Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ

Դեկտեմբեր 24,2009 00:00

Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեցին ՀՀ նախագահի սահմանած «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» եւ «Լավագույն գյուղական մարզական համայնք» հանրապետական ստուգատեսների ու մարզական փառատոնի 2009թ. արդյունքները: Փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ տարին: Ինչպես ներկաներին տեղեկացրեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, մարզական փառատոնի շրջանակներում ընդգրկվել են մրցումներ՝ տարբեր մարզաձեւերից, ցուցադրական ելույթներ եւ մասսայական միջոցառումներ, իսկ մասնակիցների թիվը 2009-ին հասել է շուրջ 10 հազարի: Համեմատության համար նշենք, որ 2008-ին փառատոնի մասնակիցների թիվը 3000 էր:
2009 թվականի ՀՀ լավագույն քաղաքային մարզական համայնք ճանաչվեց Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը: Երկրորդը Սյունիքի մարզի Կապան քաղաքն էր, իսկ երրորդը՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքը: Աբովյանի քաղաքապետ Կ. Գուլոյանին հանձնվեց 1.5 մլն դրամ:
Լավագույն գյուղական համայնք ճանաչվեց Արագածոտնի մարզի Արագած համայնքը, որի հետագա մարզական հոգսերը հոգալու համար համայնքի ղեկավար Գ. Պողոսյանին հանձնվեց 1 մլն դրամ: Երկրորդ մրցանակը շնորհվեց Շիրակի մարզի Ազատան համայնքին, իսկ երրորդ մրցանակին արժանացավ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքը:
«Լավագույն մարզական բակ» մրցանակին արժանացավ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց փողոցի 48/2 բակը: Վարչական շրջանի ղեկավարին հանձնվեց 1.5 մլն դրամ: Երկրորդը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Կռունկ» համատիրության 1-ին թաղամասի բակն էր (1 մլն դրամ), իսկ երրորդը՝ Լոռու մարզի Վանաձորի Տարոն 4, Բելառուսական թաղամասի բակը (500 հազար դրամ): Ամփոփելով փառատոնի արդյունքները, լավագույն քաղաք ճանաչվեց Կապանը, երկրորդը՝ Էջմիածինը, իսկ երրորդը՝ Իջեւանը:
Մրցանակային տեղեր գրաված քաղաքները պարգեւատրվեցին գավաթներով ու խրախուսական հավաստագրերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել