Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՑԵԼ Է ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈԻՆԻՑ

Դեկտեմբեր 25,2009 00:00

Երրորդ անգամ հրավիրած շտապօգնության բժիշկները նոր միայն գլխի են ընկել, որ Հովհաննես Մուրադյանը «խոզի գրիպով» է հիվանդ, սակայն վիրուսն արդեն ախտահարած է եղել նրա թոքերը:

\"\"

Դեկտեմբերի 7-ին 27-ամյա Հովհաննես Մուրադյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է «խոզի գրիպից»՝ որբ թողնելով նորածին զույգ տղաներին: Հ. Մուրադյանի հարազատների պատմելով, «երեխաների քառասունքն անգամ չէր լրացել»: Հորից «խոզի գրիպի» վիրուսը փոխանցվել է նաեւ նորածիններին, սակայն, բարեբախտաբար, նրանց արագ բուժօգնություն է ցուցաբերվել եւ մանուկներն առողջացել են: Երբ Հովհաննեսին տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները հայտնել են, որ հիվանդի վիճակը շատ ծանր է: Հովհաննեսի քրոջ խոսքերով՝ իր եղբայրը մահացել է բժիշկների անիրազեկությունից, քանի որ ո՛չ պոլիկլինիկայի թերապեւտը, ո՛չ էլ երկու շտապօգնության բժիշկները գլխի չեն ընկել, որ Հովհաննեսի մոտ հենց այդ վիրուսն է: Մինչդեռ բարձր ջերմությունը, սրտխառնոցը, փսխումը եւ այլ ախտանիշներ պարզ վկայել են, որ Հովհաննեսը «խոզի գրիպ» է: Մեզ հետ զրույցում Հովհաննեսի քույրը պատմեց. «Առաջին անգամ, երբ եղբայրս իրեն վատ զգաց, դիմեցինք տեղամասի թերապեւտին: Իսկ բժիշկը մեզ վստահեցրեց, որ ոչ մի վտանգավոր բան չկա ու խորհուրդ տվեց ընդամենը ոտքերը տաք ջուրը դնել, մեջքին «պերցովկա» փակցնել՝ կանցնի: Վիճակը գնալով վատանում էր, ստիպված շտապօգնություն կանչեցինք, սրանք էլ ընդամենը անալգին-դիմեդրոլ ներարկեցին ու մի բան էլ մուննաթ եկան՝ եթե տանը սրսկող կար, էլ մեզ ինչո՞ւ եք իզուր կանչել: Քանի որ նրա վիճակը շատ վատ էր, ստիպված էլի շտապօգնություն կանչեցինք ու էլի չհասկացան, որ «խոզի գրիպ» է, սրտխառնոցի դեմ դեղ նշանակեցին ու գնացին: Մի քանի օր հետո, երբ եղբորս վիճակն ավելի բարդացավ, նորից շտապօգնություն կանչեցինք, այս անգամ երիտասարդ բժիշկ էր ու անմիջապես հասկացավ, որ անհապաղ պետք է հիվանդանոց տեղափոխել»:
Հիվանդանոցում հաստատել են, որ «խոզի գրիպ» է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
«Փաստորեն, եղբայրս բժիշկների անգիտությունից մահացավ, եթե մենք չէինք հասկանում, որ դա «խոզի գրիպ» է, բժիշկների դեպքում դա աններելի է: Ամեն օր հեռուստատեսությամբ հայտնում են՝ վախենալու բան չկա, բայց բժիշկները հիվանդանոցում հակագազով են ման գալիս, բա որ վախենալու բան չկա, ինչո՞ւ են իրենք այդքան վախեցած»,- ասաց մահացածի քույրը:
Ըստ նրա՝ բժիշկները բավարարվել են միայն տունը ախտահանելով, իսկ հարազատներին՝ Հովհաննեսի կնոջը, երեխաներին, մորը, քրոջը որեւէ հետազոտության չեն ենթարկել: Հարազատների այն պնդումներին, որ իրենք ամեն օր շփվել են հիվանդի հետ եւ ուզում են հետազոտվել, բժիշկները պատճառաբանել են՝ «Ձեր տունն արդեն ախտահանել ենք, ոչ մի վտանգավոր բան այլեւս չկա»: Հ. Մուրադյանի քրոջ պատմելով, մի կերպ բժիշկներին ստիպել են, որ գոնե փոքրիկներին հետազոտեն, որոնց անալիզներից պարզվել է, որ նրանք էլ են վարակված այդ վիրուսով:
Ըստ մահվան վկայականի, Հովհաննես Մուրադյանը մահացել է երկկողմանի ծանր տոտալ շճահեմոռագիկ թոքաբորբից: Հ. Մուրադյանի քրոջ պատմելով՝ բժիշկները պնդել են, որ մահացածին թաղեն ցինկի դագաղով ու դիակին մոտ չգնան. «Եթե դա վտանգավոր հիվանդություն չէ, ու, ինչպես իրենք են հերքում, թե եղբայրս «խոզի գրիպ» է, ինչո՞ւ էին մեզ պնդում տուն չտանել դիակը, կամ ցինկի դագաղով թաղել: Դիակին այնքան քլոր էին լցրել, որ հոտից խեղդվում էինք»:
Այս դեպքի առնչությամբ, «Առավոտի» հետ զրույցում հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը վստահեցրեց, որ ցանկացած գրիպ վտանգավոր է, այն մարդու օրգանիզմում առաջին հերթին զարգացնում է թոքաբորբ. «Ես իմ ամբողջ կյանքում վախեցել եմ գրիպից, որովհետեւ դա միակ հիվանդությունն է, որ ցանկացած օրգանի վրա բարդություն է տալիս: Մենինգիտից այդքան չեմ վախենում, որքան գրիպից»: Մեր հարցին, թե Հովհաննես Մուրադյանի մոտ իսկապե՞ս «խոզի գրիպ» է հայտնաբերվել, պարոն Ասոյանն ասաց. «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ նրա մոտ հաստատվել է գրիպ A, որի մեջ մտնում է H1N1, H1N3 եւ վիրուսի այլ տեսակներ: Երիտասարդի մոտ մենք դրել ենք գրիպ եւ դրանից զարգացած բարդություն՝ թոքաբորբ»:
Ինչ վերաբերում է մահացածին ցինկի դագաղով թաղելու հորդորին, գլխավոր վարակաբանը վստահեցրեց, որ գրիպի դեպքում նման միջոցառումներ չեն անում. «Նույն «խոզի գրիպը» կամ այլ գրիպը եթե օրգանիզմում առկա է, մարդու մահից հետո այդ վիրուսն էլ վերանում է»: Ըստ պարոն Ասոյանի, այս տարի Հայաստանում սեզոնային գրիպը «խոզի գրիպն» է՝ H1N1-ը:

Հ. Գ. Որքան էլ առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ H1N1 վիրուսից, այսինքն՝ «խոզի գրիպից» վախենալ պետք չէ, փաստ է, որ իրավիճակը գնալով բարդանում է: Ճիշտ կլիներ, որպեսզի ոլորտի պատասխանատուները մարդկանց խուճապի չմատնվելու կոչեր անելու փոխարեն, պատշաճ կազմակերպեին իրազեկելու գործընթացը: Որպեսզի մարդը անգամ մի փոքր կասկած ունենալու դեպքում անմիջապես դիմի բժշկի: Երբ հանրապետություն է ներկրվում պատվաստանյութի հերթական խմբաքանակը, ոլորտի պատասխանատուները իրազեկելու բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում են՝ դրանք սպառելու համար, հայկական շոու- բիզնեսի «աստղերի» մասնակցությամբ գովազդային պաստառներ են պատրաստում, հեռուստատեսությամբ հոլովակներ են ցուցադրում եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել