Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ եւ ի՞նչն է սխալ

Դեկտեմբեր 25,2009 00:00

«Առավոտ» օրաթերթում դեկտեմբերի 22-ին տպագրված «Ջարդ՝ Սիամանթոյի անվան դպրոցում» հոդվածը չէր կարող անտարբեր թողնել, չհուզել դպրոցում աշխատող ուսուցչական կազմին:

Վերջին հաշվով մեր գործընկերների խոսքն է հրապարակվել, դարձել հրապարակային քննարկման նյութ։ Եվ այդ հրապարակումը իր արձագանքն ունեցավ դպրոցում: Այս հոդվածի մեխը կարելի է ձեւակերպել մեկ բառակապակցությամբ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է: Անշուշտ, ոչ միայն սխալ, այլեւ անցանկալի, երբ երկար տարիներ դպրոցում աշխատած ուսուցիչը «կրճատվում է», ասել է թե՝ գործազուրկ է դառնում: Սա ցավալի, շատ ցավալի երեւույթ է, եւ կարելի է հասկանալ բոլոր նրանց, ովքեր այդ կրճատման «զոհ» են դարձել:
Եկեք մտերմաբար, բարեկամաբար երկխոսենք։ Սիրելի գործընկերներ, համաձայնեք, որ կարգապահություն հաստատելն ու կանոնակարգված աշխատանքը դատապարտելի երեւույթ չէ։ Ինչպես որ դատապարտելի չէ ձեր կողմից ձեր սահմանադրական իրավունքը պաշտպանելը։ Բայց մի բան է իրավունք պաշտպանելը, այլ բան է զրպարտելը, բանսարկելը, զազրախոսելը։
Իսկապես, ի՞նչ է տեղի ունեցել Սիամանթոյի անվան դպրոցում վերջին մեկ տարվա ընթացքում։
Այո՛, նախկին տնօրենը՝ սիրված եւ հարգված մանկավարժ Ս. Հակոբյանը, թոշակի է անցել, այո՛, դպրոցում նոր տնօրեն է ընտրվել, այո՛, նոր տնօրենի կողմից նոր աշխատելաոճ է ներդրվել, նոր պահանջներ են ներկայացվել, այո՛, դպրոցում վերափոխումներ են տեղի ունեցել, եւ, այո՛, հիմնական դպրոց դառնալու պատճառով ուսուցիչների պարտադրված կրճատում է տեղի ունեցել, երեւույթ, որ ցավալի է թե «կրճատվածների» եւ թե՛ դպրոցում մնացածների համար։
«Տնօրենի մոտ մտնելու համար ժամեր առաջ պետք է հերթագրվեիր»,- գրված էր դեկտեմբերի 22-ի «Առավոտում»։ Ի՞նչ է, տնօրենի մոտ անհարկի մտնող-ելնողները մասնակի՞ց պիտի դառնան ցանկացած հարցի քննարկման, եւ ասեք, խնդրեմ, այդ ո՞ր հիմնարկությունում են տնօրենի մոտ մտնում առանց տեղեկացնելու։ Ամո՞թ է լինել քաղաքակիրթ։ Վերջ չպիտի՞ տրվեր տնավարությանը։
Դուք, հարգարժան գործընկերներ, անհիմն չե՞ք խոսում այն մասին, թե մոռացվել են բոլոր ավանդույթները, լռել են «Վիրավոր զանգի» ղողանջները, եւ հայրենիքի համար նահատակված հերոսների հուշն է ոտնահարվել: Ազատամարտիկների անկյունը դարձել է փառքի սրահ, որն ունի գիտամանկավարժական եւ դաստիարակչական բնույթ։ Այն նպաստում է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Իսկ նախկին անկյունը նվիրվել է գրի հերոսներին՝ «Հայ գրականության շռայլ սերմնացանները» խորագրով։
Ասում եք՝ դպրոցում մոլեգնեց դրամահավաքը։ Մի՞թե դուք դրան հավատում եք: Դուք էլ լավ գիտեք, որ դպրոց մտած առաջին օրվանից դրամահավաքույթը խստիվ արգելվել է տնօրենի կողմից, բայց դուք առանց որեւէ փաստի այդքան պատասխանատու հայտարարություն եք անում, նույնիսկ ավելի հեռուն եք գնում՝ ակնարկելով, թե դպրոցում շարունակում են աշխատել այն ուսուցիչները, որոնք ամառային արձակուրդի օրերին ոչ դատարկաձեռն են այցելել տնօրենին։ Մի՞թե գրելուց առաջ չմտածեցիք, թե որքան խորը վիրավորանք եք հասցնում այն մարդկանց, ում հետ տարիներ շարունակ կողք կողքի աշխատել եք ու քաջ գիտեք, թե ով ինչ արժանիքների տեր է. ձեր մատնանշած փաստը անչափ վրդովեցրեց մեզ։ Ոչ պակաս վրդովեցուցիչ էր այն վիրավորանքը, որ հասցրել էիք մեզ՝ դպրոցում մնացածներիս ստրուկ անվանելով։ Չէր կարելի դա, եւ չպիտի այդ բանն անեիք։
Դուք, հարգելի գործընկերներ, եթե իրերի բերումով «կրճատվածների» ցանկում չհայտնվեիք եւ շարունակեիք աշխատել դպրոցում, համոզված ենք՝ այսօր էլ հպարտությամբ էիք մտնելու սիրելի կրթօջախ, ինչպիսի հպարտությամբ տարիներ շարունակ մանկավարժի ծանր բեռն եք կրել այս նույն հարկի տակ։ Մի՞թե մեծ մեղք են գործում այն ուսուցիչները, որ այդ հպարտության կրողներն են, եւ մի՞թե այդ հպարտությունը ստրուկի եւ ճորտի հատկանիշ է։
Հարգելի գործընկերներ, ձեր քննադատության սլաքները պիտի ուղղեիք այլ ուղղությամբ։ Ասել է թե՝ սխալը որոնում եք ոչ այնտեղ, որտեղ պիտի փնտրեիք ու գտնեիք, իսկ ավելի ճիշտ կլիներ՝ հետամուտ լինեիք ձեր իրավունքի պաշտպանությանը, իսկ դուք դպրոցն ու նրա աշխատակազմն եք դարձրել քավության նոխազ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել