Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՊԶ-ՆԵՐԸ» ԱՄԵՆԱԹԱՓԱՆՑԻԿՆ ԵՆ

Դեկտեմբեր 25,2009 00:00

Կալանավորի թխած հացը Վիեննայի խանութներում վաճառվում է

ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերը (ՁՊՎ), ըստ ոստիկանության գնդապետ Կ. Մեհրաբյանի, ամենաթափանցիկն են, քանի որ այնտեղ կարող են մտնել պատգամավորները, փաստաբանները, դիտորդները… Երեկ այդ վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հրավիրած ամփոփիչ հավաքի ժամանակ Կ. Մեհրաբյանը մոռացավ նշել միայն լրատվամիջոցների մասին, որոնք ինչ հնարքների ասես, որ չեն դիմում՝ նշյալ «թափանցիկ» հիմնարկներ մտնելու համար:
ՀՀ ոստիկանության ՁՊՎ վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը տեղեկացրեց, որ իրենց տարեկան զեկույցը կներկայացվի 2010-ին: Նա ասաց նաեւ, որ 24 պլանային այցելություններ են եղել ՁՊՎ-ներ եւ, իր կարծիքով, 99%-ով խոշտանգումների դեպքեր չեն արձանագրվել: Նրանք պատրաստել էին օրացույց-քարտեզ, որը «Ձերբակալված անձանց եւ նրանց հարազատների իրավունքները» տեղեկատվական գրքույկի հետ բաժանվելու է խցերում: Ի դեպ, այդ քարտեզն ընդգրկում է հանրապետության բոլոր այն տարածքները, որտեղ կան նման հիմնարկներ:
Դիտորդական խմբի անդամներ Անի Ներսիսյանն ու Գրիգոր Առուստամյանը ներկայացրին իրենց այցը Ավստրիա: Այնտեղ, օրինակ, կալանավորվածները՝ քրեական գործերով անցնող, էմիգրանտները, եւ վարչական իրավախախտումների համար կասկածյալները պահվում են ՁՊՎ-ի առանձին հարկաբաժիններում: Կալանավորվածներն աշխատում են, ստանում են սերտիֆիկատ: ՁՊՎ-ներում անխափան աշխատում են վերելակները: Ոչինչ չի ամրացված հատակին, պատին: Խցերում կա սառը եւ տաք ջուր, հայելի, հեռուստացույց, էլեկտրական գազօջախ, ինչը զարմացրեց ներկա գտնվող ոստիկաններին: Կ. Մեհրաբյանի դիտարկմամբ. «Մեր լարանցումները քողարկված են, ինչն ավելի մարդասիրական է»: Ավստրիական նմանօրինակ պայմանների ստեղծումը, ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, անհրաժեշտություն է, եւ կալանավորվածն իրեն մարդ զգալով չի դիմի ծայրահեղ քայլերի, մասնավորապես՝ ինքնասպանության: Ավստրիայի ազատազրկվածները նաեւ հաց են արտադրում, որը Վիեննայի խանութներում վաճառվում է:
Դիտորդ Արամ Թադեւոսյանը ներկայացրեց «Ձերբակալված անձանց եւ նրանց հարազատների իրավունքները» գրքույկը: Հրատարակումն իրականացրել է «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչությունը: Այստեղ նշված են ոչ միայն իրավունքների ու պարտականությունների մասին, այլեւ արդարադատական, իրավական, ոստիկանական մարմինների «թեժ գծերի», ՀՀ փաստաբանների պալատի հեռախոսահամարները: «Առավոտի» դիտարկմանը, որ ցանկալի կլիներ նշվեին նաեւ փաստաբանական մասնավոր գրասենյակների, հանրային պաշտպանների, իրավապաշտպան կազմակերպությունների տվյալները, հավանության արժանացավ: Եղավ մի առաջարկ էլ՝ գրքույկի ինտերնետային տարածման:
Դիտորդական խումբը բաժանեց «Ընթացիկ գրություններ» խորագրով ոստիկանության տարբեր ստորաբաժանումներին ուղղված իրենց այս տարվա գրությունները: Մասնավորապես, դրանք վերաբերել են Կապանի եւ Մեղրիի ՁՊՎ խցերում առաստաղներին ամրացված արհեստական լուսավորության էլեկտրական լարերին, որոնք պաշտպանված չեն եղել: Կար ոստիկանապետին ուղղված մի գրություն էլ, որ դիտորդական խմբին խոչընդոտել են եւ չեն տվել կալանավորվածների անձնական գործերում առկա տեղաշարժերի, տեսակցությունների, հանձնուքների, առողջության հետ կապված փաստաթղթերի պատճենները: Ափսոս, որ հրավիրյալ ոստիկանապետը, նրա տեղակալը, արդարադատության նախարարը, ՔԿՀ պետը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարկ չէին համարել ներկա գտնվել միջոցառմանը: Ինչո՞ւ ժամանակ կորցնել. իրենք իրավիճակային լուծումներ միշտ էլ գտնում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել