Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի օդանավակայաններում իրենց չվերթներին սպասող որոշ ուղեւորներ սպառնում են՝ ի նշան բողոքի՝ թռիչքները հետաձգելու դեմ, հացադուլ հայտարարել: «Euronews» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Էկվադորում եւ Կոլումբիայում որոշ ուղեւորներ արդեն իսկ հացադուլ են սկսել: Չվերթների հետաձգման պատճառն այն է, որ իսպանական ընկերությունները ի վիճակի չեն մարել «Air Comet» ընկերությանն ունեցած իրենց պարտքերը, որի արդյունքում էլ ընկերությունը հետաձգել է բոլոր չվերթները: Այդ որոշման «զոհ» է դարձել մոտ 7 հազար ուղեւոր: «Ֆրանսպրեսի» մատուցմամբ, «Air Comet»-ն իր վարկատուին՝ գերմանական «Nord Bank»-ին պարտք է մոտ 17 մլն եվրո: Ընկերությունը հայտարարել է, թե մտադիր է աշխատանքից ազատել ընկերության մոտավորապես 700 աշխատակիցների: Ուղեւորները, որոնք չեն կարողանում թռչել հիշյալ երկրների օդանավակայաններից՝ ընկերության սնանկացման պատճառով, վրդովված են հատկապես այն բանից, որ իրենց ոչ ոք չի զգուշացրել չվերթների հնարավոր հետաձգման մասին: Իսպանիայի իշխանությունները փորձում են «Air Comet»-ի ուղեւորների թռիչքը կազմակերպել այլ ավիաընկերությունների չվերթներով: