Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտելու եւ 2 մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության 1-ին կարգի մասնագետ Վահե Դավթյանը 2009թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 02-ի սահմաններում, գտնվելով միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով «Պորշ» մակնիշի 54 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ ավտոմեքենան վարելով տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ եւ նախապես չընտրելով ավտոմեքենայի շարժման նկատմամբ լիարժեք կառավարման հնարավորությունն ապահովող սահուն ռեժիմ ու լուսացույցի արգելող՝ կարմիր լույսի ազդանշանի պայմաններում մուտք գործելով Գայի պողոտա եւ Ն. Ստեփանյան փողոցի խաչմերուկ, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն եւ իրեն զրկելով ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ընդհարվել է «ՎԱԶ 2107» մակնիշի Տ2795 պետհամարանիշի ավտոմեքենային, որից հետո, ընթանալով աջ, ընդհարվել է ճանապարհի աջ կողմում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 2813, «ՎԱԶ 2107» մակնիշի Տ2815 եւ «ՎԱԶ 11183» մակնիշի Տ2820 պետհամարանիշների ավտոմեքենաներին, որի հետեւանքով «ՎԱԶ 2107» մակնիշի Տ2795 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Վարդգես Պետրոսյանն ու ուղեւոր Հովհաննես Խաչատուրյանը տեղում մահացել են: Գործն ուղարկվել է Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան: