Պակիստանի Լախոր քաղաքի դատարանը Շերա Մոհամմադին եւ Ամանաթին դատապարտել է ցմահ բանտարկության, բայց դատավորն այդ պատիժը համարել է ոչ այնքան խիստ եւ որոշում է կայացրել կտրել ամբաստանվողների ականջներն ու պոկել ռունգերը: BBC-ի փոխանցմամբ, եղբայրները մեղավոր են ճանաչվել այն բանում, որ այս տարվա սեպտեմբերին առեւանգել են իրենց 20-ամյա զարմուհուն՝ Ֆազիլատ Բիբիին, եւ այն բանից հետո, երբ աղջիկը հրաժարվել է ամուսնանալ եղբայրներից մեկի հետ, անարգել են նրան, ապա պարանը գցել են վիզը եւ կտրել նրա քիթն ու ականջները: Մեղադրող Էհտիշամ Կադիրի կարծիքով, դատարանի կայացրած վճիռը միանգամայն համապատասխանում է իսլամի «ակն ընդ ական» սկզբունքին, եւ դատապարտվածները պետք է իրենց մաշկի վրա զգան այն, ինչ զգացել է նրանց զարմուհին:
BBC-ին փոխանցում է, որ այսպիսի վճիռներ այդ երկրում շատ հազվադեպ են կայացվել՝ միայն ծայրահեղ դեպքերում, իսկ կայացվածներն էլ երբեք չեն իրականացվել եւ չեղյալ են համարվել վճիռների բողոքարկումներից հետո: