեսական զարգացման համար ամենամեծ չարիքներից մեկն է:
– Վերջին օրերին տեղեկություններ ստացվեցին, որ «Բջնի» գործարանն ուղիղ վաճառքի ձեւով հանձնվեց Ռուբեն Հայրապետյանին, այսինքն՝ կառավարությունը, այնուամենայնիվ, պարզ ասած՝ խլեց ձեզնից գործարանը:
– Այո, դա այդպես է, եւ այսքանից հետո ցանկացած բանական մարդ պետք է սկսի ատել իշխող վարչակարգը: Բայց ես չեմ ուզում լցվել այդ զգացմունքով, քանի որ սիրում եմ իմ երկիրը: Մտածում եմ, որ լինում են նահանջի պահեր: Երկրորդ աշխարհամարտի առաջին տարիներին ֆաշիստական Գերմանիան բռնազավթեց Եվրոպայի մեծ մասը, հասավ մինչեւ Մոսկվա, բայց հետագայում, միեւնույն է՝ կապիտուլյացիայի ենթարկվեց: Չարը պատժվում է ոչ միայն հեքիաթներում:
– Պարոն Սուքիասյան, այնպես է ստացվել, որ մեր հասարակությունը, այսպես ասենք, այնքան էլ լավ չի վերաբերվում հարուստներին:
– Ցավոք, Հայաստանում հարստությունն ու բարեկրթությունը չնչին բացառությամբ անհամատեղելի են դարձել: Հարուստ լինելը դժվար եւ պատասխանատու ապրելաձեւ է: Հարուստը պետք է նաեւ գնահատի ուրիշի ստեղծածը եւ գիտակցի այդ ստեղծածի արժեքը, հասկանա աշխատանքի գինը, օրինակելի լինի հասարակության համար: Եվ հավատացեք, այդ ժամանակ հասարակության վերաբերմունքն էլ կլինի համարժեք: Այստեղ կուզենայի անպայման շեշտել հասարակության ջերմ ու հետեւողական վերաբերմունքը մեր ընտանիքի նկատմամբ, որն ինձ հնարավորություն է ընձեռում աշխատել ավելի մեծ ջանասիրությամբ ու հաճույքով: Կարծում եմ՝ մենք վաստակել ենք հասարակության զգալի մասի հարգանքն ու վստահությունը: