Երեկ տեղի է ունեցել կառավարության այս տարվա վերջին նիստը, որտեղ հաստատվել է կառավարության 2010-ի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ հանրապետական գործադիր մարմինների 2010-ի գերակա խնդիրները:
Ծրագրում ներառվել է 179 կետ, գերակա խնդիր է համարվել 80-ը։ Դրանցից են ժողովրդագրական ակտիվ քաղաքականության, կենսաթոշակային եւ բարձրագույն կրթության բարեփոխման, տարածքների համաչափ զարգացման ռազմավարությունների իրականացումը, ատոմային էներգետիկայի զարգացումը, տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանման ներուժի բացահայտման ռազմավարության ներդրումը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ելքի քաղաքականության ձեւակերպումը եւ այլն։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման նպատակով ստեղծվող «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ հիմնադիր պայմանագրին եւ կանոնադրությանը։ Դրանով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ավարտվում է այս նախաձեռնության իրավական փուլը եւ սկսվում գործնական աշխատանքի ժամանակաշրջանը։