Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողը կարող է վերադարձնել

Դեկտեմբեր 25,2009 00:00

Երեւանյան համարյա բոլոր խանութներում կարող եք հանդիպել «Գնված ապրանքը չի փոխանակվում եւ հետ չի ընդունվում» հայտարարությանը:
Օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած Ա.Ս.-ն պատմեց, որ «NEXT» խանութից, թոռնիկի ատամնահատիկի կապակցությամբ, 29 900 դրամով (զեղչով եղել է 20 900) գնել էր մանկական հագուստ, սակայն փորձելուց հետո պարզվել էր, որ փոքր է: Տիկինը հագուստը գնել էր շաբաթ օրը, երկուշաբաթի կրկին այցելելով խանութ՝ խնդրել էր այն փոխել: Խանութում նրան մերժել էին:
Քանի որ քաղաքացիները հաճախ են դիմում խմբագրություն՝ բողոքով, որ չեն կարողանում վերադարձնել կամ փոխել գնած ապրանքը, դիմեցինք «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությանը, խնդրելով պարզաբանումներ տվյալ հարցի կապակցությամբ: «Համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ կետի, գնված ապրանքը կարելի է փոխանակել 14 օրվա ընթացքում: Տվյալ դեպքում, խանութում պարտավոր էին տիկնոջ խնդրանքը բավարարել: Եթե գնված ապրանքը չի բավարարում սպառողին, ապա նա իրավունք ունի իր վճարած գումարի չափով այլ ապրանք ընտրել»,- պատասխանեցին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունից: Նրանք նաեւ խորհուրդ տվեցին նման դեպքերում հիշեցնել համապատասխան օրենքի մասին: Իսկ մեր հարցին՝ կարո՞ղ է քաղաքացին դատական կարգով պաշտպանել իր իրավունքները, ասացին. «Իհարկե, բայց սովորաբար հարցը դատարան չի հասնում, որովհետեւ օրենքի մասին բոլորը գիտեն: Մեզ նման հարցով շատ են դիմել եւ բոլորի պահանջը բավարարվել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել