Ելքի թույլտվությունը՝ «սահմանված կարգի խախտում»
Սպարտակ Կոնստանտինիդիս-Մանասյանի խնդրին անդրադարձել ենք վերջերս («Մեզ քաղաքացիություն տվեցին օդանավակայանում»): Նա 10 տարի առաջ դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչություն (Օվիր)՝ ներկայացնելով փաստաթղթեր:
Օրինական ճանապարհով մեկնել էր Իսրայել, իսկ հայաստանյան Օվիրն էլ չի առարկել: Ս. Կոնստանտինիդիսի ընտանիքը չի հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից: Տարիներ հետո մեր հայրենակիցն ու նրա կինը վերադառնում են հայրենիք: Սակայն ՀՀ ոստիկանության Արաբկիր համայնքի անձնագրային բաժանմունքում նպաստառու, հաշմանդամ ամուսիններին ենթարկում են տուգանքի՝ ՀՀ կառավարության 20.09.07թ. 1110-Ն որոշման պահանջներին տեղյակ չլինելու համար: Ի դեպ, այդ որոշման ընթացակարգի համաձայն. «Այլ երկրի քաղաքացիություն ստացած անձն անձամբ կամ փոստով մեկամսյա ժամկետում այդ մասին պետք է տեղյակ պահի ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությանը»: Այսինքն, այն նույն կառույցին, որի թույլտվությամբ էլ հայաստանաբնակները մեկնել էին Իսրայել:
Սպարտակ Կոնստանտինիդիսը դիմում է ՀՀ կառավարության աշխատակազմում գործող «թեժ գծին»: Նրան հետաքրքրել էր. «Եթե կառավարության լիազոր մարմինը անձնագրային եւ վիզաների վարչությունն է եւ քաղաքացին էլ ՀՀ-ից դուրս է եկել այդ մարմնի կողմից տրված ելքի թույլտվությամբ, դա համարվո՞ւմ է վերոհիշյալ որոշման պահանջների խախտում»:
«Թեժ գծին» առաջին նամակը ուղարկում է հունիսի 12-ին:
2 ամիս հետո պատասխան չստանալով մեր հայրենակիցը կրկին դիմում է «թեժ գծին»: «Ի՞նչն է պատճառը: Ինչպիսին էլ այն լինի, անհարիր է «թեժ գիծ» հասկացության բնույթին: Եթե չեք պատասխանելու, գրեք, դա էլ կլինի պատասխան: Ձեր քաղաքացի»,- գրել էր պարոն Սպարտակը: Նույն օրը քաղաքացին ստանում է դիմումի պատասխանը ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Ղազարյանի կողմից: Վերջինս հիշեցնում է, որ այլ երկրի քաղաքացիություն ստացող անձինք պարտավոր էին դիմել կառավարության լիազոր մարմնին (Օվիրին) եւ չհայտնելու դեպքում նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50 000 դրամ):
Սակայն այն տպավորությունն էր, թե կառավարության համապատասխան վարչության կողմից չի ընկալվել դիմումատուի հարցը, այն է, իրենք ՀՀ կառավարության լիազոր մարմնի գիտությամբ, «դաբրոյով», ելքի թույլտվությամբ գնացել են Իսրայել եւ վերադարձել: Ո՞րն է այստեղ «սահմանված կարգի խախտումը»: Ինչո՞ւ պիտի տուգանվեին օրենքը հարգող քաղաքացիները:
Քաղաքացին կրկին դիմում է վարչությանը, ակնկալելով հղում անել այն օրենքին ու որոշմանը, որով իրենց ըստ էության իրավախախտ են համարել:
«Պատասխանում են այնպես, ինչպես Օվիրը»,- դժգոհում է Սպարտակ Կոնստանտինիդիս-Մանասյանը: Վերջինս հիշում է ռայկինյան հայտնի խոսքերը՝ «Տվեք ինձ տեղեկանք, որ ձեզ պետք է տեղեկանք»: