Բանաստեղծ Վահե Արսենի կարծիքով, հարկ է զարմացնել գեղեցիկ խոսքով եւ հրաժարվել ժարգոններից
Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենի ձեռքին է իր «Կանաչ աստվածների վերադարձը» ժողովածուի հոլանդերեն թարգմանության ազդ-օրինակը, թարգմանիչն է Աննա Հաննեկե-Մարտիրոսյանը: Արդեն պատրաստ է նաեւ հեղինակի երրորդ գիրքը, որը Վահեն կհրատարակի սեփական միջոցներով: Բանաստեղծն ասում է, որ հատուկ չի ջանում գրելիս, ստեղծագործում է դեպքից դեպք, կոնկրետ ժամ չունի: Եթե նախորդ գրքերում, իր խոսքով, ամուր կպած էր կյանքին եւ սոցիալական իրականությանը, ապա նոր հրատարակվելիք գրքում՝ «գոյաբանությունն է, իռացիոնալ դաշտը՝ առաջին պլանում»:
Վահե Արսենին հարցրինք՝ հե՞շտ է մեր օրերում ստեղծագործելը, այն դեպքում, երբ նախապատվությունը տրվում է նյութին եւ ոչ թե հոգեւորին:
«Ստեղծագործելը միշտ էլ ե՛ւ հեշտ է, ե՛ւ դժվար, այն մեծ էներգիա է տանում քեզանից: Եթե ճշմարիտ արվեստին ես նվիրված, ստեղծագործական պրոցեսը վերածվում է յուրօրինակ ինքնախոշտանգման: Օրինակ, Ռեմբոն ասում էր՝ ես նա եմ՝ ով տառապել է, եւ նա եմ՝ ով ապստամբում է: Այսօր՝ գլոբալացման խառը ժամանակներում, իհարկե, դժվար է ձոներ գրելը, երբ տարատեսակ հիվանդություններ են մարդուն սպառնում, վախերը խուժում են մեր կենցաղ: Այսօր մի տեսակ վերածվել ենք շեքսպիրյան հերոսների, ու յուրաքանչյուրն իր մեջ զգում է Համլետի՝ գլոբալ ապրել-չապրելու խնդիրը: Մարդը փոխվում է. ամեն օր մահը կարծես շքամուտքում մեզ է սպասում: Անընդհատ հեռուստացույցով մեզ ի՞նչ են ներարկում՝ մահ. ինքնաթիռ պայթեց, այսքան մարդ զոհվեց, ավտոբուսը վթարի ենթարկվեց, «խոզի գրիպից» մարդիկ մահացան… Այս ամենին գումարվում են նաեւ տխեղծագույն գովազդները: Մի խոսքով, մարդը ֆանտաստիկ ճնշումների է ենթարկվում: Գրողն ինքն էլ այդ ամենը ապրում է եւ չի կարող մի կողմ քաշվել հասարակական պրոցեսներից: Մյուս կողմից էլ, արվեստի ուղին հենց փրկության ուղին է, որովհետեւ, երբ ինքնախոշտանգումը հանձնում ես թղթին, կտավին՝ այն լույս է բերում»,- պատասխանեց Վահեն:
Արդյո՞ք ամեն քայլափոխի արվեստագետին հետապնդող տագնապներն են պատճառը, որ ոմանք իրենց ստեղծագործություններում հայհոյում են: «Հայհոյանքը կարելի է դիտարկել իբրեւ ըմբոստության ձեւ, բայց կարծում եմ՝ դրա ժամանակը վաղուց անցել է: Ինչպե՞ս կարող ես մարդկանց զարմացնել մի բանով, որ բոլորն անում են՝ ամենացածր խավից սկսած: Այսօր կարելի է զարմացնել միայն գրագետ խոսքով: Արվեստագետը գործ ունի լեզվի հետ, նա չի կարող ունենալ աղքատ լեզու եւ ստեղծել հարուստ գրականություն: Առանց այն էլ TV-ները մեզ հրամցնում են բոլոր ժարգոններն իրար խառնած՝ բանվորական, քրեական… Զարմանում ես՝ սցենարիստ չկա՞, ռեժիսոր չկա՞… Մարդը հակված է վատին, բայց նաեւ ներքին ձգտում կա դեպի լույսը: Երբ արտաքին աշխարհում գազանային բնազդը սաստկանում է, հեռուստատեսությամբ եւ ընդհանրապես ԶԼՄ-ներով, դու պիտի այնպես անես, որ գազանին մարդացնես, թե չէ ողջ օրը հեռուստատեսությամբ իրար սպանում են կեղծ լրջությամբ, կեղծ ճշմարտության արտահայտությամբ, հետո էլ զարմանում ենք, թե ինչու երիտասարդությունը հետաքրքրված չէ բարձր արվեստով… Ի՞նչ է՝ ով գումար եւ լծակներ ունի՝ կարող է ցո՞ւյց տալ սրտի ուզածը: Խոսքը նրա մասին չէ, թե իրականությունը պետք չէ ներկայացնել, ուղղակի երեւույթի մատուցման խնդիր կա: Բացասական երեւույթը այնպես պետք է մատուցվի, որ երիտասարդը չուզենա դառնալ այդպիսին»: Բնականաբար, անդրադարձ եղավ հերոսի փնտրտուքին: «Առավոտի» այն դիտարկմանը, թե հերոս չկա, դրա համար էլ քրեականն է իդեալականացվում, Վահե Արսենը պատասխանեց. «Հերոսը արցախյան ազատամարտիկն է, այն մարդիկ, որոնք ստեղծագործում էին դժվար տարիներին, հերոս է ժողովուրդը, նա՝ ով կարողանում է ամեն ինչին դիմակայել եւ արդարություն է որոնում»:
Քանի որ առաջիկայում Ամանոր է, Վահեն նաեւ տոնի խորհրդին անդրադարձավ. «Նոր տարին մարդկանց համար մեծ խորհուրդ ունի: Այն անմիջականորեն կապված է Քրիստոսի հետ՝ սեր է, մաքրություն, լույս: Հուսանք, որ մարդիկ գալիք տարում կփորձեն ավելի մոտենալ արվեստի դաշտին ու զգալ նրա լիցքը… Ես հեռու եմ կրոնաբանությունից, բայց հատուկ ուզում եմ շեշտել, որ արվեստը գերագույն ուժն է, Քրիստոսը՝ մեծագույն բանաստեղծը, որովհետեւ խոսում է արվեստի լեզվով… Ընդունված խոսք կա՝ գեղեցիկը կփրկի աշխարհը: Ես ասում եմ՝ բարին կփրկի աշխարհը: Պիտի անընդհատ խրախուսվի բարին, առաջնությունը տրվի բարուն, ու որոշ ժամանակ անց կտեսնենք, որ Հայաստանում էլ մարդիկ փողոցում հանդիպելիս իրար ժպտում են»: