Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ղազանչյանը՝ կրկին նախագահ

Դեկտեմբեր 24,2009 00:00

ՀԹԳՄ համագումարում բռնկումներ առանձնապես չեղան

Երեկ Համազգային թատրոնում կայացած Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) հերթական համագումարը միաձայն միության նախագահ վերընտրեց Հակոբ Ղազանչյանին: Ոչ ոք «դեմ» կամ «ձեռնպահ» չքվեարկեց:
Դրանից առաջ Հ. Ղազանչյանը ամփոփեց հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքը՝  407 ներկայացում, 57 թատերական տեսաֆիլմ եւ 202 այլ միջոցառումներ: Նա  իր ելույթում անդրադարձավ թատրոնի մարդկանց ցածր աշխատավարձերին եւ երիտասարդներին. «Ժամանակները բավական վտանգավոր են թատրոնի ապագայի համար՝ չկան բարձր աշխատավարձերը ու ֆինանսական փոխհատուցումները, որոնք կկապեին երիտասարդ սերնդին թատրոնի հետ»: Ղազանչյանը փաստեց, որ եթե նախորդ տարիներին կար մտահոգություն, թե թատերական կյանքում բացակայում են նոր անունները, այժմ 10-12 ինքնատիպ  մտածողությամբ երիտասարդ ռեժիսոր հաստատ կա, իսկ դա «լուրջ պաշար է՝ թատրոնի վաղվա օրվա համար»: ՀԹԳՄ նախագահը խոսեց մարզային թատրոնների մասին,  նկատեց, որ սոսկալի վիճակում է հատկապես Ստեփանակերտի թատրոնը. «Ես չեմ խոսում ստեղծագործական խնդիրների մասին, պարզապես կկրկնեմ Ստանիսլավսկու խոսքերը՝ թատրոնը սկսվում է հանդերձարանից: Ամոթից գետինը կարելի է մտնել՝ Ստեփանակերտի թատրոն այցելելիս: Այն միլիարդավոր ներդրումներից, որ արվեցին Ստեփանակերտի վրա, կարելի էր գոնե մի փոքր մաս հատկացնել թատրոնին»: Իր ելույթում բանախոսը նաեւ հավաստիացրեց, որ չնայած ճգնաժամային դժվարություններին, ոչ մի թատերական գործիչ չի ազատվել աշխատանքից, փոխարենը. «Թատրոն» թերթի հրատարակությունը ժամանակավորապես կասեցվել է, եղել են դեպքեր, երբ թատրոնները մեզ են դիմել ինչ-որ հարցերով ու մենք չենք կարողացել աջակցել, կան հարցեր էլ, որոնք դեռ ձգձգվում են»: Պարոն Ղազանչյանը կոչ արեց միության բոլոր գործիչներին՝ աչք չփակել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տիրող իրավիճակի վրա. «Պետք է աշխատենք, որ շուտափույթ լուծվի գեղարվեստական ղեկավարի ընտրության հարցը, որովհետեւ գեղխորհուրդը չի կարող իր ուսերին տանել այն ծանրությունը, ինչ ի վիճակի է գեղարվեստական ղեկավարը: Հանցագործություն է այս մասին լռելը»: Դերասան Մուրադ Ջանիբեկյանը կարծիք հայտնեց, որ իրենց թատրոնը այդքան էլ անելանելի վիճակում չէ, ինչ վերաբերում է գեղարվեստական ղեկավարին, Մայր թատրոնը նախ ինքը պետք է իր ներսում որոշի:
Դերասան Ազատ Գասպարյանն էլ ՀԹԳՄ նախագահից փորձեց պարզել՝ կգա՞ մի օր, երբ միության նախագահը կամ վարչության  անդամները կկարողանան պաշտպանել թատերական գործիչներին՝ հատկապես մամուլում հնչող վիրավորանքներից: Այս առիթով ներկաների շրջանում աժիոտաժ առաջացավ, սակայն համագումարը վարող Հրաչյա Գասպարյանը խնդրեց բանավեճ չսարքել:  Հ. Ղազանչյանն էլ հավելեց. «Լավ կլինի՝ մեր նյարդերն ու առողջությունը ծախսենք ավելի կարեւոր գործերի վրա»:
Ռեժիսոր Արմեն Էլբակյանը համագումարում հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր ինքը ցանկանում էր Թատերական գործիչների միության նախագահ դառնալ ու հանդես եկավ  գործող նախագահի թեկնածության պաշտպանությամբ: Նա մի ցավոտ խնդիր էլ բարձրացրեց. «Մեզանից պահանջում են Փիտեր Բրուքի աշխատանքը, բայց  այնպիսի հոնորար են վճարում, որ փողոցով քայլելիս ամաչում ենք»: Չնայած այս վիճակին, պարոն Էլբակյանը նշեց, որ վերջին շրջանում թատերական կյանքը «բում» է ապրում. «Քաղաքի կենտրոնական փողոցներով, շուրջբոլորը մշակութային ազդագրեր են, ու չենք հասցնում հասկանալ, ե՞րբ է այս ամենը տեղի ունենում… Մյուս կողմից էլ, ամեն ինչ մի տեսակ բազմերանգ է, պիտի պայքարել անճաշակության եւ թատրոնների դեմ ուղղված տոտալիտար ագրեսիայի դեմ: Մեկ-մեկ այնպիսի բաներ են անում ու ցույց տալիս, որ զարմանում ենք՝ յարաբ հայ մարդը ինչքա՜ն կարող է աբուռը կորցնել»:
Ա. Էլբակյանը նաեւ առաջարկեց, որ թատերական գործիչներին հնարավորություն տան այլ թատրոնների ներկայացումները դիտելու, ընդ որում՝ ոչ թե տոմս գնելով, այլ հրավիրատոմսով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել