Երեկ Հայ ազգային կոնգրեսին անդամակցող Շիրակի մարզի ազատամարտիկները բաց նամակով դիմել են ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով «սթափվե՛ք հանուն մեր երկրի ու ժողովրդի անվտանգության, հանուն մեր երեխաների ու պետության ապահով ապագայի, գեթ մեկ անգամ ապացուցեք, որ ընդունակ եք հարգել երկրի օրենքները, մարդու իրավունքներն ու ազատությունները, որ ձեր գործը կարող է եւ համապատասխանել համագումարներում արտասանած ճառերին, որ այդ ամենը սոսկ ճամարտակություն չէ: Մի մոռացեք հանրահայտ ճշմարտությունը՝ կարելի է մի որոշ ժամանակ խաբել ժողովրդին, կարելի է մի ամբողջ ժամանակ խաբել ժողովրդի մի մասին, բայց անկարելի է ամբողջ ժամանակ խաբել ողջ ժողովրդին»: Նկատի ունենալով 2008թ. նախագահական կեղծված ընտրությունները եւ դրա դեմ ըմբոստացած «հայ ժողովրդի առավել ակտիվ մի զգալի հատվածի» նկատմամբ 2008թ.-ի մարտի 1-ին գործադրված «աննախադեպ բռնությունների՝ ջարդերի ու գնդակահարության» փաստը, որի արդյունքում «առնվազն 10 մարդ սպանվեց, 300-ից ավելին վիրավորվեցին, 150-ը տարատեսակ շինծու մեղադրանքներով հայտնվեց զնդաններում», ազատամարտիկները արձանագրել են, որ այս պահի դրությամբ էլ 15 քաղբանտարկյալներ դեռ անազատության մեջ են: Նկատի ունենալով դրա արդյունքում Հայաստանում ստեղծված ներքաղաքական շիկացած մթնոլորտն ու Հայաստանի առջեւ ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները՝ Կոնգրեսին անդամակցած ազատամարտիկները երկրում առկա վիճակի համար թիվ մեկ պատասխանատու Ս. Սարգսյանին խոհեմության եւ զգոնության կոչ են արել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել «բոլոր քաղբանտարկյալներին՝ մանավանդ հաշվի առնել նրանց ներդրումը մեր պետականության կայացման գործում, ովքեր իրենց կյանքն ու արյունը չեն խնայել ՀՀ սահմանների պաշտպանության, Արցախի ազատագրման ու անկախության համար» ու շեշտել, որ «օրինականության ու արդարության համար պայքարողներին բանտերում պահելով՝ դուք ողջ ժողովրդի մեջ կոտրում եք ազատության ու արդարության ոգին՝ դրանով իսկ անպաշտպան դարձնելով ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանը»: