Գտնվել է՝ դեռ երկուշաբթի օրը Ֆլորենսիայում գտնվող իր սեփական տնից զինվորական համազգեստներով եւ զինված մարդկանց կողմից առեւանգված Կոլումբիայի հարավային գավառի՝ Կոկուետայի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Կուելյարի դին: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել են կոլումբիական իշխանությունները: Նահանգապետի դին՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով, հայտնաբերվել է մի քանի ժամ անց՝ այն բանից հետո, երբ Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեն հայտարարել է, թե պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցառումները նահանգապետին արագ ազատելու համար: Սպանված նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիսիա Վեգան ու նաեւ երկրի իշխանությունները կասկած չունեն, որ Կուելյարի սպանությունը ձախակողմյան ապստամբ գրոհայինների ՖԱՐԿ շարժման ձեռքի գործն է, թեեւ շարժումը չի ստանձել տեղի ունեցածի պատասխանատվությունը: Դատաբժշկական փորձագետների փոխանցմամբ, նահանգապետը սպանվել է առեւանգվելուց քիչ անց, ինչը քննիչներին թույլ է տվել եզրակացնելու, որ առեւանգողները մտադիր չեն էլ եղել բանակցություններ վարել երկրի իշխանությունների հետ՝ նրա համար փրկագին պահանջելու նպատակով, այլ ավելի շուտ վախի մթնոլորտ ստեղծելու ակցիա են իրականացրել: Աղբյուրի փոխանցմամբ, նահանգապետի դիակին նաեւ պայթուցիկ սարք է ամրացված եղել, բայց, բարեբախտաբար, այն վնասազերծվել է:
Associated Press- մատուցմամբ, Կուելյարին վերջին 23 տարիների ընթացքում չորս անգամ արդեն առեւանգել եւ պատանդ են պահել 4-ից մինչեւ 7 ամիս եւ ազատ են արձակել փրկագին ստանալուց հետո: Հիշեցնենք, որ Կոլումբիայի պաշտոնական իշխանությունների եւ ապստամբների դիմակայությունը շարունակվում է 1960թ.-ից ի վեր: Երկրի հարավային շրջաններն արդեն երկար տարիներ գտնվում են ՖԱՐԿ շարժման վերահսկողության տակ: Հայտնի է, որ մինչ օրս էլ ՖԱՐԿ-ը պատանդ է պահում ամենաքիչը 20 բարձրաստիճան պաշտոնյաների: