Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԱՐԴԵՐԸ ՊԻՏԻ ԻՄԱՍՏ ՈՒՆԵՆԱՆ, ՊԻՏԻ ՊԱՏՄԵՆ»

Դեկտեմբեր 25,2009 00:00

Արծաթե հրաշքներ՝ հայուհու ձեռքով

\"\"Կարծես արծաթն ավելի է ենթարկվում հայուհու մատներին, քան ոսկին: Համենայնդեպս, այս ենթադրությունը կարելի է անել՝ հաշվի առնելով այն փաստը, որ արծաթագործությամբ շատ կանայք են զբաղվում, իսկ ոսկերիչ կին շատ դժվար է գտնել: Կարինե Ավետիսյանը՝ Կառան, այն կանանցից է, ով արծաթի «լեզուն» շատ լավ է հասկանում ու դրանով «մինի քանդակներ» անում: Բայց տարբերությամբ, որ այս քանդակները կարելի է կրել մատին կամ վզին:
Դեռեւս 5 հազար տարի առաջ Հայաստանի տարածքում յուրացված էին արծաթի մշակման գաղտնիքները, եւ պատրաստվում էին արծաթե տարբեր իրեր: Ի դեպ, հին արծաթագործների հմտությունները մինչ օրս շատ քիչ փոփոխություններ են կրել:
Դեռ հնուց ոսկին խորհրդանշել է արեւը եւ արական սեռը, իսկ արծաթը՝ լուսինը եւ իգական սեռը: «Քիչ տղամարդ կ\"\"գտնեք, որ կրում են արծաթե զարդեր, դրանց կրելու «մենաշնորհը» կարծես կանանց է պատկանում»,- մեզ հետ զրույցում ասաց Կառան:
Բացի այդ, նա կարծում է, որ մարդկանց սովորույթները եւ նախասիրությունները պայմանավորված են տեղանքով, որտեղ նրանք ապրում են. «Ինչ միշտ տեսնում ես, դա էլ հավանում ես»: Հնում թանկարժեք այս մետաղի հումքով հարուստ Հայաստանում շրջանառվել են առավելապես արծաթյա մետաղադրամներ, կրել են արծաթյա զարդեր, օգտագործել արծաթե սպասք, նույնիսկ բժշկության մեջ այս մետաղը անփոխարինելի է եղել: «Մշտապես արծաթ կրող կանայք ավելի առողջ են»,- վստահ է Կառան:
Նա պատմում է, որ արծաթագործությամբ սկսել է զբաղվել 10 տարի առաջ, «ինքս եմ սովորել՝ հմուտ վարպետներին նայելով: Կարծում եմ, որ հիմա արդեն տիրապետում եմ այս մասնագիտության շատ հմտություններին ու գաղտնիքներին, որոնցով, ի դեպ, հաճույքով կիսվում եմ»:
Այսօր արդեն ինքնուս արծաթագործ Կառան «Կառա» ապրանքանիշի հեղինակն ու տերն է: Նա արդեն խանութ ունի Երեւանում,  իր գործերը ներկայացնում է նաեւ արտերկրի ցուցահանդեսներին: Նրա խանութը լիքն է տարբեր զարդերով ու մինիքանդակներով:
\"\"Ամեն զարդ մի փոքրիկ պատմություն է. Մատենադարան, Գառնու տաճար, Օպերային թատրոնի շենք, Երիտասարդական պալատ ներկայացնող մատանիները եւ այլն: Նշենք, որ Կառան ունի նաեւ անձնական ինտերնետային կայք՝ www.kara.am, որտեղ այցելելով՝ կարելի է հիանալ նրա աշխատանքներով:
Նշենք նաեւ, որ Կառայի աշխատանքներում կան նաեւ կենդանիներ, երաժշտական գործիքներ, խոհանոցային պարագաներ, բանջարեղեն, ժայռապատկերներ, այբուբենի տառեր ներկայացնող զարդեր: «Մեր զարդերը պիտի իմաստ ունենան, պիտի պատմեն…»,- ասում է արծաթագործը: «Մեր» ասելով»՝ Կառան նկատի ունի մի քանի նկարիչ դիզայներների եւ իրեն, ով առարկայացնում է վերջիններիս բոլոր, հաճախ նույնիսկ անիրականանալի գաղափարները: Իսկ դրա համար գործի են դրվում տարբեր նյութեր, սկսած կաշվից եւ քաթանե պարանից, արհեստական քարերից, վերջացրած՝ հայկական կիսաթանկարժեք քարերով՝ ագաթով, յաշմայով եւ շատ այլ պարագաներով: Սակայն դրանք միայն լրացնում են զարդը: Ըստ Կառայի, զարդին  հմայչություն է տալիս արծաթը: «Հազվադեպ է պատահում, երբ զարդի գաղափարը ծնվում է քարից, նույնիսկ շատ յուրահատուկ: Ես հավատում եմ ոչ թե քարի, այլ հենց արծաթի մոգությանը,- ասում է նա,- մեր ոճը մի քիչ այլ է, \"\"քան մնացած արծաթագործների ստեղծագործությունները: Այն կախված չէ նորաձեւությունից: Պատվերներ գրեթե չեմ ընդունում: Իսկ ինչ-որ անհավանական իդեայով ինձ մոտ եկած պատվիրատուն հաստատ գտնում է իր ուզածը կամ գոնե դրան նման մի բան»,- հավելեց նա:
Կառայի գնորդներն առավելապես հայ կանայք են. «Միայն մերոնք են խոշոր մատանիների սիրահարներ: Իսկ, օրինակ, Վերնիսաժում ներկայացրած իմ գործերը արտասահմանցիների համար շոկ են. դրանք տեսնելով զարմանքով հարցնում են, թե այս վիթխարի մատանիները հնարավո՞ր է կրել: Ի դեպ, շաբաթ եւ կիրակի օրերը Վերնիսաժ եմ գնում, հաճույքով շփվում եմ մարդկանց հետ: Նաեւ ասեմ, որ ես հեշտությամբ եմ բաժանվում իմ գործերից, «ծնողական զգացմունքներ» դրանց հանդեպ չունեմ, չնայած յուրաքանչյուր գործիս վրա աշխատում եմ սիրով ու համբերատար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել