Էներգետիկ ռեսուրսներից զուրկ մեր երկրում այլընտրանքային էներգիայի աղբյուրներ ունենալը օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Այդ կարեւորությունը հաշվի առնելով էլ «Զենիթ» հակակարկտային կայանների ծրագրի ղեկավարությունը Հայաստանի ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի, ինչպես նաեւ՝ Մոսկվայի երկնոլորտի եւ ֆիզիկայի ինստիտուտների հետ համատեղ զբաղվում է արեւի էներգիան որպես այլընտրանքային էներգիայի աղբյուրի օգտագործելու հնարավորության ուսումնասիրությամբ:
«Զենիթ» հակակարկտային կայաններ ՀՀ մարզերում տեղադրվել են: Ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանը եւ ծրագրի գիտական ղեկավար Գագիկ Այվազյանը կարծում են, որ նույն վայրում կարելի է տեղադրել նաեւ արեւի էներգիայով աշխատող իրենց մշակած վահանակը: Այսօր նրանք արդեն մշակել են արեւին հետեւող համակարգով աշխատող, 10 կվտ հզորությամբ արեւային էլեկտրակայան, որի վահանակի չափերը չեն գերազանցում 50 քմ-ն: «Կայանի արդյունավետությունը չափազանց բարձր է: Սա փրկություն է հատկապես գյուղական համայնքներին՝ ոռոգման սեզոնը անկորուստ կազմակերպելու գործում: Այն կարելի է օգտագործել խորքային պոմպերը սնելու եւ ցանքատարածություններին ջուր մատակարարելու համար»,- «Առավոտին» ասաց Արամ Վարդանյանը:
Ծրագիրը սոսկ տեղային կիրառություն չունի: Բացի նրանից, որ կարող է տեղադրվել առանձին համայքներում՝ ջրհան պոմպերին հոսանք մատակարարելու համար, կարող է նաեւ էլեկտրակայանի վերածվել, եթե միմյանց հարեւանությամբ տեղադրվեն մեկից ավելի նման վահանակներ:
Ըստ ծրագրի հեղինակների, ՀՀ էներգետիկայի նախարարության հետ համատեղ ծրագիր է մշակվել, ըստ որի՝ 2-3 մգվտ հզորությամբ արեւի էներգիայով աշխատող էլեկտրակայան են ստեղծելու, որը միանալու է հայկական էլցանցերի համակարգին:
«Զենիթ» կայանների ծրագրի ղեկավարը վստահ է, որ եկող տարի այլընտրանքային էներգիայի կիրառությունն իրականություն կդառնա: Կառավարությունն էլ է իր հավանությունը տվել նախագծին, իսկ վարչապետ Սարգսյանը նույնիսկ խոստացել է աջակցել:
Ծրագիրն անկատար կամ կիսատ թողնելու պատճառ Արամ Վարդանյանը չի տեսնում, մանավանդ որ, այն բոլորովին թանկ չէ, ընդամենը՝ 500 դոլար: «Տեղադրվելու է յուրաքանչյուր հակակարկտային սարքի վրա, ունենալու է արբանյակային սեփական համակարգը, որը ստացվող տվյալների հիման վրա որոշելու է, թե երբ պետք է միանա եւ երբ՝ անջատվի: Շատ խելացի, մտածող եւ ինքնավար ղեկավարվող սարք է»,- ասաց Գագիկ Այվազյանը: