Այս տարի Հայաստանում խաղատների եւ խաղասրահների քանակը բավականին նվազել է
Խաղատների եւ խաղասրահների գործունեությունը կանոնակարգող օրենսդրական դաշտում այս տարի տարբեր երկրներում տարբեր փոփոխություններ են տեղի ունեցել:
Ուկրաինայում, օրինակ, ընդհանրապես արգելվեց խաղատան կամ խաղասրահի բացումը, իսկ Ռուսաստանում որոշվեց ստեղծել հատուկ գոտի, որտեղ կգործեն այս հաստատությունները, սակայն, ըստ էության, որեւէ գործարար իր բիզնեսը չտեղափոխեց այդ գոտի։ Մեր երկրում էլ, կառավարության որոշմամբ, պետք է առաջիկայում խաղատներն ու խաղասրահները գործեն Ջերմուկում, Ծաղկաձորում եւ Սեւանում: Ճգնաժամային պայմաններում, սակայն, այս հաստատությունների տերերը դեռ չեն շտապում իրենց բիզնեսը տեղափոխել հատուկ գոտիներ:
«Առավոտի» հետ զրույցում ֆինանսների նախարարության լիցենզավորման վարչության պետ Լեւոն Խալիկյանը հավաստիացրեց, որ խաղատների եւ խաղասրահների թիվը բավականին պակասել է: Նրա խոսքերով. «2008 թվականի ընթացքում ունեցել ենք 15 խաղատուն, 115 խաղասրահ, իսկ 2009-ին՝ 11 խաղատուն, 94 խաղասրահ»։ Նրա ներկայացմամբ, իրենց ստուգումների քանակությունն էլ է պակասել. «2008-ին իրականացվել է 59 ստուգում, որի ընթացքում ընդհանուր տուգանքը կազմել է 5 միլիոն դրամ, իսկ 2009-ին իրականացվել է 40 ստուգում եւ տուգանքի չափը կազմել է 23 միլիոն դրամ: Մեր ստուգումներն ավելի խիստ են դարձել, որի արդյունքում այս ոլորտն ավելի է զարգանում ու քաղաքակիրթ դառնում»:
Մեր այն հարցին, թե հատկապես ի՞նչ խախտումներ են հայտնաբերվում ստուգումների արդյունքում, պարոն Խալիկյանը պատասխանեց. «Շահումով խաղերի տոկոսն է հաճախ խախտված լինում, պետք է 86% շահում ապահովի այդ սարքը, սակայն ավելի քիչ է լինում: Մենք առաջարկել ենք, որ առաջիկայում շահումով խաղերի տոկոսները ստուգելուց հետո այդ սարքերը կապարակնքվեն: Սա դեռ իրավական ուժ չունի, բացի այդ, պետք է այն քննարկենք նաեւ խաղասրահների եւ խաղատների նորաստեղծ «Սֆինքս» ասոցիացիայի հետ: Առաջին անգամ, երբ մենք հանդիպեցինք ասոցիացիայի անդամների հետ, խաղասրահներից մեկի տնօրենն ասաց, որ եթե իմանա՝ իրեն չեն բռնի, ամեն ինչի ընդունակ է գումար աշխատելու համար: Բայց ես հիմա համարում եմ, որ մեր աշխատանքի շնորհիվ է, որ այդ հաստատությունների ղեկավարները սկսել են օրենքից վախենալ ու գիտեն, որ մենք աչալուրջ ենք»։ Մեր հարցին, թե ինչպե՞ս է նախարարության լիցենզավորման վարչությունը պայքարում, որպեսզի անչափահասները նման վայրեր չայցելեն, Լ. Խալիկյանը պատասխանեց. «Իր իմիջի մասին մտածող ոչ մի կազմակերպություն չի ցանկանա օրենք խախտել, դրանով նրանք հարվածում են իրենց իմիջին, նրանք անգամ խաղամոլության դեմ պայքարում են՝ բրոշյուրներ բաժանելու միջոցով: Բայց այլ կազմակերպություններում խախտումները հայտնաբերում ենք ստուգումների միջոցով։ Մենք մի քանի եղանակ ենք մտածել, որոնք քննարկել ենք արդեն ասոցիացիայի հետ։ Դրանցից մեկն այն է, որ ID քարտերի ձեռքբերումով մտնեն նման հաստատություններ, սակայն ելնելով մեր ազգային բարդույթներից, սա, ամենայն հավանականությամբ, չի կիրառվի, քանի որ շատերը չեն ցանկանում, որ որեւէ մեկը տեղյակ լինի իրենց խաղալու մասին։ Մյուս տարբերակն էլ այն է, որ մարդիկ գրանցվեն, նոր միայն մտնեն խաղատներ կամ խաղասրահներ: Սակայն պակաս էֆեկտիվ չեն մեր տեղում ստուգումները, քանի որ մենք առանց զգուշացման ենք այցելում նման հաստատություններ»:
Գովազդի մասին օրենքում խաղատների եւ խաղասրահների մասով սահմանափակումների կիրառումից հետո, բնականաբար, լիցենզավորման վարչության գործն ավելացել է: Մենք պարոն Խալիկյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե կկարողանա՞ վարչությունն էֆեկտիվ հսկողություն իրականացնել. «Մեր վարչության վրա ինչ խնդիր էլ դրվի, մենք կարող ենք իրականացնել։ Ինձ թվում է, որ մենք ապացուցել ենք, որ ոլորտը լավ գիտենք եւ կարող ենք այն կարգավորել։ Ես կարծում եմ, որ իսկապես պետք է սահմանափակում լինի, քանի որ մանկական հաղորդումները հովանավորող խաղասրահի կամ խաղատան նման գործելաոճը ուղղակի ծիծաղ է առաջացնում»: