OKAY անգլերենի ինտենսիվ ուսուցման դպրոցի փոխտնօրեն Ծովինար Յափունջյանի հետ զրույցս սկսվեց դպրոցի տարեդարձից, բայց արագ վերաճեց կնոջ եւ նրա դերի մասին խոսակցության:
«Ընտանիքս ամենակարեւորն է».
Ծովինարը՝ ամուսնու, դուստրերի եւ որդու հետ:
Կյանքում լինում են փորձառություններ, որոնք այնքան են տպավորվում, որ քեզ թվում է՝ առանց դրանց ինչ-որ բան քո կյանքում այնպես չէր լինի: Ինձ համար նման հրաշալի օրինակ է OKAY անգլերենի ինտենսիվ ուսուցման դպրոցում անցկացրածս 4 ամիսը: Այն յուրօրինակ ջերմ միջավայրը, որ ստեղծել են OKAY-ում դասավանդողները՝ տնօրեն Լեւոն Բաղդասարյանի ղեկավարությամբ, այն դրական աուրան, որով անցնում էին անգլերենի դասերը, տարբեր թեմաներով ընթացող քննարկումները, որոնց ընթացքում OKAY-ի սաներս ոչ միայն կատարելագործում էինք լեզվի մեր իմացությունը, կոտրում մեր միջի կարծրատիպը՝ «չէ, ես երբեք չեմ կարող անգլերեն խոսել», արտահայտում տարբեր երեւույթների մասին մեր կարծիքը եւ երբեմն լուրջ բանավեճ ծավալում, մեծ չափով կախված էր նաեւ դպրոցի փոխտնօրեն Ծովինար Յափունջյանից, ում հետ զրույցի թեման OKAY-ի 20-ամյակը պիտի լիներ: Սակայն խոսակցությունը, ինչպես OKAY-ում էր լինում, ի վերջո վերածվեց անմիջական զրույցի՝ ամեն ինչի մասին:
«Ինչի՞ց եւ ինչպե՞ս ծնվեց OKAY-ը» հարցիս ի պատասխան՝ Ծովինարը պատմեց. «1989-ին, երբ նոր-նոր էր ձեւավորվում «կոոպերատիվ շարժումը», ես եւ ամուսինս՝ Լեւոն Բաղդասարյանը, երեւի առաջիններից մեկն էինք մեր հանրապետությունում, որ ոգեւորվեցինք սեփական բիզնես ունենալու գաղափարով եւ որոշեցինք հիմնել սեփական դպրոց: Մինչ այդ երկուսս էլ աշխատում էինք Մանկավարժական ինստիտուտում, որտեղ մասնագիտացել էինք լեզվի ուսուցման ինտենսիվ մեթոդի մեջ: 1-ին խումբը, որ մենք բացեցինք՝ լսարան վարձակալելով Պոլիտեխնիկում, 15 հոգանոց մի ֆանտաստիկ խումբ էր, որի բոլոր անդամներին ես էլ, Լեւոնն էլ մինչեւ հիմա՝ 20 տարի անց, երբ տասնյակ խմբեր ենք ունեցել եւ հարյուրավոր ուսանողներ, հիշում ենք: Նրանց մեջ էր, օրինակ, Կարեն Բալայանը՝ Բատոն, «Կիլիկիա» նավի նավապետը, խմբում շատ էին «Սպիտակ» ջոկատի տղաները… Առաջին խմբի հետ ունեցած մեծ հաջողությունից ոգեւորված՝ սկսեցինք ավելի թափով աշխատել: Այս տարիներին մեր ամենամեծ խնդիրը տարածքի հարցն է եղել. 15 տեղ ենք փոխել, մինչեւ, ի վերջո, 2001-ին գնեցինք մեր սեփական տարածքը, որը եւ դարձավ մեր վերջին հանգրվանը: 20 տարվա մեջ ընդամենը մեկ անգամ ենք գովազդային հայտարարություն տվել: Դրանից հետո մեր աշակերտներն իրենց «ոտքով» են եկել մեզ մոտ: Կարծում եմ, դա կարեւոր ցուցանիշ է. նշանակում է, որ մեր ուսանողները մեզնից գոհ են հեռացել, հակառակ դեպքում՝ չէին բերի իրենց հարազատ-ծանոթ-ընկերներին: Ամենակարեւորը՝ դպրոցը երբեք չի փակվել, նույնիսկ, երբ շատ դժվար վիճակում ենք եղել: Կար պահ, որ մեր սեփական տներում լույս չունեինք, բայց OKAY-ում բազկաթոռների արանքը փայտեր էինք դնում, վրան՝ 2 մոմ, եւ մոմի լույսի տակ, վառարանը վառած, դաս էինք անում, երբ երեկոյան 9.30-10-ին ավարտվում էր դասը, ուսանողները չէին ցանկանում հեռանալ, որովհետեւ վառարանը վառվում էր, ջերմ էր, մթնոլորտը՝ հաճելի: Այդ տարիները մեզ համար երբեք մութ ու ցուրտ չեն եղել: Մենք միշտ այդ տարիները հիշում ենք որպես շատ լուսավոր ու ջերմ տարիներ, որովհետեւ մենք հասկանում էինք, որ բացի անգլերեն սովորեցնելուց, մարդկանց համար ապահովում էինք մի տաքուկ անկյուն, ուր իրենք գալիս էին սիրով: Իսկ երբ մեր հերթական տարածքը վարձակալել էինք Մերգելյան ինստիտուտում, այնտեղ հիմնեցինք նաեւ «OKAY ակումբ» սրճարան, որտեղ ամեն ամսվա վերջին շաբաթ օրը դիսկոտեկ էինք կազմակերպում մեր ուսանողների ու նրանց ընկերների համար: OKAY-ից դուրս էլ մեր ուսանողների համար հետաքրքիր ժամանց կազմակերպելու նպատակով տարբեր բաներ էինք մտածում: Մի շրջան գնացինք «Այրուձի»՝ ձի քշելու, 3 տարի շարունակ հսկա խմբով գնում էինք Դավիթ Համբարձումյանի անվան լողավազան, մեզ բոլորն այնտեղ գիտեին, ասում էին՝ OKAY-ն եկավ: Մեծ խմբով գնացել ենք խեցեգործության: Ձմռանը անպայման գնում էինք Ծաղկաձոր, ամռանը՝ Սեւան: Ընտանեկան մթնոլորտ կար այս ամբողջ տարիների ընթացքում: Դա մեր մեծագույն նվաճումներից է: Մեր ուսանողները ավարտելուց հետո էլ մնում են OKAY-ի մշտական բարեկամը: Մեր մշտական միջոցառմանը՝ OKAY-ի ամանորի հանդիսությանը, մասնակցում են անգամ 10, 15, 20 տարի առաջ ավարտածները: Բոլորը տեղյակ են, որ ամեն տարի հունվարի 3-ին, սկսած ժամը 3-ից, բոլոր OKAY-ականները մեզ մոտ են»,-պատմեց OKAY-ի փոխտնօրենը:
Ծովինարը նաեւ երեք երեխաների մայր է, նրա երկու դուստրերը՝ Սոնան եւ Տաթեւիկը, նույնպես ինչ-որ պահի զբաղվել են ընտանեկան բիզնեսով՝ դասավանդել են OKAY-ում: Գործարար կին եւ մայր Ծովինարին չէի կարող չտալ խիստ շաբլոն մի հարց՝ «աշխատանքն ընտանիքին կամ ընտանիքն աշխատանքին չե՞ն խանգարում»: Ինչպես եւ սպասում էի՝ պատասխանը միանշանակ «ոչ» էր. «Երրորդ երեխայիս ունեցա, երբ արդեն OKAY-ը կար: Ընդամենը 3 ամիս եմ դադար տվել աշխատանքիս: Մեծ աղջիկներս օգնում էին: Շատ հաճախ, երբ հնարավորություն չկար Սուրենին որեւէ մեկի մոտ թողնելու, տանում էինք մեզ հետ աշխատանքի»: Իսկ հե՞շտ է աշխատել ամուսնու հետ նույն տեղում, առավել եւս՝ նրա ղեկավարությամբ. «Լեւոնն այն բացառիկ ղեկավարներից է, որ կարողանում է եւ լինել շատ ջերմ ու մտերիմ իր աշխատողների հետ, եւ պահպանում է անհրաժեշտ հեռավորությունը: Մենք՝ դասախոսներս, որ հիմնականում կանայք ենք, վաղուցվա ընկերներ ենք: Բայց աշխատանքի ժամանակ մենք մոռանում ենք, որ ընկերներ ենք, իսկ ես մոռանում եմ, որ Լեւոնն իմ ամուսինն է: Նա իմ ամուսինն է տանը, ոչ թե աշխատավայրում: Անձնականն ու գործնականն իրարից զատելը մեր աշխատանքի հաջողության գրավականներից է: Ինձ միշտ հավասարակշռությունից հանում է այն ընկերական, ապերոյական մթնոլորտը, որ կա շատ հիմնարկներում»:
Ծովինարն այն կանանցից է, որ իր օրինակով համոզում է՝ հնարավո՛ր է լինել միաժամանակ ե՛ւ լավ կին ու մայր, ե՛ւ լավ մասնագետ. «Իհարկե, համադրելն ավելի դժվար է, քան միայն մեկով զբաղվելը: Ես աշխատել եմ 20 տարեկանից եւ մինչեւ հիմա կարողացել եմ համադրել՝ միշտ գիտակցելով, որ ընտանիքն ինձ համար ավելի կարեւոր է: Բարեբախտաբար, կյանքն ինձ չի դրել ընտրության առաջ՝ աշխատա՞նք, թե՞ ընտանիք: Իհարկե, լինում են դեպքեր, երբ ստիպված ես լինում խոհանոցում մինիմում ժամանակ ծախսել եւ արդյունքում ոչ այնքան ճոխ ընթրիք ես մատուցում կամ երբեմն մի քիչ ուշացնում ես արդուկը: Բայց՝ ընդամենը դա: Այլ խնդիր չկա: Ճիշտ է, ես այնքան բախտավոր եմ, որ ինձ միշտ իրենց ոչ պահանջկոտությամբ օգնել են ամուսինս եւ երեխաներս, բայց ես էլ երբեք չեմ չարաշահել նրանց համբերությունը եւ մեծահոգությունը»: Ծովինարը կարծում է, որ իր օրինակը ենթագիտակցորեն ընդունում են նաեւ դուստրերը. «Եթե նրանք ապրել են միջավայրում, որտեղ մայրը եւ տանտիրուհի է, եւ գործունյա կին, ապա նրանց համար դա չափանիշ է, եւ հակառակ պատկերը անհասկանալի, գուցե՝ անընդունելի լինի: Օրինակ, մեծ աղջիկս՝ Սոնան, վերջերս է ընտանիք կազմել, եւ ես արդեն տեսնում եմ, որ նա հենց այդ կերպ էլ ապրում է՝ շատ ծանրաբեռնված է աշխատանքով, բայց նաեւ հրաշալի տանտիկին է: Գուցե այնքան էլ ժամանակակից չթվամ, բայց ես դեմ եմ այն տեսակետին, որ եթե կինը աշխատում է, փող է վաստակում, ուրեմն տանը կարող է չանել իր պարտականությունները: Ես գտնում եմ, որ կնոջ ամենակարեւոր ֆունկցիան ընտանիքի կին եւ մայր լինելն է, եթե դրա հետ մեկտեղ հասցնում է աշխատել՝ հրաշալի է: Ես ինձ չեմ պատկերացնում առանց աշխատանքի, բայց դրա հետ մեկտեղ՝ չեմ գտնում, որ դա պետք է արվի ընտանիքի հաշվին»: Այստեղ ես հիշեցի եւ Ծովինարին հիշեցրի, թե OKAY-ի քննարկումների ժամանակ, երբ ուսանողներս խոսում էինք ընտանեկան բռնությունների եւ հայ կնոջ՝ ընտանիքում ունեցած ոչ նախանձելի վիճակի մասին, ինչպես էր նա ընդդիմանում, կարծես չէր հավատում եւ ներկաներիս հերթով հարցնում էր՝ ա՛յ, քո ընտանիքում դա չկա, քո ընտանիքում չկա, ապա ինչո՞ւ եք պնդում, թե դա համատարած երեւույթ է: Ծիծաղով հիշեց. «Այո, ես միշտ հակաճառում էի, երբ ուսանողներդ պնդում էիք, թե կանայք ճնշված են, տղամարդիկ ավելի լավ դիրքերում են… Ճիշտն ասած՝ ես այսօր էլ, ոչ թե չեմ հավատում, (հասկանում եմ՝ իմ ձայնը տաք տեղից է գալիս), ուղղակի չեմ ուզում հավատալ: Ես ինքս նման բան չեմ տեսել ոչ իմ հայրական տանը, ոչ իմ ընտանիքում: Ամենեւին կասկածի տակ չդնելով ասվածների ճշմարտացիությունը՝ ուղղակի ինչ-որ բան իմ մեջ ընդվզում է դրա դեմ, չեմ ուզում հավատալ: Շատ բաներ, իհարկե, կնոջից են կախված: Բայց կան դեպքեր, երբ կինն անզոր է: Հեշտ է կնոջն ասել՝ մի հանդուրժիր նման վերաբերմունքը, բայց հասկանում եմ, որ բոլոր կանայք չեն, որ ունեն այն ներքին ուժը, ներքին ռեսուրսները, որ կարող են ուղղակի թողնել-հեռանալ բռնացող ամուսնուց: Հաճախ պատճառը նյութական կախվածությունն է: Եթե կինը չունի կրթություն, մի կտոր հաց վաստակելու հնարավորություն, ես ինչպե՞ս կարող եմ նրան մեղադրել, որ նա չի հեռանում դավաճանող կամ ծեծող, հարբեցող ամուսնուց: Եթե տեսնում ես, որ կինը գնալու տեղ չունի, մի կտոր հաց վաստակելու հնարավորություն չունի, ինչպե՞ս պարտադրես, որ չհանդուրժի նվաստացումները: Հաճախ ասում են՝ երեխաների համար է հանդուրժում: Ես կտրականապես դեմ եմ այն մտքին, որ մենք ապրում ենք մեր երեխաների համար: Այո, ես ապրում եմ այնպես, որ երեխաներիս համար հնարավորինս լավ լինի, բայց ամեն մարդ ի վերջո ապրում է ինքն իր համար: Ես պատրաստ եմ ամեն ինչի՝ հանուն իմ երեխաների, բայց ես ունեմ իմ հետաքրքրությունները, իմ սերերն այս կյանքում, եւ քանի դեռ դրանք բավարարված չեն, ես չեմ լինի երջանիկ մարդ, երջանիկ կին, իսկ ոչ երջանիկ մարդը, ոչ երջանիկ մայրը չի կարող իր երեխաներին երջանկացնել»:
Փորձեցի Ծովինարից «կորզել» երջանիկ կին, մայր եւ մարդ լինելու բանաձեւը. «Ցանկացած կնոջ երջանկությունը սկսվում է ընտանիքից, որում ինքը ծնվել է: Եթե մեծանում ես ոչ կոնֆլիկտային, խաղաղ ընտանիքում, կյանքը քեզ շատ բան արդեն իսկ տալիս է: Ես ինքս չեմ անցել այն դժվարին ճանապարհը, երբ պետք է հորդ կամ եղբորդ դեմ պայքարով ինքնահաստատվես, խնդիրներ ունենաս հագնվելու, ուշ տուն գնալու, աշխատանքի կամ կյանքի ընկերոջ ընտրության հարցում: Շատ զարմանալի է, բայց իմ մանկության օրոք, երբ ապրում էինք փակ, խորհրդային երկրում, այս կարգի խնդիրներն ավելի հեշտ էին լուծվում, քան հիմա: Հիմա հատկապես եղբայրները շատ ավելի նեղմիտ, բռնակալ, ավելի «քյարթու» են, քան մեր ժամանակ էր: Չգիտես ինչու, նրանք կարծում են, որ ի վերուստ իրավունք ունեն իրենց քրոջ փոխարեն որոշելու, թե նա ինչ պիտի հագնի, ում հետ ընկերություն անի… Ըստ իս՝ ամենակարեւորը ընտրության հնարավորություն տալն է: Կենսափորձը շատ կարեւոր է: Եթե դու քո սեփական աղջկան, քրոջը հնարավորություն չես տալիս շփվելու, դուրս գալու, չես կարող ակնկալել, որ նա ճիշտ ընտրություն կանի: Ճիշտ՝ իր համար, ոչ թե ծնողի կամ եղբոր: Եթե դու քո զավակին տվել ես հմտություններ՝ մարդկանց, կյանքը ճանաչելու, դու պետք է վստահես նրան, որովհետեւ ինչքան էլ դու խելոք ու փորձառու լինես, դու նրա փոխարեն չես կարող ընտրություն կատարել: Միշտ հիշում եմ հորս խոսքերը, նա ինձնից 43 տարի մեծ էր, եւ տարիքային տարբերությունը նկատի ունենալով՝ ինձ ասում էր՝ աղջիկս, միշտ չէ, որ ես քեզ կհասկանամ, բայց հաստատ իմացիր, որ միշտ կվստահեմ: Եթե դու քո երեխային վստահում ես, նա չի չարաշահի, իսկ որքան փակես ու սահմանափակես, այնքան նա կփորձի կոտրել կապանքները, փախչել: Ես որքան վստահել եմ, այնքան ինձ վստահել են: Գուցե կա նաեւ «բախտը բերելու» պահը, բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ քո ձեռքերում է: Եթե ոչ ամեն ինչ, ապա՝ շատ բան: Ամեն մարդ կյանքում ստանում է գրեթե նույնքան երջանիկ եւ անհաջող պահեր: Երջանկությունը քո վերաբերմունքն է քո ունեցածին: Խոսքն այն մասին չէ, որ չձգտես ավելիին. ձգտիր, բայց գնահատելով ունեցածդ: Եթե չունես ունեցածդ գնահատելու իմաստնությունը, դժվար թե երջանիկ լինես»: