Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանի եւ այլ ՀՀԿ-ականների տարբերությունը

Դեկտեմբեր 25,2009 00:00

Պատգամավորը պարզաբանում է

«Առավոտի» դեկտեմբերի 22-ին համանուն վերնագրով զետեղված շեշտադրումների վերաբերյալ անհրաժեշտ եմ համարում հասարակության դատին իմ դիրքորոշումները հասցնել ոչ միջնորդավորված, այլ օգտվելով խոսքի ազատության սահմանադրական իրավունքից, ուղղակի ներկայացնեմ իմ պատկերացումները երկրի քաղաքական զարգացումների վերաբերյալ: Չհավակնելով այս պահին տալ ծավալուն վերլուծություն՝ կսահմանափակվեմ վերոհիշյալ հոդվածում տեղ գտած ինտերպրետացումներին՝ ամենեւին չցանկանալով մեղադրել հոդվածագրին միտումնավոր նենգափոխման մեջ, այլ ենթադրելով, որ ասածներս ճիշտ չեն ընկալվել:
 Սկսեմ առաջին իսկ պնդումից. ի հեճուկս ՀՀԿ-ի մամուլի խոսնակի հայտարարությանը, թե «մարտի 1-ի էջը փակված է», ես հակառակ կարծիք եմ հայտնել: Անկասկած, այստեղ առկա է լրագրողի ենթատեքստից դուրս դրված գնահատականը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքի ավարտի վերաբերյալ: Յուրաքանչյուր ՀՀԿ-ական, այդ թվում եւ ես, երբեք չեն ժխտում, որ այդ դառն օրերը երկար պետք է մնան մեր հիշողության մեջ: Ընդհակառակը, բազմիցս իմ կուսակիցները եւ առաջին հերթին կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, միաբանության կոչեր են արել եւ կոնկրետ քայլեր կատարել հասարակության եւ համայն հայության համախմբման ուղղությամբ: Հենց դա փաստեցի մամուլի ակումբում, երբ 2009թ. գնահատվեց որպես կրքերի հանդարտման եւ միաբանման հասնելու ուղղությամբ դրական տարի: Դատեք ինքներդ՝ որտե՞ղ են իմ եւ յուրաքանչյուր ՀՀԿ-ականի հակասությունները:
 Հաջորդ պնդումը դարձյալ ենթատեքստից դուրս բերված մի նախադասություն է: Ենթատեքստը հայտնի էր բոլոր լրագրողներին՝ դեռեւս ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ, որտեղ ես ասել էի, որ մեղադրանքներ են հնչում տկարամտության, դիլետանտիզմի, դավաճանության մեջ, իսկ մյուս կողմից հանճարեղության կայծկլտումն է հակադրվում: Արձանագրությունները ծնունդ են երկար խորհումների՝ երբեմն ի հաշիվ ժամանակի կորստի, անհրաժեշտ եւ անխուսափելի են: Նրանք ցույց են տալիս երկու երկրների ուժերի հարաբերակցությունը, եւ եթե որոշ կետեր մեզ դուր չեն գալիս, այդ թվում ինձ, միեւնույն է, դա չի նշանակում, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կարգավորվեն: Իսկ եթե ուզում էինք ավելի լավ կետեր տեսնել արձանագրություններում, պետք է ավելի ուժեղ լինեինք մեր կոնսոլիդացվածությամբ եւ եթե դա այդպես չէ, դրանում յուրաքանչյուրս ունենք մեր մեղքի բաժինը:
Հարկ եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ Մ. Բադեյանը ոչ միայն չի տարբերվում իր կուսակիցների գաղափարախոսությունից, այլ մշտապես հետեւել է կուսակցության եւ կուսակցության նախագահի որդեգրած ուղեգծին: Թերթի կողմից պարզապես արվել է հատվածային վերլուծություն: Ե՛վ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մասով կուսակցության որդեգրած դիրքորոշումը մեկն է եւ այն մշտապես բարձրաձայնվել է կուսակցության անդամներից յուրաքանչյուրիս կողմից: Դրանք տարբեր հարթություններում, իրարից անջատ ընթացող գործընթացներ են, որոնք հստակ սահմանված են նաեւ արձանագրություններում. այնտեղ որեւէ խոսք չկա Ղարաբաղի մասին: Իսկ ինչ վերաբերում է ցանկացած երկրի հետ հարաբերությունների հաստատմանը, ապա Հայաստանը երբեք չի անտեսել Լեռնային Ղարաբաղի գործոնը՝ որպես գերակա առաջնահերթություն դիտելով վերջինիս կարգավիճակի հարցը: Իմ կարծիքով՝ մեր իրականության մեջ այսօր կան իրարամերժ կարծիքներ արձանագրությունների վերաբերյալ: Մեր ուժը ընթացող գործընթացում մեր նախաձեռնության եւ խիզախության մեջ է, որով մենք գնալու ենք մինչեւ վերջ: Եվ քաղաքակրթվելու ճանապարհին երբեք չպետք է քավության նոխազ փնտրել միայն իշխանություններին. սա հավասար չափով վերաբերում է յուրաքանչյուրիս:

Նկատենք, որ բոլոր «պնդումները», որոնց վերաբերյալ պատգամավորն այժմ հանդես է գալիս պարզաբանումներով, ձայնագրված են եւ պահպանվում են խմբագրությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել