Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը ԱՄՆ-ի համար նշանակալի թիվ երրորդ գործիչն է

Դեկտեմբեր 25,2009 00:00

\"\"«Newsweek» ամերիկյան հեղինակավոր պարբերականը կազմել եւ հրապարակել է հաջորդ տարվա ամենանշանակալից մարդկանց տասնյակի կազմը: Հարկ է շեշտել, որ այս վարկանիշում մարդկանց նշանակալի լինելը պայմանավորված է բացառապես ամերիկյան շահերի տեսանկյունից: Այդ ցուցակի երրորդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Պարբերականը գրել է, որ թեեւ հաջորդ տարի լրանում է Ռուսաստանի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնավարման ժամկետի ընդամենը կեսը, բայց Պուտինը, ըստ ամենայնի, արդեն սկսել է նախապատրաստությունները ՌԴ նախագահի պաշտոնին վերադառնալու համար: «Ռուսաստանի համար դա կնշանակի շարունակել հրաժարվել ժողովրդավարության սկզբունքներից եւ շարժվել դեպի քաղաքական այնպիսի համակարգի ուղղությամբ, երբ հանուն մարդու իրավունքների պայքարող մարտիկները անպատիժ կերպով սպանվում են, իսկ քաղաքական ընդդիմախոսներն ու բիզնեսի ներկայացուցիչները նետվում են բանտեր»,-կանխատեսել է թերթը: Պարբերականը նաեւ ենթադրել է, որ հաջորդ տարի Պուտինը ավելի շատ եւ նախագահից ավելի հաճախ կերեւա հեռուստաէկրաններում, կհանդիպի օտարերկրյա ավելի մեծ թվով առաջնորդների հետ, քան՝ Մեդվեդեւը, եւ, հավանաբար, կտարածի իր ազդեցությունը այնպիսի ոլորտների վրա՝ արտաքին քաղաքականություն եւ անվտանգություն, որոնց համար պատասխանատուն ավանդաբար հանդիսանում է նախագահը: Պուտինը կշարունակի զբաղվել ձյուդոյով, ձիավարությամբ, վագրերի վրա կկրակի եւ այլ խիզախ քայլեր կիրականացնի՝ անկասկած ֆոտոլրագրողների ներկայությամբ:
Պարբերականի վարկանիշային ցուցակում այս տարի առաջին տեղում են երկու գործիչներ՝ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն եւ այդ երկրում ամերիկյան զինվորական համակազմի գլխավոր հրամանատար Սթենլի Մաքքրիստալը: «Newsweek»-ի կարծիքով, նախագահ Օբամայի ճակատագիրը եւ մոտակա տարիներին միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի դերակատարությունը մեծ մասամբ կախված են հենց այս գործիչներից: Եթե Քարզայը լրջորեն չզբաղվի կոռուպցիայի դեմ պայքարով, իսկ կոալիցիոն զորքերը պարտվեն գրոհայինների հետ պայքարում, Օբաման ստիպված կլինի դժվարին ընտրություն կատարել անհուսալի պատերազմը շարունակելու եւ տարածաշրջանում քաոսայի իրավիճակի միջեւ:
Պարբերականի վարկանիշային ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել են դարձյալ երկուսը՝ ԱՄՆ էներգետիկայի նախարար Սթիվեն Չուն եւ Շրջակա միջավայրի վարչության պետ Լայզա Ջեքսոնը, իսկ ահա 9-րդ տեղում հայտնվել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Քեթրին Էշտոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել