Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցող վեց երկրների ներկայացուցիչները որոշել են հետաձգել Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ մինչեւ 2010թ. հունվարի կեսերը: «Newsru»-ի փոխանցմամբ, այդ որոշումը պայմանավորված է հիմնականում տեխնիկական խնդիրներով. նախ՝ Իրանին ներկայացված վերջնագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին եւ մինչ այդ երկիրը կարող է որոշում ընդունել փոխել իր դիրքորոշումն ու համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ: Երկրորդ՝ 2010թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունենալու 10 ոչ մշտական ներկայացուցիչներից 5-ի ռոտացիա, եւ մշտական ներկայացուցիչները նպատակահարմար չեն գտնում մինչ այդ հիշյալ հարցի շուրջ որեւէ խորհրդակցություն անցկացնելը: Երրորդ, ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի դեմ պատժամիջոցների հարցը մեծ մասամբ արգելակում է Պեկինը, որը հասկացնել է տվել, որ դեմ է հակաիրանյան պատժամիջոցներին: