Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1969թ.՝ որպես առանձին կրթական հաստատություն: Այն կարճ ժամանակահատվածում իր կայուն տեղն արդեն ուներ քաղաքի դպրոցների շարքում: 2000թ.-ից նախկին պոլիտեխնիկական տեխնիկումի լաբորատոր մասնաշենքում հանգրվանած կրթօջախը շենքային լուրջ խնդիրներ ունի: Նախորդ դարի 60-ականների քառահարկ այս շինությունը երբեք չի վերանորոգվել: «Միայն,- ինչպես գրված է Լոռու մարզից ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Վիկտոր Դալլաքյանին, Կարեն Սարիբեկյանին, Արկադի Համբարձումյանին, Սուրեն Պողոսյանին եւ Խաչիկ Հարությունյանին այս տարվա նոյեմբերի 3-ին հասցեագրված նամակում,- չգիտես ինչու, լաբորատոր մասնաշենքը պետբյուջեով փոքր-ինչ հարմարեցվեց, եւ 2000թ. դպրոցը տնակային պայմաններից տեղափոխվեց այդտեղ: Սրանով, սակայն, դպրոցի խնդիրները չեն սպառվում: Անձրեւային եղանակներին շենքի տակ ջուր է հավաքվում: Առաջին հարկի ծայրահեղ խոնավության պատճառով դասապրոցես կազմակերպել, մեղմ ասած, հնարավոր չէ: Շենքի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հարկերի 27 դասասենյակներից միայն 6-ն է արեւահայաց դիրքում, 21 դասասենյակներում գրեթե միշտ ցուրտ է, խիստ պակաս է նաեւ բնական լույսը»: «Օդի պես անհրաժեշտ լուծում պահանջող խնդիրը առաջին մասնաշենքի հիմնանորոգումն է, որը չնայած 10-ամյա վաղեմության խոստումներին, դեռ մնում է խարխուլ վիճակում,- ասում է տնօրեն Իվան Գոգչյանը,- եթե սա հիմնանորոգվի, հազար աշակերտով միահերթ լիարժեք դասապրոցես կարող է կազմակերպվել: Չնայած առկա բազում խնդիրներին, նյութատեխնիկական բազայի գրեթե դպրոցահասակ հնությանը, գործող մեկ ընդհանուր ֆիզիկայի եւ քիմիայի լաբորատորիային, հանդիսությունների սրահի եւ գրադարանի անհրաժեշտ տարածքի բացակայությանը, այս դպրոցի հաջողությունները չնկատել՝ պարզապես հնարավոր չէ: Վերջին երկու տարիներին հայոց լեզու, հայոց պատմություն, ռուսաց լեզու առարկաներից, առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլից դպրոցի աշակերտները կրթօջախ են բերել 6 մրցանակ: Դպրոցը հագեցած ռազմագիտության եւ տնարարության կաբինետներ ունի (ի դեպ՝ վերջինը, ցավոք, ոչ բոլոր դպրոցներին է հատուկ)»: «Ամեն տարի մեր շրջանավարտներից 2-3-ը ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ»,- հպարտությամբ է նշում տնօրեն Իվան Գոգչյանը՝ հավելելով, որ 2002թ.-ին վերանորոգվել է սպորտդահլիճը: Դպրոցամերձ եւ կրթօջախապատկան հսկայական տարածքն էլ ցանկապատման կարիք ունի: «Եթե լուծվի ցանկապատի հարցը, ես ուսուցչական կոլեկտիվի եւ աշակերտների հետ միասին սեփական ուժերով կբարեկարգեմ ամբողջ տարածքը՝ դարձնելով այն օազիս՝ շրջապատող ամայության մեջ»,- վստահեցնում է տնօրենը:
Ի դեպ, այս տարի դպրոցում երեք հոբելյան կա՝ տնօրեն, բանաստեղծ Իվան Գոգչյանի 55, կրթօջախի 40 եւ այստեղ գործող ասմունքի խմբակի 30 ամյակները: