Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒՐ ԵՎ ԱՎԱԶ

Դեկտեմբեր 25,2009 00:00

\"\"Առաջին հարցը մասամբ լուծվել է, երկրորդի մասին կարծիքի են սպասում

Այս տարվա ապրիլին տեղեկացրել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստանի մայր ջրանցքների վիճակը վատ է, մասնավորաբար Արմավիր, Արտաշատ եւ Թալին քաղաքների մատույցներում, բնակիչների մեղքով ջրանցքը վերածվել է աղբավայրի եւ Արարատյան դաշտավայրը ոռոգող ջրանցքների թողունակությունը նվազել է ավելի քան երկու անգամ: Ջրանցքի՝ Երեւանով հոսող հատվածներն էլ առանձնապես բարվոք վիճակում չեն: Նույն նախարարությունը հունիսի վերջերին ստուգեց Արաքս գետի հարակից տարածքներում գործող ավազի հանքավայրերը եւ պարզեց, որ մի շարք հանքավայրերում ավազի արդյունահանումը իրականացվում է նորմերի խախտմամբ: Այս բացահայտումներից կես տարի է անցել: Փորձեցինք պարզել, թե ինչ է արվել:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Ալեքսանյանից ստացված պարզաբանմամբ, այս տարվա մարտ-մայիս հատվածում Արտաշատի ջրանցքի՝ Երեւանի միջով անցնող փակ հատվածները՝ դյուկերներ, մաքրվել են եւ ջրի թողունակությունը ավելացել է: Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետը հատուկ նշում է, որ այդ տարածքները չէին մաքրվել Հայաստանի անկախացումից ի վեր ու հավելում, որ ինչպես ՀՀ պետական բյուջեի, այնպես էլ Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվում են ջրանցքների նորոգման աշխատանքներ, ինչը բերելու է կորուստների կրճատման եւ ջրի թողունակության բարձրացման: Այս ծրագիրը դեռ երկու տարի շարունակվելու է: Այս ընթացքում Ջրային տնտեսության պետական կոմիտեն մեկ խոզաբուծական կազմակերպության տուգանել է 150 հազար դրամով եւ պահանջել, որ ապամոնտաժի ջրացք լցվող աղբատար խողովակը: Խոզագործները կատարել են պահանջը:
Ավազի արդյունահանման խախտումները վերացնելու հարցում, սակայն, մեծ հաջողություններ չկան: Մեր հարցմանը ի պատասխան՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից տեղեկացրին, որ դեռեւս այս տարվա հունվարի 10-ին, այսինքն՝ տարածքային կառավարման նախարարության բացահայտումներից չորս-հինգ ամիս առաջ, ՀՀ կառավարությունը, նկատի ունենալով, որ ավազի արդյունահանման ժամանակ «ռելիեֆային անկանոն խախտումները հետագայում վարարումների ժամանակ կարող են վթարային իրավիճակ ստեղծել», հանձնաժողով է ստեղծել, ուր ներգրավվել են էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության, քաղաքաշինության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Արմավիրի մարզպետարանի եւ «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ ներկայացուցիչներ: Հանձնաժողովը հստակեցրել է այն տարածքները, որտեղից կարելի է ավազ արդյունահանել՝ առանց վնասելու գետի ափերը: Ըստ մեզ ուղարկած պարզաբանման. «տարածքների կոորդինատները ուղարկվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ վերջինիս կարծիքը ստանալու նպատակով»: Դատելով այս վերջին նախադասությունից, ԱԱԾ-ն դեռ չի պատասխանել, չնայած անցել է մի քանի ամիս, իսկ մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ շարունակվում է ավազի արդյունահանումը, նորմերի խախտումներն էլ՝ հետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել