Վրաստանում խորհրդարանական ընդդիմությունը, որը վրդովված է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի Թուրքիա կատարելիք այցի առնչությամբ, պահանջում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի առաջնորդների նկատմամբ՝ որպես ռազմական հանցագործներ, միջազգային հետախուզում հայտարարել: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայայի կարծիքով, միայն այդկերպ է հնարավոր կանխել «անջատողականների կողմից միջազգային կապեր հաստատելու ուղղությամբ ծավալվող գործընթացը»: Մինչդեռ Աբխազիայում՝ Թբիլիսիում հնչած այդ նախաձեռնությանը նշանակություն չեն տալիս՝ ասելով, որ Բագապշի այցը, այդուամենայնիվ, կայանալու է: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում հայտարարել է Աբխազիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը:
Միաժամանակ, տեղեկանալով Աբխազիայի նախագահի Թուրքիա կատարելիք այցի մասին, Վրաստանի ԱԳՆ-ն կանչել է Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Էրթան Թոզգորին՝ «Բագապշի Անկարա կատարելիք հնարավոր այցի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը ճշտելու համար»: Միաժամանակ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանթաձեն հույս է հայտնել, որ Բագապշի այցը «բոլոր դեպքերում պաշտոնական բնույթ չի կրի»: Newsru.com-ի մատուցմամբ, պաշտոնական Թբիլիսին մտահոգված է այդ հնարավոր այցելությամբ՝ հատկապես այն պատճառով, որ վերջերս տեղեկություններ էին հրապարակվել Անկարայի եւ Մոսկվայի միջեւ, իբր, ընթացող գաղտնի բանակցությունների մասին: Ըստ այդ տեղեկությունների, թուրքական կողմը, իբր, Ռուսաստանին առաջարկել է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը՝ Թուրքիայի կողմից վրացական նախկին ինքնավար հանրապետությունների անկախությունը ճանաչելու դիմաց: