Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» ղեկավարն էլ ամփոփեց տարին

Դեկտեմբեր 25,2009 00:00

Եվ չարձանագրեց դրական միտումներ ներքաղաքական կյանքում

Երեկ «Հայացք» ակումբում ամփոփելով 2009 թվականի ձեռքբերումներն ու ձախողումները՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ ավարտվող տարում անցկացված Երեւանի ավագանու ընտրություններին, եւս մեկ անգամ ընդգծելով, թե դրանց արդյունքում այդ կառույցում այժմ չկան ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք կարող էին պաշտպանել քաղաքացու շահերը. «Եվ «Ժառանգություն» խմբակցությունն ինչպես ստանում էր Երեւանի հետ կապված բազմաթիվ խնդիրների առնչվող հարցումներ, դիմումներ՝ նույն ձեւով շարունակում է ստանալ: Ու խորհրդարանական խմբակցության մակարդակում է այդ աշխատանքն իրականացվում, այն դեպքում՝ երբ որ դա պետք է արդեն ավագանու մակարդակով արվեր: Մինչդեռ, եթե ընդդիմությունը Երեւանի ավագանու ընտրություններում ճիշտ գործեր եւ լիներ միասնական, առնվազն բավականին մեծ տոկոսով ներկայացված կլիներ»:
Լրագրողների խնդրանքով Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ ՀՅԴ 119-ամյակի հանդիսության ընթացքում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթի այն հատվածին, որ թե՛ իշխանությունները եւ թե՛ ՀՀՇ-ական ընդդիմությունը «մտահոգ են, որ թույլ չտան իրենցով ձեւավորված երկու բեւեռներից դուրս որեւէ ինքնուրույն ուժ կայանա: Նրանք փորձում են իրենցով ղեկավարելի պահել ամբողջ քաղաքական դաշտը։ Եթե չի հաջողվում, փորձում են քարոզչական այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ մյուսները ակամա անեն այն, ինչ իրենք են ուզում, այլապես կպիտակավորվեն»: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը հաստատելով քարոզչական այդ մթնոլորտի մասին դիտարկումը՝ նաեւ ասաց. «Ընդհանրապես այն կարծիքին եմ, թե էական չէ՝ ով ինչ է ասում կամ ո՛ր ղեկավարն ինչ խոսքեր է ասում: Էականն այն է, թե ինչ ես անում: Ճիշտ է՝ խնդիր առաջանում է, երբ չես ունենում լրատվամիջոց քո արածը ներկայացնելու համար, կամ չարածը՝ ինչպես մեր իշխանությունները»:
Ի դեպ, իշխանությունների չարածի մասին. անդրադառնալով երկրում տնտեսական իրավիճակին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ճիշտն ասած, երբ դեռեւս 2008թ. վարչապետ նշանակեցին Տիգրան Սարգսյանին, մի փոքր հույս կար, որ ազատական մտածողության տեր անձնավորություն լինելով՝ հնարավոր է, որ փորձի ինչ-ինչ քայլեր իրականացնել։ Դժբախտաբար, այս տարիներին, հատկապես 2009-ին եւ հատկապես ՀՀԿ-ականացումից հետո վարչապետի ելույթից մենք տեսանք, որ այն ուղենիշները, որոնք նշված են կառավարության ծրագրում, ըստ էության, ընդամենը դեկլարատիվ բնույթ կրեցին։ Հատկապես 2010թ. պետական բյուջեի հետ կապված գործընթացները ցույց են տալիս, որ մեզ մոտ ոչ միայն քաղաքական դաշտի, այլեւ տնտեսության առումով եւս փորձում են կենտրոնացում իրականացնել։  Ցավով եմ նշում, բայց արդյոք սա՞ է վարչապետի պատկերացրած հայկական աշխարհը, որտեղ ընդդիմությունը տեղ չունի, եւ որտեղ ընդդիմությանը համակրող կամ այն քաղաքացիները, որոնք իրենց առաջարկները ներկայացրել են ընդդիմության միջոցով, արժանանում են պատժի։ Նմանատիպ գործելաոճը դրական որեւէ քայլի չի կարող բերել»:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ հայտնեց, որ 2010թ. առաջին եռամսյակում «Ժառանգություն» կուսակցությունը կհրավիրի համագումար, որի ժամանակ կանդրադառնան կուսակցության խնդիրներին, ինչպես նաեւ ներպետական եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել