Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐԳԱՀՅՈՒԹԵՐ՝ ԸՍՏ ՃԱՇԱԿԻ

Դեկտեմբեր 24,2009 00:00

Մրգահյութերն օրգանիզմի համար ունեն առողջարար ազդեցություն՝ լավացնում են մարսողությունը ու նյութափոխանակությունը, խթանում են մարսողական հյութերի արտազատումը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Յուրաքանչյուր մրգահյութ ազդում է օրգանիզմի վրա յուրովի: Դրանք ունեն տարբեր բուժիչ ու օգտակար հատկություններ: Այսպես. լեղամուղ են կաղամբի, պոմիդորի, գազարի, ծիրանի եւ դեղձի հյութերը: Միզամուղ են խաղողի, ձմերուկի, ծիրանի, տանձի հյութերը: Փորկապության դեպքում օգտակար են սալորի, ծիրանի, խաղողի, գազարի հյութերը: Փորլուծության  դեպքում՝ սերկեւիլի, նռան եւ հոնի հյութերը: Մրգահյութերը շատ արագ յուրացվում են օրգանիզմի կողմից: Երբեք մրգահյութերը մի խառնեք ալկոհոլի հետ. բոլոր օգտակար հատկությունները կվերանան: Պետք է  խմել  ուտելուց 30-40 րոպե առաջ, մարսողությունը լավացնելու համար: Ավելի մանրամասն՝ որոշ հյութերի մասին: Խաղողի հյութն ունի թարմացնող, միզամուղ, խորխաբեր, օրգանիզմը ամրապնդող հատկություն: Բարերար է ազդում սրտամկանի գործունեության վրա, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ գլյուկոզա: Խաղողի հյութը որոշ չափով իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ եւ  նորմալացնում արյան ճնշումը:
Ծիրանի հյութը պարունակում է մեծ քանակությամբ կալիում եւ երկաթ: Այն օգտակար է սրտի հիվանդությունների ժամանակ: Մեծ արժեք ունի նաեւ նրա մեջ գտնվող կարոտինը, որը լավացնում է մաշկի եւ մազերի նյութափոխանակությունը, դրական ազդում տեսողության վրա: Գազարի հյութը, բացի կարոտինից, պարունակում է նաեւ վիտամին PP, B2, C, E, ինչպես նաեւ երկաթ, կոբալտ, պղինձ: Լավացնում է տեսողությունը, նյութափոխանակությունը, արյունաստեղծումը:
Խնձորի հյութը ամրացնում է սրտանոթային համակարգը, վերականգնում ուժերը ծանր ֆիզիկական աշխատանքից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել