Երեկ հրավիրված ասուլիսում «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԵ) ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը, ամփոփելով տարին, ներկայացրեց, թե որքան գումար է ծախսվել եւ ինչ աշխատանքներ են իրականացվել ընկերության ենթակառուցվածքի արդիականացման եւ շարժակազմի նորացման համար:
Նրա ներկայացմամբ, իրենք 95%-ով կատարել են հավատարմագրային պայմանագրով նախատեսված պարտավորությունները՝ ներդնելով ավելի քան 3 մլրդ 310 մլն ռուբլի: Շ. Շայդուլինի ներկայացմամբ, հաջորդ տարի ներդրումների ծավալը կմեծանա՝ կազմելով 4 մլրդ 833 մլն ռուբլի: Ընկերության գլխավոր տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ Ամանորի տոների կապակցությամբ, թե ուղեւորափոխադրումների եւ թե բեռնափոխադրումների ժամանակ կգործեն զեղչեր: Ուղեւորափոխադրումների դեպքում զեղչը կլինի 22% եւ կկիրառվի դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 10-ը: Շ. Շայդուլինը հավաստիացրեց նաեւ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման դեպքում՝ «Հարավկովկասյան երկաթուղին» տեխնիկապես լիովին պատրաստ է:
Անդրադառնալով 2010-ի գնացուցակին, գլխավոր տնօրենը նշեց, որ ընդհանուր առմամբ փոփոխություններ չեն նախատեսվում, ԱՊՀ երկրներ արտահանելիս փոխվել է գնի հաշվարկման գործակիցը՝ ավելանալով 0,77%-ով: