Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ՀՈՒԶՈՒՄՆԵՐԻ ԱԼԻՔ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ

Դեկտեմբեր 24,2009 00:00

Երեկ Իրանի մի քանի քաղաքներում՝ մասնավորապես Սպահանում եւ Նաջաբադում, բախումներ են եղել երկրում բարեփոխումներ իրականացնելու կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ: Reuters-ը, հղում անելով իրանական «Jaras» ընդդիմադիր կայքին, փոխանցում է, որ ցուցարարներից շատերը բախումների արդյունքում վնասվածքներ են ստացել: «Իրավապահ մարմինները կռվի են բռնվել բարեփոխումների կողմնակից ցուցարարների հետ, որոնք հավաքվել էին հարգելու այաթոլա Հոսեին-Ալի Մոնթազերիի հիշատակը: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, շատերը վիրավոր են, ոմանք ձերբակալվել են»,- Սպահանում տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդել է իրանական կայքը: Ոստիկանության քաղաքացիական հագուստներով գործակալները նաեւ շրջափակել են երկրում ռեֆորմների կողմնակից հոգեւոր առաջնորդ այաթոլա Ջալալեդդին Թահերիի տունը:
Կայքի տեղեկություններով, իրավապահները ձերբակալել են 50 ցուցարարների, այդ թվում՝ 4 լրագրողի: Իսկ Նաջաբադում հուզումները սկսվել են դեռ երեքշաբթի գիշեր եւ երեկ էլ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումները շարունակվել են: «Քաղաքում իրավիճակը գնալով լարվում է, մարդիկ հակակառավարական կարգախոսներ են վանկարկում»,- փոխանցել է ընդդիմադիր կայքը: Reuters-ի մատուցմամբ, հուզումների մասին հիշյալ տեղեկությունները սեփական աղբյուրների միջոցով ճշտելն անհնար է, քանի որ Իրանում օտարերկրյա ԶԼՄ-ներին արգելված է լուսաբանել բողոքի ակցիաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել