Երեկ Մոսկվայից Երեւան թռչող երկու ինքնաթիռներ հարկադիր վայրէջք են կատարել ոչ թե «Զվարթնոց» օդանավակայանում, այլ՝ Սոչիում: Մառախուղի եւ վատ տեսանելիության պատճառով չեն կարողացել վայրէջքն իրականացնել «Սիբիր» եւ «Աերոֆլոտ» ընկերությունների ինքնաթիռները, որի պատճառով S7 908 եւ SU 192 չվերթները հետաձգվել են: Այս մասին հաղորդում է «HAYINFO-Diaspora»-ն: Ականատեսի պատմածները ներկայացնելով՝ լրատվամիջոցը հայտնում է, որ S7 908 չվերթի ժամանակ 3 ժամ ուղեւորներին պահել են ինքնաթիռի մեջ եւ որեւէ տեղեկատվություն չեն տրամադրել: Ապա նրանց սնունդ են տվել եւ խնդրել են դուրս գալ: Ուղեւորները ստիպված են եղել մաքսային ստուգում անցնել: Սոչիի օդանավակայանի ներկայացուցիչները չեն կարողացել կապ հաստատել «Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչների հետ: Ըստ նույն աղբյուրի, սահմանապահները մարդկանց ցուցաբերել են օգնություն՝ անձնական բջջային հեռախոսներ տրամադրելով, որպեսզի ուղեւորները կարողանան հարազատներին հաղորդել հետաձգման մասին լուրը:
Երեկ «Զվարթնոց» օդակայանից «Առավոտին» պարզաբանեցին, որ վերջին շրջանում երկարատեւ մառախուղներ չեն եղել, հետեւաբար, վատ տեսանելիության պատճառով չվերթներ չեն հետաձգվել. «Միայն այդ երկու դեպքն է եղել: Իսկ ներկայումս օդանավակայանն աշխատում է անխափան ռեժիմով»: