Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 25,2009 00:00

Ամերիկացիները սովորել են բուժել հոգեկան խանգարումները
Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ուղեղի որոշ հատվածների կապերի վիրաբուժական անջատումը արդյունավետ է որոշ հոգեկան հիվանդությունների ժամանակ, ինչպես, օրինակ, սեւեռուն վիճակների սինդրոմն է: Սակայն գիտնականներն ընդգծում են, որ այս մեթոդը դեռ միայն փորձարարական է, քանզի անհրաժեշտ է տվյալները զգուշությամբ հավաքել, որպեսզի մեթոդի կիրառման պոտենցիալ ռիսկը չգերազանցի տված օգուտին:
Մի անգամ փորձ էր արվել առանձնացնել ճակատային բաժնի կապերը ուղեղի այլ հատվածներից՝ մտքի հետ կապված խանգարումների բուժման համար, սակայն այն, ինչը արդյունավետ էր համարվում՝ դարձավ ուղեղի անդառնալի վնասման պատճառ: Այժմ հոգեբանական խանգարումների վերացման վիրաբուժական այս մեթոդի փորձարկումներն անց են կացվում աշխարհի մի քանի խոշոր կլինիկաներում: Բուժումն իր մեջ ներառում է ցինգուլատոմիան եւ կապսուլատոմիան՝ ուղեղային կառուցվածքների խաչմերուկները, որոնց ակտիվությունն էլ հանդիսանում է հիվանդությունների առաջացման պատճառ: Ցինգուլատոմիայի եւ կապսուլատոմիայի միջոցով փորձ է արվում քանդել էմոցիոնալ եւ գիտակցական կենտրոնների միջեւ առկա կապերը: Վերջին տասնամյակում գիտնականներին հաջողվել է այս կերպ օգնել շատ եւ շատ հիվանդների, որոնց ավանդական մեթոդները չէին օգնում: Չնայած այս հաջողությանը, մասնագետները չեն շտապում այս հոգեվիրաբուժությունը դուրս հանել փորձարարության սահմաններից, քանզի դեռ շատ անհասկանալի հարցեր կան: 2009 թվականի փետրվարին ԱՄՆ-ում թույլատրել են կիրառել հոգեկան խանգարումների բուժումը՝ ուղեղի խորը էլեկտրաստիմուլյացիայի օգնությամբ:

Անդամալույծ հիվանդի ուղեղը միացրել են ձայնային սինթեզատորին
Ամբողջությամբ անդամալուծված ամերիկացին սովորել է մի քանի ձայնավոր հնչյուն «արտաբերել»՝ գլխուղեղի խոսքային կենտրոնի էլեկտրոդներին միացված ձայնային սինթեզատորի շնորհիվ: Այս նոր մեթոդի հեղինակները Բոստոնի համալսարանի մասնագետներն են՝ Ֆրենկ Գյունտերի ղեկավարությամբ: Այն անդամալույծ հիվանդներին հաղորդակցվելու հնարավորություն է տալիս:
16-ամյա Էրիկ Ռեմսին պսեւդոկոմայի վիճակում էր հայտնվել ուղեղի ցողունի վնասման արդյունքում: Այդ վնասվածքը նա ստացել էր մոտ 10 տարի առաջ: Այդպիսի հիվանդներն ամբողջովին անշարժ են, բայց գիտակցությունը պահպանված է:
Հետազոտողներին հաջողվել էր ստանալ ուղեղի խոսքային կենտրոնի այն նեյրոնների ակտիվության ձեւանմուշները, որոնք համապատասխանում են որոշակի ձայնային հնչյունների: Էլեկտրոդները ներդնելով Ռեմսիի ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է լեզվի շարժման համար, գիտնականներին հաջողվել է նեյրոնների ակտիվությունը վերաձեւավորել տարբեր ձայների: Մի քանի ամիս տեւած պարապմունքներից հետո հիվանդը կարողացավ 70 տոկոս ճշտությամբ արտաբերել 3 ձայնավոր հնչյուն:
Գյունտերը հայտնել է, որ 3-5 տարվա ընթացքում հետազոտողները պլանավորել են ստեղծել մի սարք, որը կկարողանա գրանցել զգալի թվով նեյրոնների ակտիվությունը եւ  ճանաչել բաղաձայն հնչյունները:
Բացի այդ, գիտնականները պլանավորում են այնպես անել, որ հիվանդները կարողանան այդ սարքից օգտվել տնային պայմաններում: Գյունտերն ընդգծել է, որ արդեն երկու հոգի կապվել են իրենց հետ եւ հետաքրքրվել  նմանօրինակ սարքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել